Հեծելազոր (ֆր.՝ cavalerie, իտալ.՝ cavaleria, լատին․՝ caballus «ձի» բառից), զորատեսակ, որը կազմված է ձի հեծած մարտիկներից։

Գերմանական հեծելազորը 1943 թ.
Նապոլեոնի հուսարը

Եգիպտոսի, Հնդկաստանի, Չինաստանի, Միջագետքի երկրների բանակներում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում մինչև հեծելազորի երևան գալը կիրառվել են ձի լծած մարտակառքեր։ Հեծելազորը որպես զորատեսակ երևան է եկել Ասորեստանում, Ուրարտուում և ստրկատիրական այլ պետություններում։ Մ․թ․ա․ VI դարում Պարսկաստանում այն հիմնական զորատեսակ էր (ծանր և թեթև)։ Կանոնավոր հեծելազոր Հին Հունաստանում առաջին անգամ օգտագործվել է մեր թվարկությունից առաջ IV դարում և ավելի կատարելագործվել Ալեքսանդր Մակեդոնացու բանակում (ծանր, միջին, թեթև)։ Իր մարտունակությամբ և հզորությամբ հռչակված էր հայկական հեծելազորը (տես Այրուձի)։ Հին հռոմեական բանակում հեծելազորը օժանդակ զորատեսակ էր լեգեոնի կազմում։ Արևմտյան Եվրոպայում ֆեոդալական զորքերի գլխավոր ռազմական ուժը կազմել է ասպետական հեծելազորը (ծանրազեն, զրահակիր)։ IX—X դարերում Կիևյան Ռուսիայի զորքերում իշխանական դրուժինաները կազմված էին հեծելազորից։ Իր բարձր մարտունակությամբ XIII—XIV դարերում աչքի է ընկել թաթար-մոնղոլական թեթև հեծելազորը։ XIV դարում հրազենի երևան գալով և հետևազորի դերի ուժեղացմամբ ասպետական ծանր հեծելազորը կորցրել է իր նշանակությունը։ XVI դարից սկսած մեծ դեր է խաղացել թեթև հեծելազորը, որը զինված էր հրազենով։ XVI դարի վերջից ռուսական բանակում կարևոր էր կազակական հեծելազորը։ Պետրոս I-ի օրոք ստեղծվեց կանոնավոր հեծելազոր։ Նապոլեոնյան պատերազմների ընթացքում մարտական լուրջ ուժ էր ֆրանսիական հեծելազորը, որը, սակայն, 1812 թվականի արշավանքների ժամանակ զիջեց ռուսական հեծելազորին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) սկզբին պատերազմող կողմերի բանակներում հեծելազորը կազմում էր 8—10%։ Ռազմական տեխնիկայի տարբեր տեսակների զարգացման հետևանքով հեծելազորային գրոհները պատերազմում դարձան սակավ արդյունավետ, և ետպատերազմյան շրջանում հեծելազորները կրճատվեց, իսկ 1930-ական թվականների վերջին արևմտյան պետությունների մեծ մասում փաստորեն վերացվեց։ Մինչև 1939-1945 թթ.-ի երկրորդ համաշխարհային պատերազմը հեծելազորը պահպանվել էր միայն մի քանի երկրներում (Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Հարավսլավիա, ԽՍՀՄ և այլն)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի ռազմական գործողությունների փորձը, տանկային և օդային մեծ ուժերի կիրառումը հանգեցրին հեծելազորի քանակի (դիվիզիաներ) կրճատմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 342