Հեռացիր, չդիպչես իմ շրջագծերին

«Հեռացիր, չդիպչես իմ շրջագծերին» (տարբերակներ՝ «Ձեռք չտաս իմ քարտեզներին», «Մի դիպիր իմ շրջագծերին», «Խփիր գլխիս, բայց ոչ գծագրերիս», լատին․՝ Noli turbare circulos meos!), թևավոր արտահայտություն, որը վերագրվում է Արքիմեդին։ Արքիմեդն իբր թե տվել է այդ «հպարտ պատասխանը»[1] հռոմեացի զինվորին, որը Սիրակուզայի վրա հարձակման ժամանակ պահանջում է, որ Արքիմեդն ընդհատի իր գիտական աշխատանքը, և ապա սպանում է նրան։

Արքիմեդի մահը (Լուկա Ջորդանո)

Ծագում խմբագրել

Շատ քիչ տեղեկություններ են հայտնի Արքիմեդի կյանքի մասին, այդ իսկ պատճառով նրա կենսագրությունը լի է առասպելներով։ Մ.թ.ա. 212 թվականին հռոմեացի զինվորի ձեռքով մահը ևս լեգենդների ծնունդ է դարձել։ Պլուտարքոսը մեր թվարկության սկզբում, ի թիվս այլ տարբերակների, տեսարանը նկարագրում է հետևյալ կերպ. հռոմեական զորքերը մ.թ.ա. 3-րդ դարում ներխուժում են մեծ մաթեմատիկոս և մեխանիկ Արքիմեդի հայրենի Սիրակուզա քաղաքը։ Նվաճող բանակի զինվորներից մեկը մոտենում է Արքիմեդին այն պահին, երբ նա փռել էր իր երկրաչափական գծագրերը և խիստ զբաղված էր մեխանիկական հաշիվներով։ Զինվորը պահանջում է, որ Արքիմեդը հետևի իր հրամանատարին՝ Մարցիալին։ Արքիմեդը խնդրում է ժամանակ տալ խնդրի լուծման համար, սակայն գազազած զինվորը չի խնայում ոչ Արքիմեդին, ոչ գծագրերը, և թրով սպանում է նրան[2]։ Սակայն ոչ Պլուտարքոսը, ոչ Լիվիոսը չեն հիշատակել Արքիմեդի վերջին խոսքերը։

Առաջին անգամ արտահայտությունը լատիներեն Noli, obsecro, istum disturbare («Խնդրում եմ, ձեռք մի տուր սրանց») ձևով հանդես է եկել Վալերիուս Մաքսիմուսի մոտ։ 12-րդ դարում Արքիմեդն արդեն «խոսել է» Իոանես Ցեցեսի բառերով և հունարեն. «Երիտասարդ, հեռու մնա իմ նկարներից»։ Հիշատակումը, որ գծագրերը նկարված են եղել ավազի վրա, ևս վերագրվում է ուշ ժամանակաշրջանի[2]։

Ավանդության մեջ ասվում է, որ Արքիմեդը աղերսում է հռոմեացուն. «Խփի՛ր գլխիս, բայց ոչ գծագրերիս»։ Պատմում են, որ հռոմեական զորավարը՝ Կլավիդիոս Մարցիալը, որը գլխավորում էր սիցիլիական արշավանքը, խիստ վրդովվում է և ապիկար զինվորին վռնդում է բանակից՝ որպես հանցագործի, իսկ Արքիմեդի հարազատներին արժանացնում է մեծ պատվի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Франческо Патрицци. Об устроении государства.
  2. 2,0 2,1 Sherman Stein. Archimedes, What Did He Do Besides Cry Eureka? 1999. С. 2-3. ISBN 0-88385-718-9. (անգլ.)
  3. Ավետիսյան, Կամսար (1973). Իմաստուն խոսքերի աշխարհում. Երևան: «Հայաստան». էջեր 36–37.

Գրականություն խմբագրել