Հիպնոպեդիա (հին հունարեն՝ ὕπνος-քուն և παιδεία-ուսուցում, դաստիարակություն), ուսուցում բնական քնի ժամանակ։

Հիպնոսի կամ արհեստական քնի (էլեկտրաքուն, դեղորայքային քուն) ընթացքում գիտելիքներ ձեռք բերելը հիպնոպեդիա չի համարվում, քանի որ ուսուցման գործընթացը կրում է հիպնոտիկ ներշնչման բնույթ։

Գիտելիքներ ձեռք բերելու նպատակով քնի (բնական կամ արհեստական) օգտագործումը կիրառվել է դեռևս հին ժամանակներում (բուդդայական լուսավորիչները Չինաստանում, ֆակիրներն ու յոգերը՝ Հնդկաստանում և այլն)։ Նորագույն շրջանում հիպնոպեդիան կիրառելու առաջին փորձը կատարել է Դ. Ա. Ֆիննեյը (ԱՄՆ)։ Հիպնոպեդիայի նկատմամբ հետաքրքրությունը և այն տեսականորեն հիմնավորելու ձգտումը վերսկսվել են 1950-60-ական թվականների սկզբին։ Հիպնոպեդիայի վրա զգալի ազդեցություն է ունեցել իդեալիստական, գլխավորապես՝ ֆրոյդիստական ըմբռնումը։ Միևնույն ժամանակ, խորհրդային գիտնականները (Լեոնիդ Բլիզնիչենկո, Վլադիմիր Զուխար և ուրիշներ) հիպնոպեդիաի հնարավորությունը բացատրում էին քնի ժամանակ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում պահակային կետերի առկայության վերաբերյալ պավլովյան ուսմունքով։

Փորձառական տվյալները վկայում են, որ հիպնոպեդիկ ճանապարհով մատուցված ինֆորմացիայի յուրացումը կախված է հիշողության բնույթից, սովորողի տարիքից, սեանսների քանակից ու ծրագրի ծավալից, խոսքի արտասանական երանգավորման (ինտոնացիոն) բնութագրից։ Հիպնոպեդիայի շատ տեսական և գործնական հինահարցեր (աշխատունակություն, հիպնոպեդիայի երկարատև կիրառման հետևանքով առաջացած հոգնածություն, հիպնոպեդիայի սիստեմատիկ օգտագործումից նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի փոփոխություն և այլն) մինչև վերջ պարզ չեն։ Ենթադրվում է, որ հիպնոպեդիան չի կարող փոխարինել մանկավարժական գործընթացին, այն կարող է օգտակար լինել հիշողության մեջ ամրապնդելու միայն մի քանի տեսակ ինֆորմացիաներ (օտար բառեր, հեռագրային այբուբեն, բանաձևեր, աղյուսակներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 418