Հարություն Կալենց

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալենց (այլ կիրառումներ)

Հարություն Տիրատուրի Կալենց (Հարություն Տիրատուրի Հարմանդայան, ապրիլի 10, 1910(1910-04-10)[1], Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[2][1] - մայիսի 7, 1967(1967-05-07)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965)։ Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, հետմահու)։

Հարություն Կալենց
Ծնվել էապրիլի 10, 1910(1910-04-10)[1]
ԾննդավայրԿյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[2][1]
Վախճանվել էմայիսի 7, 1967(1967-05-07)[2][1] (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Մեծ Լիբանան և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԵղիա Գասպարյան
ԱշակերտներԱրմինե Կալենց
Պարգևներ
ԱմուսինԱրմինե Կալենց[1]
ԶավակներՍարո Գալենց
Կայքgalentz.am
Հարություն Կալենց Վիքիդարանում
 Haroutiun Galentz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հարություն Կալենցը ծնվել է Օսմանյան կայսրության Սեբաստիա վիլայեթի Կյուրին քաղաքում, Տիրատուրի և Ալմաստի ընտանիքում։ Եղել է ընտանիքի չորս եղբայրներից երրորդը։ Ընտանիքն ունեցել է գորգերի և շալերի ֆաբրիկա, որի արտադրանքն արտահանվել է Եվրոպա։ Մեծ եղեռնի տարիներին Ալմաստին հաջողվել է որդիներին հասցնել Սիրիա։ Հալեպում  Ալմաստը մահանում է հիվանդանոցում, իսկ երեխաներն ապաստան են գտնում ամերիկյան որբանոցներից մեկում։ Հարությունն իր նախնական կրթությունը ստացել է որբանոցի դպրոցում՝ սովորելով ընդամենը չորս տարի։ Որբանոցից հետո ժամանակավոր ապաստան է գտել հորեղբոր մոտ։ 1923 թվականին ծանոթանում է Վիեննայի Գեղարվեստի դպրոցի ուսանող Օննիկ Ավետիսյանի հետ և գեղանկարչության դասեր է առնում նրանից[3]։ Կալենցը Հալեպում մնում է մինչև  17 տարեկան հասակը. վարձակալում է արվեստանոց, նկարում և վաճառում է դիմանկարներ ու ժանրային կտավներ։ 1927 թվականին Կալենցը տեղափոխվում է Լիբանան, որտեղ հաստատվել էին նրա երկու ավագ եղբայրները.: Տրիպոլիում նրանք բացում են «Հարմանդ» լուսանկարչատունը։ Հարմանդայան ազգանունը հայերեն թարգմանելով՝  հարությունը սկսում է իր աշխատանքները ստորագրել Կալենց անունով (ֆրանսիական տառադարձությամբ՝ Galentz):

Մասնագիտական կրթությունն ստացել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Միշլեի արվեստանոցում։ Վերջինիս հետ ճանապարհորդել է Լիբանանի և Սիրիայի մի շարք վայրերում, ստեղծել կտավներ, որոնք ցուցադրվել են 1920-ական թվականների վերջերից։

1930-1946 խմբագրել

1930 թվականին Կալենցը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ աշխատել է Քլոդ Միշլեի արվեստանոցին կից գեղարվեստական ստուդիայում՝ դասավանդելով գեղանկար և գծանկար։ Այնուհետև հիմնել է իր սեփական արվեստանոցը։ 1931 թվականին մասնակցել է երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին, եղել է 1932 թվականին Լիբանանում ստեղծված «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից և ամենամյա մասնակիցներից։ 1932-1945 թվականներին Կալենցը դարձել է Արվեստասերների միության կազմակերպման նախաձեռնողներից մեկը։ 1938 թվականին Բեյրութի իր արվեստանոցում Կալենցը հանդիպել է ապագա կնոջը` Արմինե Պարոնյանին, ով Կալենցի մոտ ուսանելու համար Բեյրութ էր տեղափոխվել Հալեպից։ 1939 թվականին Կալենցը մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանի տաղավարի համար արված նրա հարթաքանդակները արժանացել են պատվո դիպլոմի։ Եղել է 1942 թվականին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից։ 1943 թվականին Կալենցն ու Արմինեն ամուսնանացել են Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցու խորանի իր իսկ հեղինակած Տիրամոր հովանու ներքո։ 1944 թվականի փետրվարին ծնվել  է նրանց անդրանիկ որդին` Արմենը։ 1943 թվականին Կալենցը ստեղծել է Քլոդ Միշլեի դիմանկարը և այն ցուցադրում Լիբանանի նկարիչների միությունում հուլիսի 8-ին բացված ցուցահանդեսում[4]։

