Հարապպայի քաղաքակրթություն

Հարապպայի քաղաքակրթություն, Ինդոսի հովտում, մ.թ.ա. մոտ III հազարամյակ - մ.թ.ա. XVII - XVI դդ. բարձր զարգացած քաղաքակրթություն Հյուսիսարևմտյան Հնդկաստանում։ Այժմյան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հարապպայի քաղաքակրթությունը տարածված է եղել ոչ միայն Ինդոսի հովտում, այլև ընդգրկել է արևմուտքից արևելք՝ Սուտկագան-Դորից (Պակիստան) մինչև Ալամգիրպուր (Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգ), հյուսիս-հարավ՝ Ռուպարից (Փենջաբ) մինչև Գուջարատ (Հնդկաստան) ընկած երկրամասերը։ Հարապպայի քաղաքակրթությունը գրավել է առավել մեծ տարածք, քան Նեղոսի հովտի և Միջագետքի քաղաքակրթությունները միասին։ Հարապպայի քաղաքակրթության հնավայրերից առավել արժեքավոր են Հարապպան, Մոհենջո-Դարոն, Չանհու-Դարոն՝ Պակիստանում, Լոտհալը, Կալիբանգանը և Ռուպարը՝ Հնդկաստանում։ Հարապպայի քաղաքակրթություն ստեղծող ժողովուրդը, որն զբաղվել է հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստագործությամբ, կերտել է արվեստի հոյակապ նմուշներ, ունեցել սեփական գիր, բնակվել է լավ հատակագծված քաղաքներում ու գյուղերում։

Հնագետների կողմից հայտնաբերված Մոհենջո Դարոյի ավերակները

Հարապպայի քաղաքակրթության քաղաքներին առավել բնորոշ են ուղիղ, միմյանց հատող, հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք ձգվող փողոցները։ Տները կառուցվել են թրծած աղյուսներով, գյուղերում և փոքր բնակավայրերում օգտագործվել է նաև հում աղյուս։ Հարապպայի քաղաքակրթության խոշոր կենտրոններն ունեցել են միջնաբերդ, որը երբեմն (օրինակ՝ Հարապպայում) շրջափակվել է ներսից հում, դրսից՝ թրծած աղյուսե, հանգուցային կետերում՝ աշտարակներ ունեցող հաստ պատով։ Պարզված է, որ Հարապպայի քաղաքակրթության բնակիչները պատրաստել են բամբակե գործվածքներ, պղնձե և բրոնզե գործիքներ, տնտեսական և կենցաղային այլ առարկաներ, զենքեր, նախշազարդ բազմապիսի խեցեղեն։ Զարգացման բարձր մակարդակի վրա են եղել քանդակագործությունը և կնիքի փորագրությունը։ Կենցաղային առարկաների վրա հայտնաբերված արձանագրությունները, որոնք գրված են աջից ձախ, դեռևս վերծանված չեն։ Կրոնական պաշտամունքները եղել են բազմազան, հրո զոհասեղանի առջև կատարվող ծիսակատարությունից բացի, հավանաբար, պաշտվել է նաև Շիվա աստծո նախատիպը, երկրպագվել են ծառերը, կենդանիները։ Նկատի առնելով, որ Հարապպայի քաղաքակրթության հասարակությունը բազում ընդհանրություններ է ունեցել Շումերի հասարակության հետ, ենթադրվում է, որ Հարապպայի քաղաքակրթությունը եղել է վաղ դասակարգային հասարակություն՝ ստրկատիրական կացութաձևով։ Հարապպայի քաղաքակրթության քաղաքական կարգը, ըստ երևույթին, հին արևելյան տիպի բռնապետություն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 37