Հիմնական գոտու գիսաստղեր

Հիմնական գոտու գիսաստղեր, Աստերոիդների հիմնական գոտու մարմիններ, որոնք պտտվում են Արեգակի շուրջ, և իրենց ուղեծրի ինչ-որ մասում դրսևորում են գիսաստղային պահվածք։

(596) Շեյլա աստերոիդը դրսևորում է գիսաստղային պահվածք 12 դեկտեմբերի 2010

Ուղեծրերը խմբագրել

Ի տարբերություն գիսաստղերի մեծամասնությանը, որոնք ունեն զգալի էքսցենտրիսիտետ և գտնվում են իրենց կյանքի մեծ մասի ընթացքում Յուպիտերի ուղեծրից այն կողմ, հիմնական գոտու գիսաստղերը շարժվում են համարյա շրջանաձև ուղեծրերով փոքր թեքումով խավարածրի հարթության նկատմամբ ինչի պատճառով էլ նրանց շատ դժվար է տարբերել հասարակ աստերոիդներից։ Գոյություն ունեն բավականին շատ կարճ պարբերությամբ գիսաստղեր, որոնք ապոհելիում անցնում են աստերոիդների գոտով, բայց նրանց բոլորին այս դասից տարբերակում է մեծ էքսցենտրիսիտետը և ուղեծրի թեքումը։

Մինչև այս պահը հայտնաբերված են այս դասի ինը գիսաստղեր։ Հիմնական գոտու գիսաստղերի դասին են հատկացվում հետևյալ գիսաստղերը[1][2][3]՝

Անունը
Մեծ կիսաառանցք (a)
Պերիհելի (q)
Պերիհելիի ամսաթիվը
133P/Էլստ-Պիսառո (7968) Էլստ-Պիսառո 3,15 2,64 09 փետրվար 2013
176P/ԼԻՆԵԱՐ (118401) ԼԻՆԵԱՐ 3,19 2,57 01 հուլիս 2011
238P/Ռիդ P/2005 U1 3,16 2,36 11 մարտ 2011
259P/Գարրարդ P/2008 R1 2,72 1,79 25 հունվար 2013
P/2010 A2 (ԼԻՆԵԱՐ) 2,29 2,00 23 մայիս 2013
P/2010 R2 (Լա Սագրա) 3,09 2,62 24 հունիս 2010
(596) Շեյլա 2,92 2,44 19 մայիս 2012
(300163) 2006 VW139 3,05 2,44 18 հուլիս 2011
P/2012 F5 (Գիբս) 3,00 2,88 26 մարտ 2010

Ձևավորումը խմբագրել

 
Նկարի վրա նարնջագույնով ցույց են տրված մոլորակները և նրանց ուղեծրերը, իսկ տարբեր գույներով՝ աստերոիդների տարբեր խմբերը

Պարզ չէ, թե ինչպես գիսաստղի նման մարմինները կարող էին ընկնել աստերոիդների գոտի, քանզի համաձայն Արեգակնային համակարգի ձևավորման ընդունված սխեմայի, Արեգակի ճառագայթման ազդեցության տակ ջուրը, գազերը և այլ ցնդող նյութերը դուրս էին մղվել Արեգակնային համակարգի ծայրամասերը, արդյունքում կենտրոնին մոտ մնացել էին միայն ամենածանր տարրերը, ինչպես սիլիցիումը կամ երկաթը։ Միևնույն ժամանակ Արեգակնային համակարգի արտաքին մասում ձևավորվեցին այնպիսի գիսաստղերի կուտակումներ, ինչպիսիք են Կոյպերի գոտին և Օորտի ամպը, այս տարածքում բավարար ցուրտ էր, որպեսզի բոլոր ցնդող տարրերը մնան սառցակալած վիճակում։ Այդ ժամանակից ի վեր այս սառցակալած գազերի և փոշու բեկորները, ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս իրենց ուղեծրերից և շարժվում են խիստ ձգված ուղեծրերով դեպի Արեգակնային համակարգի ներքին մասերը։ Արեգակնային համակարգի ներքին մասերը ընկած գիսաստղերը գոյություն են ունենում այնտեղ ընդամենը մոտ 10000 տարվա ընթացքում, որից հետո ցնդող նյութերը և գազերը ցնդում են նրանց մակերևույթից և նրանք վերածվում են ծերացած գիսաստղերի, որոնք ոչնչով չեն տարբերվում հասարակ աստերոիդներից։ Նրանցից որոշները, անցնելով հսկա մոլորակների մոտով, փոփոխում են իրենց ուղեծրերը և դառնում են կարճաժամկետ գիսաստղեր, սակայն դա չի բացատրում աստերոիդների գոտու գիսաստղերի գործնականորեն շրջանաձև ուղեծրերը։