 
Հուշատախտակ այն տան պատին, որտեղ 1947-1967 թվականներին ապրել է Հարություն Կալենցը (այժմ՝ Կալենց թանգարան)

1946-1967 խմբագրել

1946 թվականի մայիսին տիկնոջ՝ նկարչուհի Արմինե Կալենցի և որդու հետ հայրենադարձել է։ Հոկտեմբերին Հայաստանում ծնվել է Կալենցների երկրորդ որդին` Սարոն։ 1947 թվականի ապրիլի 27-ին Երևանի նկարիչների տանը բացվել է հայրենդարձ հայ նկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունների առաջին ցուցահանդեսը,  որին 14 արվեստագետների շարքում մասնակցել են նաև Հարություն և Արմինե Կալենցները։
1947 թվականին Կալենցը հողակտոր է ստանում այն ժամանակ դեռ Երևանի տարածքից դուրս գտնվող ամայի մի վայրում[5]։
Ֆորմալիստական, դեկադենտական և  խորհրդային արվեստին խորթ հոսանքների դեմ պայքարի մասին կարգախոսնի պատճառով Կալենցին զրկում են նկարիչների միության անդամակցությունից և նրան չեն թույլատրում մասնակցելու Միության ամենամյա գեղարվեստական ցուցահանդեսներին և զրկվում է պետական պատվերներից։ 1951 թվականին ԽՍՀՄ նկարիչների միության նիստում որոշում է ընդունվել Հարություն Կալենցին նկարիչների միության անդամության լրացուցիչ ընդունելու (վերականգնելու) մասին։

1956-1967 1950-ական թվականների կեսերին Կալենցի արվեստանոցը սկսել է վերածվել առաջադեմ մտավորականության, գիտնականների, դերասանների, գրողների և ազատամիտ անհատների հանդիպման վայրի։ 1957 թվականին Կալենցը հանդիպում է Արտեմ Ալիխանյանի հետ և նրանք բարեկամանում են։ Ալիխանյանը դառնում է Կալենցի հովանավորն ու նրա արվեստի ջատագովը։ Կալենցի մասին տեղեկանում են մտավորականության լայն շրջանակները Մոսկվայում ու Լենինգրադում, արտերկրում։ 1959 թվականին Կալենցը Իլյա Էրենբուրգի միջոցով ծանոթանում է Լևոն Մկրտչյանի հետ։ 1959 թվականին Արտեմ Ալիխանյանը Մոսկվայի իր բնակարանում կազմակերպում է Կալենցի աշխատանքների ցուցադրությունը, այնուհետև այն ցուցադրում նաև Մոսկվայի ֆիզիկայի ինստիտուտում։

1959  թվականին Կալենցը ձևավորել է Լենինգրադի Մանրապատումների պետական թատրոնում Ա. Ռայկինի բեմադրած «Սեր և երեք նարինջ» ներկայացման երկու պաստառները։ 1961 թվականին Լենինգրադում Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկու բնակարանում բացվել է Կալենցի «ոչ պաշտոնական» ցուցահանդեսը։

Մահ խմբագրել

Հարություն Կալենցը մահացել է 1967 թվականին՝ սրտի կաթվածից, 57 տարեկան հասակում։

 
Հարություն Կալենցի ծննդյան 100-ամյակի առթիվ թողարկված նամականիշ, «Դերասանուհի Խմարայի դիմանկարը», Հայաստանի ազգային պատկերասրահ

Ցուցահանդեսներ խմբագրել

Արտասահմանում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ։ Մասնակցել է հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1962), Մոսկվայում (1965)։ 1966 թվականին մասնակցել է Չեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին, ապա Փարիզում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին։

  • 1961 թվականին Լենինգրադում Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկու բնակարանում բացվել է Կալենցի «ոչ պաշտոնական» ցուցահանդեսը։
  • 1962 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Կալենցի կենդանության օրոք  Հայաստանում կայացած առաջին և միակ անհատական ցուցահանդեսը։
  • 1970 թվականին Մոսկվայի գրողների կենտրոնական տանը բանաստեղծ Ա. Դիմշիցի աջակցությամբ բացվել է Կալենցի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
  • 1970 թվականի մայիսին Բեյրութի «Հայկ» ակումբում բացվել է Լիբանանի հավաքորդների մասնավոր հավաքածուներից բերված Կալենցի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
  • 1971 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Կալենցի հետմահու ցուցահանդեսը։
  • 1971 թվականին Լենինգրադի Մայակովսկու անվան գրողների տանը բացվում է Կալենցի ստեղծագործությունների ցուցահանդեսը (գրող Դմիտրի Մոլդավսկու և Լենինգրադի գրողների միության արվեստաբան Տատյանա Մախմուրյանի օժանդակությամբ)
  • 1980 թվականին Երևանի պետական համալսարանի  ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում կայանում է Հարություն Կալենցին  նվիրված գրականության երեկո և բացվել է Կալենցի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
  • 1988 թվականին Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում բացվում է Հարություն և Արմինե Կալենցների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված Արտեմ Ալիխանյանի ծննդյան 80-ամյակին։
  • 1992 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Գույնի երեք աշխարհ. Սարյան, Կալենց, Մինաս» ցուցահանդեսում ներկայացվել են նաև Կալենցի աշխատանքները։
  • 1995  թվականին Կալենցների տուն-արվեստանոցում կազմակերպվել է Կալենցի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդեսը։
  • 2000 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։

