Հելեն Ադամս Քելլեր (անգլ.՝ Helen Adams Keller, հունիսի 27, 1880(1880-06-27)[1][2][3][…], Տասկամբիա, Ալաբամա, ԱՄՆ - հունիսի 1, 1968(1968-06-01)[1][2][3][…], Իստոն), կույր և խուլ ամերիկացի գրող, հասարակական գործիչ, ուսուցչուհի։ Նա եղել է առաջին կույր և խուլ անձնավորությունը, ով ստացել է բակալավրի աստիճան արվեստի բնագավառում[7]։ Քելլերի ուսուցչուհի Էնն Սալիվանը սովորեցրեց աղջնակին հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Այս պատմությունը ներկայացված է հանրահայտ The Miracle Worker (Հրաշքներ գործողը) ֆիլմում։

Հելեն Քելլեր
Helen Keller
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1880(1880-06-27)[1][2][3][…]
ԾննդավայրՏասկամբիա, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 1, 1968(1968-06-01)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրԻստոն
ԳերեզմանՎաշինգտոնի ազգային տաճար
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրոնThe New Church?
ԿրթությունՌեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան, The Cambridge School of Weston? և Փերկինսի կույրերի դպրոց
Գիտական աստիճանԲակալավր
ԵրկերԻմ կյանքի պատմությունը և The Frost King?
Մասնագիտությունգրող, հռետոր, ակնարկագիր, քաղաքական ակտիվիստ, արհմիութենական գործիչ, հակապատերազմային ակտիվիստ, սուֆրաժիստ, լեզվաբան և ինքնակենսագիր
Ծնողներհայր՝ Arthur Henley Keller?, մայր՝ Catherine Adams?
ԿուսակցությունԱմերիկայի սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱշխարհի արդյունաբերական աշխատողներ, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Ազգային կանանց կուսակցություն[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Helen Keller Վիքիպահեստում

Վաղ մանկություն խմբագրել

 
Քելլերը Էնն Սալիվանի հետ, Հուլիս 1888

Հելեն Ադամս Քելլերը ծնվել է 1880 թ. հունիսի 27 - ին, Տասկումբիայում (Ալաբամա, ԱՄՆ), Արթուր և Քեյթ Ադամս Քելլերների ընտանիքում։ Նրա ընտանիքն ապրում էր Այվի Գրին կալվածքում[8], որը կառուցել էր Հելենի պապը տասնամյակներ առաջ[9]։

Հելեն Քելլերը չէր ծնվել կույր և խուլ։ 19 ամսական հասակում նա հիվանդացավ մի հիվանդությամբ, որը բժիշկները ախտորոշեցին իբրև «ստամոքսի ու գլխուղեղի անոթների խցանում»։ Ամենայն հավանականությամբ խոսքը քութեշի կամ էլ ուղեղի կարծր թաղանթի բորբոքման (մենինգիտ) մասին էր։ Հիվանդությունը կարճատև էր, սակայն նրա մոտ առաջացրեց կուրություն և խլություն։ Այդ ժամանակ նա քիչ թե շատ հաղորդակցվում էր վեցամյա Մարթա Վաշինգթոնի[10] հետ, ով ընտանեկան խոհարարի դուստրն էր. Մարթան հասկանում էր Հելենի նշանները։ Յոթ տարեկան հասակում նա ուներ մոտ 60 նշաններ, որոնց օգնությամբ հաղորդակցվում էր իր ընտանիքի անդամների հետ։

1886 թ.-ին, նրա մայրը, ոգեշնչված Չարլզ Դիքենսի Ամերիկյան պատմություններ ստեղծագործության կերպարներից մեկով՝ Լաուրա Բրիդմանով, ով նույնպես խուլուհամր էր, սակայն հաջողությամբ ստացել էր կրթություն, Հելենին հոր ուղեկցությամբ ուղարկեց ԼՕՌ մասնագետ, բժիշկ Ջուլիան Քիսոլմի մոտ[11]։ Վերջինս նրանց ծանոթացրեց Ալեքսանդր Բելի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր խուլ երեխաների հետ։ Բելը խորհուրդ տվեց դիմել Պերկինսի կույրերի դպրոց (Հարավային Բոստոն, Բոստոն, Մասաչուսեթս), որտեղ կրթություն էր ստացել նաև Լաուրա Բրիդմանը։ Մայքլ Անագանոսը՝ դպրոցի տնօրենը, խնդրեց դպրոցի շրջանավարտ, քսանամյա Էնն Սալիվանին, ով նույնպես տեսողության հետ խնդիրներ ուներ, դառնալ Հելենի ուսուցչուհին։ Դա 49 տարի տևած բարեկամության սկիզբն էր։