Ենթադրվում է, որ, ի տարբերություն այլ գիսաստղերի, հիմնական գոտու գիսաստղերը հանդիսանում են պարզապես սառցե աստերոիդներ, որոնք ձևավորվել են աստերոիդների գոտում Արեգակնային համակարգի ձևավորման նախնական շրջանում, հասարակ աստերոիդների հետ զուգահեռ։ Հայտնաբերված գիսաստղերի մեջ բացառություն կարող է կազմել P/2008 R1 (Գարրարդ) մարմինը[4], որի ուղեծիրը վերջին 20 միլիոն տարվա ընթացքում ենթարկվել է որոշակի տատանումների։ Եվ որպես արդյունք, այս մարմինը չէր կարող առաջանալ աստերոիդների հիմնական գոտում, այլ ընկել է այնտեղ Արեգակնային համակարգի արտաքին մասերից։

Սակայն ինչպես կարող էին պահպանվել ջուրը և ցնդող նութերը աստերոիդների գոտում 4,6 միլիարդ տարվա ընթացքում բոլորովին անհասկանալի է։ Համաձայն տեսություններից մեկի, սառույցը գտնվում է աստերոիդի ընդերքում, որտեղ Արեգակի ջերմությունը չի կարողացել հանգեցնել նրա ցնդմանը, արդյունքում այն կարող էր պահպանվել բավական երկար ժամանակ։ Սակայն այլ աստերոիդի հետ բախման հետևանքով ցնդող նյութերով հարուստ ապարները բացվել են և Արեգակի ճառագայթման ազդեցության տակ սկսել են գոլորշիանալ։

Այսպիսի մարմնի օրինակ կարող է ծառայել (7968) Էլստ-Պիսառո աստերոիդը, որը գտնվում է աստերոիդների գոտու կենտրոնական մասում, որտեղ այսպիսի ընդհարումների հավանականությունը բավականին մեծ է։

Գիսաստղային ակտիվություն խմբագրել

Հիմնական գոտու գիսատղերը կարելի է հայտնաբերել միայն երբ նրանք դրսևորում են գիսաստղային պահվածք, որը դրսևորվում է նրանց մոտ փոշու կամ գազի պոչի ձևավորման տեսքով։ Գիսաստղային պահվածքը դրսևորվում է միայն գիսաստղի կողմից պերիհելին անցնելու մոտակայքում, և շարունակվում է մեկից մի քանի ամիս, այն դեպքում, որ այս դասի գիսաստղի պտույտը Արեգակի շուրջ տեղի է ունենում մոտ 5-6 տարվա ընթացքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հենրի Հսիհ՝ Հիմնական գոտու գիսաստղերը
  2. Հաղորդագրություն(չաշխատող հղում) գիսաստղերի նամակագրության ցանկ անդամներին
  3. Քննարկում Արխիվացված 2022-01-18 Wayback Machine Գոնսալո Տանկրեդիի և Կարլ Հերգենրոթերի միջև
  4. Տիեզերական ճանապարհորդ՝ Գարրարդի գիսաստղը

Արտաքին հղումներ խմբագրել