Պարգևներ խմբագրել

  • 1965 թվականին Կալենցին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։
  • 1967 թվականին հետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի՝ գրականության և արվեստի բնագավառում Ա. Գիտովիչի, Ս. Բարսեղյանի, Ա. Ալիխանյանի դիմանկարների և «Կակաչներ», «Քրդուհիներ», «Մեր բակը», «Գարուն», «Հրազդանի կիրճը» գեղանկարների համար։

Ստեղծագործություններ խմբագրել

Կալենցն ստեղծել է վեհաշունչ կտավներ, որոնց բնորոշ են բացառիկ գեղանկարչական ճաշակը, իրականությունը բացարձակապես գույներով ընկալելու վարպետությունը։ Կալենցի նշանավոր գործերից են գրող Վիվան Չիթեջյանի (1957), պարուհի Մայա Պլիսեցկայայի (1959), նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանի (1960), կինոդերասանուհի Վալենտինա Խմարայի (1961), ջութակահար Ա. Գաբրիելյանի, Խաչիկ Դաշտենցի, Գևորգ Էմինի, Վահագն Դավթյանի, Զարիֆա Փսոյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները, «Աշունը Զանգվի ձորում» (1957), «Սևանա կղզու Սուրբ Կարապետ եկեղեցին» (1957), «Աշունը բուսաբանական այգում» (1961), «Գարունը մեր բակում» (1967) բնանկարները, «Նատյուրմորտ. մրգեր» (1959), «Նատյուրմորտ» (1960), «Փողոց Տրիպոլում» (1940), «Գարուն», «Ծառ Զանգեզուրի ձորում», «Աշունը Հրազդանի ափին», «Ծաղիկներ», «Տեսարան Արաբկիրից», «Հին Երևան» և այլ կտավներ[6]։

Հիշատակ խմբագրել

 
Կալենց թանգարան
  • 2010 թվականի ապրիլի 27-ին՝ Հարություն Կալենցի 100 և Արմինե Կալենցի 90-ամյակի կապակցությամբ Երևանում բացվել է Կալենց թանգարանը։
  • Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի ստեղծագործական ժառանգության պահպանումը և համալրումն ապահովելու նպատակով, Հայաստանում և արտերկրում ուսումնասիրելու ու հանրաճանաչ դարձնելու, ինչպես նաև «Կալենց թանգարանի» գործունեությանն ու զարգացմանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է Կալենցի մշակութային հիմնադրամը։
  • Փողոցը, որտեղ տեղակայված է Կալենց թանգարանը, կոչում է Հարություն Կալենցի անունով[7]։

Գրականություն խմբագրել

  • Нерсисян, Алис Григорьевна, Художник Арутюн Каленц: жизнь, творчество / Нац. акад. наук Республики Армения, Ин-т искусств, Ереван, 2012
  • Հարություն Կալենց. Ալբոմ-մենագրություն, 141 էջ, Երևան, 2010, ISBN 978-9994187751[8]
  • Мкртчян, Левон Мкртичевич, Арутюн Галенц. Каким я его знал, Ереван : Наири, 2000
  • Արմինե Կալենց, Ներիր ինձ, Հարություն։ Հուշեր, Նաիրի, 1997, 206 էջ, ISBN 9785550009840
  • Удивительный Галенц: Статьи. Воспоминания. Ереван : Айастан, 1969

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 532.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  5. Կալենց, Արմինե (1997). Ներիր ինձ, Հարություն։ Հուշեր. Նաիրի. ISBN 9785550009840.
  6. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 82.
  7. «Деловой Экспресс - Экономический еженедельник Армении». web.archive.org. 2011 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  8. Կալենց, Հարություն (2010). Հարություն Կալենց. Այբենգիր. ISBN 9789994187751.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Կալենց» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Կալենց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 170