Հարսանեկան երգեր, ժողովրդական հնագույն ավանդական ծեսի՝ հարսանիքի առանձին դրվագներին հատկացված հատուկ երգերի ու պարերգերի շարք, որ տարբեր ժողովուրդների մոտ, նրանց պատմական կենցաղի ու սովորույթների համեմատ, ունի իր մեջ ընդգրկվող միավորների քանակի, նրանց բնույթի ու հերթականության տեսակետից որոշակի առանձնահատկություններ, միաժամանակ՝ ընդհանրություններ։ Տարբեր ժողովուրդների մոտ պահպանվել է տարբեր չափով։ Հայկական հարսանեկան երգերի շարքը, ըստ Կոմիտասի կազմված է շուրջ 100 միավորից. դրանք «...թերևս բեկորներն են հայ բնապաշտական շրջանեն մնացած՝ քրիստոնյա քողով պարուրված», քանի որ «Բոլոր երգերու մեջ գիրկընդխառն կերթա մարդկային ու բնության կյանքը։ Կերգվին ամուսնության ու բնության գարունը, որ լուսնեկի ցողով ու արևի շողով կծլի»։ Խիստ բազմազան են այդ երգերի բանաստեղծական թեմաները՝ վերաբերելով փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին (օր.՝ «հարսանեկան ծառի» օրհնելը) և այլն։ Հատկապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որ «երգում են հարսնացուի մոտիկ ընկերուհիները, պսակի նախընթաց գիշերը մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ»։ Ընդարձակ է հարսանեկան երգերի հուզական տրամադրությունների դիապազոնը՝ ջերմեռանդ աղոթքից ու ծանրաբարո բարեմաղթությունից մինչև սրամիտ կատակը, խորունկ վշտից (հարսի՝ հորական տնից բաժանվելու կապակցությամբ) մինչև անկաշառ ուրախությունն ու խրախճանքը։ Բազմազան են նաև հարսանեկան երգերի կոմպոզիցիոն միջոցներն ու կատարողական հատկանիշները՝ ընդգրկելով ռեչիտատիվ ու եղանակավոր երգեցողության բոլոր տեսակներով կատարվող արական ու իգական մեներգեր, մեներգչի և խմբի, նաև երկու խմբի հարց ու պատասխանային զուգերգեր և այլն։ Խոր հնությամբ են բուրում «Վարդ, զքե չըմ սիրի» հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի երգերը, լրջությամբ են առանձնանում փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր» երգերը, անկեղծ հումոր է պարունակում «էն դիզան, տեսեք էն որն ի» երգ-հանելուկը, որի միջոցով ծաղրում են գյուղի հասարակության անարժան անդամներին և գովերգում փեսային ու հարսին, նրանց մեծարելով որպես «թագավոր» և «թագուհի»։ Հարսանիքի երաժշտությունը ընդգրկում է նաև նրա առանձին դրվագներին հատկացված հատուկ պարերգեր և նվագարանային եղանակներ (սրանցից մեկը Շիրակի շրջանում «Կալոսի պռկեն» սրամիտ անվանումով տարածված զուռնայի հանդիսավոր եղանակն է)։ Հայկական հարսանեկան երգերը դեռևս լրիվ հավաքված-գրառնված չեն, դրանք ունեն բազմաթիվ տեղային տարբերակներ։ Կոմիտասը, հարսանեկան երգերից կազմելով երկու երգաշար (սյուիտ), մշակել է ակապելլա երգչախմբի համար։

Ուկրաինական փոստային նամականիշ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 311