Հյուսվածքաբանություն, հիստոլոգիան (հուն. histos՝ հյուսվածք, logos՝ գիտություն) գիտություն է հյուսվածքների մասին, սակայն այն ուսումնասիրում է նաև բջիջը և օրգանների հյուսվածքաբանական կառուցվածքը։ Հիստոլոգիա տերմինն առաջարկել է գերմանացի գիտնական Կ. Մեյերը 1819 թվականին։ Հյուսվածքաբանության խնդիրներն են՝ բացահայտել հյուսվածքների էվոլյուցիան, օրգանիզմում դրանց զարգացումը (հիստոգենեզ), մասնագիտացված բջիջների փոխազդեցությունը, հյուսվածքային կառույցների վերականգնումը, դրանք կարգավորող մեխանիզմները, որոնք ապահովում են հյուսվածքների ամբողջականությունն ու համատեղ գործունեությունը։

Նյարդային հյուսվածք

Հյուսվածքաբանությունը սերտորեն շաղկապված է բջջաբանության, սաղմնաբանության, անատոմիայի և ֆիզիոլոգիայի հետ։ Առաձնացվում են ընդհանուր և տեղային հյուսվածքաբանություն հասկացությունները։

Հյուսվածքաբանություն առարկա խմբագրել

Համառոտ պատմական ակնարկ խմբագրել

Ընդհանուր հյուսվածքաբանությունը զբաղվում է հյուսվածքների զարգացման, կազմության և ֆունկցիաների հիմնական սկզբունքների ուսումնասիրությամբ, իսկ տեղային հյուսվածքաբանությունը` պարզաբանում է բազմաբջիջ կենդանիների և մարդու օրգանների կազմի մեջ մտնող հյուսվածքային համալիրների հատկությունները։ Հյուսվածքաբանությանը բնորոշ է հետազոտման մանրադիտակային մեթոդը։

Հյուսվածքաբանությունը որպես առանձին գիտություն առանձնացվել է 19-րդ դարում 20-ականներին։ Սակայն դեռ վաղուց նշվել է, որ կենդանիների օրգանները կազմված են տարբեր բաղադրամասերից, որոնք միմյանցից տարբերվում են ամրությամբ և գույնով։ Նշված փաստերից ելնելով Արիստոտելը (մ.թ.ա. 4 դարում) օրգանների կազմության մեջ առանձնացնում էր ՙմիատարր մասեր՚, որոնց դասակարգումը հարյուրամյակների ընթացքում բազմիցս վերարտադրվել է բազմաթիվ գիտնականների կողմից։ 18-րդ դարում մանրադիտակի գյուտը անմիջապես չավելացրեց օրգանների նուրբ կառուցվածքի մասին գիտելիքները։ Հոլանդացի օպտիկ Լևենհուկը կատարելագործեց մանրադիտակը, նկարագրեց էրիթրոցիտները, դրանց շարժումը մազանոթների մեջ, հայտնագործեց կմախքային և սրտի մկանաթելերի միջաձիգ զոլավորությունը, նյարդային և ջլային թելիկները։ Սակայն նույնիսկ 19-րդ դարում սկզբին հյուսվածքների մասին պատկերացումները հիմնվում էին անզեն աչքով տեսանելի տվյալների վրա։ Հյուսվածքաբանության ՙմակրոսկոպիկ՚ ժամանակաշրջանն ավարտվեց ֆրանսացի անատոմ և ֆիզիոլոգ Մ. Բիշայի հիմնարար աշխատությամբ։ Օրգանների մասերը նշելու համար նա առաջինը օգտագործեց ՙհյուսվածք՚ տերմինը։ Չեխական գիտնական Յա. Պուրկինեի և գերմանացի գիտնական Յ. Մյուլլերի դպրոցները մեծ դեր խաղացին մանրադիտակը կատարելագործման և պատրաստուկների պատրաստման ձևերի զարգացման գործում։ Կուտակված գիտական փաստերի հիման վրա Թ. Շվանը հիմնավորեց ու ձևակերպեց բջջային տեսությունը (1839)։ Ֆ. Լեյդիգը (1853) և Ա. Քյոլիկերը (1855) տվեցին հյուսվածքների ռացիոնալ դասակարգումը, որը ընդհանուր գծերով պահպանվել է մինչ այժմ։ Հյուսվածքաբանության բնագավառում կարևոր տվյալներ ստացվեցին 19-րդ դարում 2-րդ կեսին և 20-րդ դարում սկզբին` միտոզի նկարագրությունը, միտոքոնդրիումների, Գոլջիի կոմպլեքսի բացահայտումը և ուսումնասիրությունը։ Ն. Յակուբովիչը, ապա՝ Ֆ. Օվսյաննիկովը ուսումնասիրեցին գլխուղեղի մանրադիտակային կառուցվածքը, կենտրոնական նյարդային համակարգի զգայական և շարժիչ նեյրոնները։ Հյուսվածքաբանության զարգացումը կապված է նաև Ա. Բաբուխինի, Մ. Լավանդովսկու, Ա. Դոգելի, Կ. Արնշտեյնի անունների հետ։ Հյուսվածքաբանության հարցերով սկսեցին զբաղվել նաև բժշկական ինստիտուտները, ուր ստեղծվեցին Ա. Զավարզինի, Ն. Խլոպինի, Բ. Լավրենտևի դպրոցները։

Էլեկտրոնային մանրադիտակի շնորհիվ հնարավոր դարձավ բացահայտել հյուսվածքների բջիջների ենթամանրադիտակային կառուցվածքը, միմյանց և միջբջջային բաղադրամասերի հետ ունեցած դրանց սերտ հարաբերությունները։ Ավտոռադիոգրաֆիական (ինքնաճառագայթագրական) մեթոդով հետազոտում են բջջային պոպուլյացիաների կինետիկան, հիստոգենեզը, հյուսվածքների նյութափոխանակության ակտիվությունը։ Էապես կատարելագործվել են հետազոտությունների հյուսվածքաքիմիական մեթոդները, որոնց միջոցով արժեքավոր տվյալներ են ստացվել հյուսվածքների զարգացման, գործունեության և ախտաբանության վերաբերյալ։

Որպես գիտություն հյուսվածքաբանությունը Հայաստանում սկսել է զարգանալ 20-րդ դարում 20-ականներից՝ Երևանի Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի հյուսվածքաբանության ամբիոնի կազմակերպման հետ մեկտեղ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 455