Հերոսություն, հասարակական առումով մարդու ակնառու գործունեություն, որը համապատասխանում է ժողովրդական զանգվածների, առաջավոր դասակարգերի շահերին և պահանջում է անձնական քաջություն, տոկունություն, անձնազոհության պատրաստականություն։ Հերոսության իդեալները սկզբնապես արտացոլվել են տարերայնորեն ձևավորված մասսայական բարոյական գիտակցության, ժող. բանահյուսության մեջ (մասնավորապես հերոսական էպոսում), իսկ հետագայում դարձել գեղարվեստական գրականության ու արվեստի, ինչպես նաև բարոյագիտության, գեղագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության ուսումնասիրության առարկա։ Որոշ մտածողներ (Ջ. Վիկո, Հեգել) Հերոսությունը բացառապես կապել են, այսպես կոչված, «հերոսական դարաշրջանի» (անտիկ հասարակության) հետ։ Աակայն պատմությունը ցույց է տալիս, որ մարդկանց հերոսական գործունեությունը որոշակի շրջանով սահմանափակելը սխալ է։ Լուսավորիչները (Ժ. Ժ. Ռուսո, Գ. Լեսսինգ, Ֆ. Շիլլեր) և հեղափոխական ռոմանտիզմի ներկայացուցիչները (Ջ. Բայրոն, Կ. Ռիլև, Զ. Մաձինի) ստեղծեցին ազգային ու քաղաքական ազատության, մարդկանց «բնական» հավասարության համար պայքարող հերոսական անձնավորության խռովարարության գաղափարը։ Հետադիմական ռոմանտիզմը, ընդհակառակը, հերոսներին հակադրում էր ժողովըրդին («ամբոխին») և նույնիսկ աստվածացնում նրանց (Թ. Կարլեյլ), իսկ Նիցշեն առաջ էր քաշում «գերմարդու» գաղափարը։ Այս գաղափարները հետագա զարգացում ստացան 20-րդ դարի բուրժուական մտքի հետադիմական ուսմունքներում։ 19-րդ դարի ռուս նարոդնիկները և անարխիզմի գաղափարախոսները բացարձականացնում էին առանձին հերոսական արարքն ու անհատական սխրանքը։ Քննադատելով այսպիսի ըմբռնումը՝ Չեռնիշևսկին անհատի գործունեության ուժն ու հաջողությունը տեսնում էր ժող. մասսաների հետ նրանց ունեցած կապի մեջ։ Ընդհանրացնելով հայ իրականության մեջ հերոսության պրոբլեմի քննարկման ավանդույթները՝ Խ. Աբովյանը և, հատկապես, Մ. Նալբանդյանը, ցույց են տվել անհատի և ժողովրդի գործունեության փոխկապվածությունը և հերոսականի էությունը մեկնաբանել են այդ համակարգում։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հերոսություն հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 382