Հարուցիչը, ախտածինը կամ պաթոգենը (հուն․՝ πάθος (pathos) «տանջանք» և γενής (genēs) «առաջացնել» բառերից) ցանկացած միկրոօրգանիզմ է (սունկ, վիրուս, բակտերիա և այլն) կամ հատուկ սպիտակուց՝ պրիոն, որը կարող է առաջացնել այլ կենդանի օրգանիզմների ախտաբանական վիճակներ (հիվանդություններ)։ Ավելի լայն իմաստով պաթոգեն ասելով հասկանում ենք արտաքին միջավայրի ցանկացած ազդակ, որը կարող է որևէ կերպ վնասել օրգանիզմը կամ առաջացնել հիվանդություն[1][2]։

Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի հարուցչի պատկերը էլեկտրոնային մանրադիտակի տակ

Ախտածնի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա կարող է արտահայտվել տարբեր կերպ։ Ախտածինները օրգանիզմում կարող են առաջացնել թունավորում, հյուսվածքների քայքայում, կարգավորիչ մեխանիզմների խախտումներ և այլն։ Ախտածին միկրոօրիգանիզմների բացասական ազդեցությունը հիմնականում կապված է օրգանիզմում նրանց բազմացմամբ և օրգանիզմի վրա նրանց կենսագործունեության արգասիքների ազդեցությամբ։ Վարակիչ հարուցիչները որպես կանոն կարող են տարբեր ճանապարհներով գաղթել տիրոջ պոպուլյացիայի այլ տեսակներ և առաջացնել վարակիչ հիվանդություններ (վարակներ)։ Մարդու մոտ հարուցիչներով են պայմանավորված գրիպը, ծաղիկը, էբոլան, ջրծաղիկը, թոքաբորբը, խոզուկը, կարմրուկը և բազմաթիվ այլ հիվանդություններ։

Հարուցիչների տեսակները խմբագրել

Ենթաբջջային հարուցիչներ խմբագրել

Պրիոններ խմբագրել

Համաձայն պրիոնների մասին տեսության՝ պրիոնները այնպիսի վարակիչ հարուցիչներ են, որոնք չեն պարունակում նուկլեինաթթուներ։ Պրիոնները, փաստորեն, կազմված են միայն սպիտակուցներից, որոնք ունեն ոչ սովորական կառուցվածք։ Չնայած որ պրիոնները չեն բավարարում Կոխի պոստուլատների պահանջները՝ նրանց հարուցչային բնույթի տեսության համար Սթենլի Փրուսիները ստացել է Նոբելյան մրցանակ 1997 թ. ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։

Վիրուսներ խմբագրել

Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերին՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։ Պաթոգեն վիրուսները հիմնականում պատկանում են հետևյալ ընտանիքներին՝ ադենովիրուսներ, պիկորնավիրուսներ, հերպեսվիրուսներ, հեպադնավիրուսներ, ֆլավիվիրուսներ, ռոտրովիրուսներ, օրթոմիքսովիրուսներ, պարամիքսովիրուսներ, պապովավիրուսներ, պոլիոմավիրուսներ, ռաբդովիրուսներ և տոգավիրուսներ։ Վիրուսներն ունեն 20-300 նմ երկարություն[3]։

Պրոկարիոտներ խմբագրել

Բակտերիաներ խմբագրել

Չնայած որ բակտերիաների մեծ մասը անվնաս են կամ օգտակար, այնուամենայնիվ, հայտնի են որոշները, որոնք կարող են առաջացնել հիվանդություններ։ Բակտերիաները մեծ մասամբ մահանում են հակաբիոտիկների ազդեցությամբ, որոնք քայքայում են բակտերիայի բջջապատը՝ խախտելով նրա կենսագործունեությունը։ Բակտերիաների չափերը սովորաբար 1-5 մկմ են։

Պոռնո խմբագրել

Սնկեր խմբագրել

Սնկերը մեծ մասամբ սապրոֆիտ են. սակայն գոյություն ունեն որոշ սնկեր, որոնք առաջացնում են մարդու, կենդանիների և բույսերի հիվանդություններ։ Սնկերը որոշ մշակաբույսերի ամենատարածված հիվանդությունների հարուցիչներն են։ Սնկի սպորի մեծությունը տատանվում է 1-40 մկմ սահմաններում։

Այլ մակաբույծներ խմբագրել

Որոշ էուկարիոտ օրգանիզմներ, ինչպիսիք նախակենդանիներն ու որդերն են, նույնպես կարող են լինել հարուցիչներ և առաջացնել հիվանդություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dictionary.com: Pathogen Retrieved Aug 17th 2013
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  3. http://www.cdc.gov/ncidod/dvrd/spb/mnpages/dispages/ebola/qa.htm