Էնն Սալիվանը ժամանեց Քելլերի տուն 1887 թ.-ի մարտին և անմիջապես սկսեց ուսուցանել Հելենին հաղորդակցվել՝ բառերը նշանների միջոցով ափի մեջ հաղորդելով։ Քելլերը սկզբից չէր հասկանում, որ ամեն մի իր ունի իր անվանումը։ Քելլերի մոտ բեկումնային եղավ հաջորդ ամիսը, երբ նա հասկացավ, որ շարժումները, որոնք ուսուցչուհին անում էր Հելենի ձեռքի ափի մեջ՝ միաժամանակ մյուս ձեռքի վրա սառը ջուր լցնելով, նշանակում էր «ջուր»։ Այդ օրվանից սկսած Հելենը պահանջում էր ուսուցչուհուց իրեն սովորեցնել նորանոր իրերի անվանումներ։

Ձախ աչքի ներընկածության պատճառով Հելենը միշտ լուսանկարվում էր աջ կողմից։ Հասուն տարիքում նրա երկու աչքերն էլ փոխարինվեցին ապակյա ակնագնդերով՝ «բժշկական և կոսմետիկ պատճառներով»[12]։

Կրթություն խմբագրել

1888 թ. - ի մայիսից Քելլերը հաճախեց Պերկինսի Կույրերի Դպրոց։ 1894 թ.-ին Հելենը և Էնն Սալիվանը տեղափոխվեցին Նյու Յորք, որպեսզի Հելենը հաճախի Ռայթ-Հյումասոնի խուլերի դպրոց։ 1896 թ.-ին նրանք վերադարձան Մասաչուսեթս և Հելենը ընդունվեց Վեսթոնի քեմբրիջյան իգական դպրոց։ 1900 թ.-ին նա ընդունվեց Ռեդքլիֆի դպրոց։ Նրա երկրպագու Մարկ Տվենը Հելենին ներկայացրեց «Ստանդարտ Օյլ» ընկերության բաժնետեր Հենրի Ռոջերսին, ով իր կնոջ հետ միասին վճարեց Հելենի կրթության համար։ 1904 թ.-ին 24 տարեկան հասակում Քելլերը ավարտեց Ռեդքլիֆի դպրոցը՝ դառնալով առաջին կույր և խուլ անձնավորությունը, ով ստացավ բակալավրի աստիճան արվեստի բնագավառում։ Նա թղթակցում էր ավստրիացի փիլիսոփա և մանկավարժ Վիլհելմ Երուսաղեմի հետ, ով առաջիններից մեկն էր, որ բացահայտեց Հելենի գրական տաղանդը[13]։

Սալլիվանի հետագա ճակատագիր և մահ խմբագրել

Առաջին աշխարհամարտի տարիներին Քելլերի գործունեությունը գրավում է կինեմատոգրաֆիստների ուշադրությունը։ Քելլերի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու գաղափարն առաջինը ծնվում է ամերիկացի գրող Ֆրենսիս Տրեվելյան Միլլերի մտքում։ Նա Քելլերին նամակ է ուղարկում` առաջարկելով նկարահանել նրա կյանքը, որին Քելլերը պատասխանում է համաձայնությամբ։ Նկարահանումները տեղի էին ունենում «Բրանտոն կինոստուդիայում»։ Ռեժիսոր է ընտրվում Ջորջ Ֆոստեր Պլատտը, որպես օպերատորներ հանդես են գալիս Լոուրենս Ֆոոուլերը և Արթուր Տոդդը։ Ըստ Քելլերի հիշողությունների, ռեժիսորը մշակում է թխկթխկոցների հատուկ համակարգ իր հետ շփվելու համար։ Միաժամանակ նրանց օգնում էր Պոլլի Տոմպսոնը` փոխանցելով Պլատտի խոսքերն իր խնամակալության տակ գտնվող Քելլերին ձեռքի այբուբենի միջոցով։ Ֆիլմը ստանում է «Ազատում» անվանումը և 1919 թվականին ցուցադրվում էկրանին։ Հանդիսատեսը սառն է ընդունում ֆիլմը և արդյունքում ֆիլմը չի հատուցում իր բյուջեն։

20-ական թվականներին Քելլերը սկսում է շրջագայել երկրում Սալլիվանի և մոր հետ և հանդես գալիս իր դասախոսություններով։ Այս ուղևոություններն ավելի շատ թելադրված էին անհրաժեշտությամբ, այլ ոչ թե ցանկությամբ։ Կանանցից և ոչ մեկին հաճույք չէին պատճառում ուղևորությունները, սակայն գրական գործունեությունը Հելենին առանձնահատուկ եկամուտ չէր բերում։ Ելույթներն ըդհակառակը, մեծ հետաքրքրություն էին առաջացնում հանրության շրջանում։ Քելլերը համագործակցում էր ձեռնարկատերեր Հարրի և Գերման Վեբերների հետ, ովքեր ներկայացնում էին Քելլերին 20-րոպեանոց ելույթների ժամանակ 1920-1924 թվականների ԱՄՆ-ի հյուրախաղերի ժամանակ ։ Հելլենի ընկերներից ոմանք չէին ողջունում վաստակելու նմանատիպ միջոցը, սակայն Հելենը կարծում էր, որ իր ելույթները ծառայում են ազնիզ նպատակների, քանզի նա նաև նվիրատվություններ էր հավաքում կույր մարդկանց աջակցման հիմնադրամի համար։

