Հիդրատացում, ջրամիացում, ջրակցում, քիմիական նյութերին ջրի միացման պրոցես։ Տարբերում են Հիդրատացման մի քանի տեսակ։ Օքսիդների Հիդրատացմամբ առաջանում են հիդրօքսիդներ, որոնք կարող են լինել հիմքեր, թթուներ և ամֆոտեր միացություններ, օրինակ, կալցիումի օքսիդին ջուր միացնելիս ստացվում է կալցիումի հիդրօքսիդ (տեխնիկայում այդ պրոցեսը կոչվում է «կրի մարում»)։ Արդյունաբերության մեջ ծծմբական անհիդրիդի Հիդրատացմամբ ստանում են ծծմբական թթու, իսկ ազոտի օքսիդներից (օրինակ, NO2-ից)՝ ազոտական թթու։ Արսենի եռօքսիդի Հիդրատացմամբ առաջանում է թույլ, ամֆոտեր արսենային թթու՝ As203+3H20 = 2H3As03։ Օրգանական միացությունների Հիդրատացում տեղի է ունենում բազմակի կապերի, իսկ ցիկլիկ միացությունների Հիդրատացում՝ ցիկլերի բացման հաշվին։ Սովորաբար այդ ռեակցիաներն ընթանում են հիմքերի, թթուների կամ տարասեռ կատալիզատորների առկայությամբ (կատալիտիկ Հիդրատացում) և ունեն գործնական մեծ նշանակություն օրգանական քիմիայում և օրգանական սինթեզի արտադրության մեջ։ Այսպես, օլեֆինների ուղղակի Հիդրատացմամբ ստանում են սպիրտներ, օրինակ, էթիլենի Հիդրատացմամբ առաջանում է էթիլալկոհոլ։ Ացետիլենի և ացետիլենային միացությունների Հիդրատացմամբ (Կուչերովի ռեակցիա) ստացվում են, համապատասխանաբար՝ քացախալդեհիդ և կետոններ։ Անօրգանական շատ և օրգանական որոշ նյութեր ջրի հետ առաջացնում են հաստատուն բաղադրությամբ պինդ բյուրեղահիդրատներ, որոնք հանդես են գալիս որպես քիմիական առանձին միացություններ։ էլեկտրոլիտները լուծելիս տեղի է ունենում իոնների Հիդրատացում, որը դժվարացնում է դրանց ասոցումը։ Ջրային լուծույթներում իոնների Հիդրատացում էլեկտրոլիտային դիսոցման գլխավոր պատճառներից է։ Լուծույթներում բյուրեղահիդրատների առաջացումը և մոլեկուլների ու իոնների Հիդրատացում սոլվատացման մասնավոր դեպքերն են։ Կենսաբանական համակարգում Հիդրատացման ժամանակ ջուրը միանում է (կապվում) օրգանիզմի տարբեր սուբստրատներին։ Հիդրատացման հետ են կապված կենսաբանական շատ պրոցեսներ։ Այսպես, իոնների Հիդրատացումը ազդում է դրանց բջիջներ թափանցելու վրա, կենսաբանական թաղանթների Հիդրատացումը՝ նրանց ֆիզիոլոգիական հատկությունների վրա, իսկ սպիտակուցների Հիդրատացումը փոփոխում է դրանց որոշ հատկությունները, մասնավորապես ֆերմենտային ակտիվությունը։ Մի շարք ֆիզիկա-քիմիական հատկություններով կապված ջուրը տարբերվում է ազատ, ծավալային ջրից։ Հիդրատացման հակադարձ պրոցեսը, այսինքն՝ նյութերից ջրի պոկումը, կոչվում է դեհիդրատացում (ջրապոկում)։ Հիդրատացումը և դեհիդրատացումը մշտապես ընթանում են նյութափոխանակության, մասնավորապես օրգանիզմի ջրափոխանակության պրոցեսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 390
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրատացում» հոդվածին։