Հնաբուսաբանությունը (անգլ.՝ archaeobotany կամ palaeoethnobotany) գիտություն է անցյալ դարաշրջանների մարդու գործունեության հետ առնչվող բույսերի մասին։ Ի տարբերություն հնէաբուսաբանության (անգլ. palaeobotany), որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում բոլոր անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բույսերը և որի մի ճյուղն է հանդիսանում հնաբուսաբանությունը, ժամանակագրորեն վերջինիս հետազոտության ոլորտն ընդգրկում է միայն չորրորդական ժամանակաշրջանը։ Հնաբուսաբանության հիմնական ճյուղերն են հնապտղասերմնաբանությունը (archaeocarpology), հնափայտաբանությունը (anthracology) և հնափոշեհատիկաբանությունը (archaeopalynology)։ Հնապտղասերմնաբանությունը ուսումնասիրում է մարդու հետ առնչություն ունեցած անցյալ դարաշրջանների պտուղները, սերմերը և այլ դիասպորներ։ Հնափայտաբանության ուսումնասիրության օբյեկտներն են ածխացած, ջրազրկված, հանքայնացած և այլ վիճակներում գտնվող փայտի մնացորդները և բույսերի այլ փոխադրող հյուսվածքների մնացորդները՝ որպես կանոն հայտնաբերված հնավայրերից։ Հնափոշեհատիկաբանությունը ուսումնասիրում է հնավայրերի տարբեր իրավիճակներից հայտնաբերված փոշեհատիկները՝ ծաղկափոշին, սպորները և այլն։ Հնաբուսաբանության առաջնահերթ խնդիրն է կատարել անցյալ դարաշրջանների մարդկանց կյանքում բույսերի դերի և նշանակության վերաբերյալ վերլուծություններ, ինչպես նաև բույսերի միջոցով տեղեկություն ստանալ անցյալի մարդկանց միջավայրի վերաբերյալ։ Անցյալ դարաշրջանների մարդկանց բուսական տնտեսության՝ բուսաբուծության, հավաքչության, բուսական սննդի, բույսերի հետ առնչվող ծիսակարգերի և պաշտամունքների, և միջավայրի՝ բուսական ծածկի մասին տվյալներ ստանալու հիմնական միջոցը հնաբուսաբանական ուսումնասիրություններն են։

Աղբյուրներ խմբագրել

  • Հովսեփյան Ռ.Ա. 2009. Դաշտային մշակաբույսերը և տարածված մոլախոտերը Հայաստանի տարածքում նոր քարի – երկաթի դարաշրջաններում։ Ատենախոսություն Զ.01.02՝ “Բուսաբուծություն” մասնագիտությամբ կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման համար։ ՀՀ ԳՆ Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն։ Գիտ. ղեկ.՝ Հ.Վ. Հովսեփյան, Երևան, 152 էջ։