1924 թվականի ընտրություններին Քելլերն աջակցում էր սենատոր Ռոբերտ Լաֆոլլետի թեկնածությանը։ 1924 թվականից հետո, նա գրեթե ամբողջապես հեռացավ քաղաքականությունից, կենտրոնանալով կույրերի հետ աշխատանքի վրա։ Դրան նպաստեց նրա մուտք գործելը կույրերի Ամերիկյան ֆոնդ, այդ ժամանակ հայտնի որպես Լուսավորության Կենտրոնական տուն։ Այստեղ Քելլերը կատարում էր ոչ միայն դասախոսի պարտականություններ, այլև հանդես գալիս որպես կույրերի իրավունքների պաշտպան։ Մասնավորապես, նրա գործունեության կարևորագույն ասպեկտը բոլոր կույրերին աշխատանքով ապահովելն էր։ 1927 թվականին Քելլերը հրատարակել է «Իմ կրոնը» գիրքը, (հետագայում գիրքն անվանվել է «Լույսն իմ խավարում»), որը պատմում էր կրոնի նկատմամբ Քելլերի ունեցած վերաբերմունքի մասին։

Հելլենը գրել էր, որ իրեն համարում է քրիստոնյա և հետևում է Էմանուել Սվեդենբորգի ուսմունքին։ Քրիստոնեությանը նրան առաջինը ծանոթացրել է հոգևորական Ֆիլլիպս Բրուկսը, որից հետո նա ասել է՝. «Ես միշտ իմացել եմ, որ Նա այստեղ է, բայց ես չեմ իմացել նրա անունը»։

1931 թվականին Քելլերը Սալլիվանի և Տոմպսոնի հետ ընդունելության է արժանացել Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդր I Կարագեորգիևի կողմից Բելգրադում, և նրա կողմից պարգևատրվել Սուրբ Սավվայի 3-րդ աստիճանի շքանշանով։

Էնն Սալիվանը մահացավ 1936 թվականին, կոմայից հետո։ Քելլերը բռնել էր նրա ձեռքը մինչ նրա մահը։ Դրանից հետո նրանք Տոմպսոնի հետ տեղափոխվում են Վեստպորտ, Կոնեկտիկուտ նահանգ, որն էլ դարձավ տուն Քելլերի համար մինչև կյանքի վերջը։ Սալլիվանի մահը մեծ կորուստ էր Հելենի համար։ Դեռ 1912 թվականին նա գրել էր «Ես սրտահույզ աղոթք եմ հղում Տիրոջը, որովհետև եթե նա հեռանա, ես իսկապես կդառնամ խուլ և համր»։ Չնայած նրան, որ Տոմպսոնը հավատարիմ էր Հելլենին, սակայն չկարողացավ ինչպես Սալլիվանը, նույնպիսի հմտությամբ շփվել իր խնամակալության տակ գտնվող Հելենի հետ ձեռքի այբուբենի միջոցով։ Կոնեկտիկուտում Հելենը մտերմացավ արվեստի տեղական բազմաթիվ գործիչների հետ, հատկապես քննադատ և պատմաբան Վան Վիկ Բրուկսի հետ, ով կազմեց Քելլերի կենսագրական ակնարկը։

 
Քելլերը 20-ական թվականներին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 Online Biographical Dictionary of the Woman Suffrage Movement in the United States / T. Dublin, K. K. SklarAlexander Street Press.
  5. https://www.womenofthehall.org/inductee/helen-keller/
  6. https://www.cwhf.org/inductees/helen-keller
  7. «Helen Keller FAQ». Perkins School for the Blind. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  8. Virtual tour of [http://en.wikipedia.org/wiki/Ivy_Green Ivy Green], Helen Keller's birthplace
  9. Nielsen, Kim (2007), «The Southern Ties of Helen Keller», Journal of Southern History, 73 (4)
  10. «The Story of My Life, by Helen Keller - discusses Martha Washington». Project Gutenberg. էջ 11.
  11. Worthington, W. Curtis. A Family Album: Men Who Made the Medical Center (Medical University of South Carolina ed.). ISBN 978-0-87152-444-7.
  12. Herrmann, Dorothy (1998). Helen Keller: A Life. New York, NY: Knopf. ISBN 978-0-679-44354-4.
  13. Herbert Gantschacher "Back from History! - The correspondence of letters between the Austrian-Jewish philosopher Wilhelm Jerusalem and the American deafblind writer Helen Keller ", Gebärdensache, Vienna 2009, p. 35ff.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Քելլեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Քելլեր» հոդվածին։