Հնագիտական ընկերություններ

Հնագիտական ընկերություններ, գիտական հասարակական կազմակերպություններ, որոնց նպատակն է նյութական մշակույթի հուշարձանների ուսումնասիրությունն ու պահպանությունը։ Առաջին հնագիտական ընկերությունները ստեղծվել են XVI դարում (Անգլիա, Իտալիա), առավել տարածվել են XIX-XX դարերում։ Դրանցից շատերը վերածվել են կանոնավոր կերպով պեղումներ կատարող, անցյալի հուշարձանները պահպանող ու վերականգնող և աշխատանքների արդյունքները հատուկ հրատարակություններում հրապարակող հետազոտական կարևոր կազմակերպությունների։

Կարևոր հնագիտական ընկերություններից են Լոնդոնի հնահավաքների ընկերությունը (1707), Բրիտանական դրամագիտական ընկերությունը (1903), Բրյուսելի (Բելգիա) հնագիտական ընկերությունը (1887), հնագիտության, պատմության, նուրբ արվեստների և դրամագիտությաև հունգարական ընկերությունը, Աթենքի հնագիտական ընկերությունը (1837), Հյուսիսի հնագիտության ընկերությունը (Կոպենհագեն, 1825), Գերմանական արևելյան ընկերությունը (Բեռլին, 1898), Հռոմի հնագիտական ընկերությունը (1902), Հնությունների թագավորական ընկերությունը (Ամստերդամ, 1858)։ Խոշոր հնագիտական ընկերություններ են գործում նաև Ֆրանսիայում, Նիդերլանդիայում, Նորվեգիայում, ԵԱՀ-ում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ֆինլանդիայում, Բուլղարիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ճապոնիայում։

Հայաստանում այդպիսիք են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը, Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչությունը, Հայաստանի պատմության թանգարանը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 459