Հավելանյութեր, շինանյութերի, բնական կամ արհեստական նյութեր, որոնք մտցվում են կապակցանյութերի, բետոնների և շաղախների կազմի մեջ՝ պատրաստի արտադրանքն անհրաժեշտ հատկություններով օժտելու և դրա արժեքը իջեցնելու նպատակով։ Ըստ նշանակման և հատկությունների հավելանյութերը դասակարգվում են մի շարք խմբերի։ Ակտիվ միներալային հավելանյութերը ջրային սիլիկահող կամ քիմիապես ակտիվ մետակաոլինիտ պարունակող նրբամանրեցված նյութեր են։

Ջրով շաղախվելիս կրի կամ պորտլանդցեմենտի հետ խառնված այս նյութերը քիմիական փոխազդեցության մեջ են մտնում դրանց հետ՝ առաջացնելով դժվար լուծելի հիդրոսիլիկատներ և կալցիումի այլ միացություններ։ Այդպիսով կիրը ձեռք է բերում ջրում պընդանալու հատկություն, իսկ ցեմենտը՝ բարձր դիմացկունություն՝ քաղցրահամ, ինչպես նաև սուլֆատ պարունակող ջրերում։ Ակտիվ միներալային հավելանյութերը լինում են՝ բնական (դիատոմիտներ, տրեպելներ, հրաբխային մոխիրներ ևն) և արհեստական (դոմնային հատիկավորված խարամներ, վառելիքի խարամներ ու մոխիրներ ևն)։ Դրանք լայնորեն օգտագործվում են ցեմենտների, կրապոզոլանային կարակցանյութերի արտադրությունում, ինչպես նաև բետոնների և շաղախների խտությունը, ջրակայունությունը և աղակայունությունը բարձրացնելու համար։

Հլցիչները նրբաղացած կրաքարեր, դոլոմիտներ, ավազներ, ցածրակտիվ խարամներ, մոխիրներ և այլ նյութեր են։ Վերջիններս մտցվում են կլինկերի, կրի և այլ նյութերի մեջ՝ դրանց խոշոր մասնիկների տեղակալման համար, որոնք պնդանալիս լիովին չեն հիդրատվում։ Հլցիչները օգտագործվում են ավազային, կարբոնատային և շարվածքային ցեմենտի պատրաստման դեպքում/ ինչպես նաև կապակցանյութերի ծախսի փոքրացման և բետոնների ու շաղախների խտության բարձրացման համար։ Թթվակայուն, ալկալիակայուն և կրակայուն բետոնների ու շաղախների հավելանյութերը նրբաղացած անօրգանական նյութեր են, որոնք աչքի են ընկնում բարձր դիմացկունությամբ՝ թթուների, ալկալիների և բարձր ջերմաստիճանների ազդեցության նկատմամբ։ Կատարելով միկրոլցիչների դեր, այս հավելանյութերը նպաստում են բետոնների և շաղախների դիմացկունության բարձրացմանը՝ ագրեսիվ ներգործությունների նկատմամբ։ Թթվակայուն հավելանյութերը են անդեզիտը, բազալտը, դիաբազը, գրանիտը ևն, ալկալիակայուն՝ ամուր կրաքարերը, դոլոմիտը ևն, կրակակայուն՝ նրբաղացած քրոմիտը, մագնեզիտը, հրակավը ևն։

Մակերևութաակտիվ հավելանյութերը օրգանական նյութեր են, որոնք ունեն ցեմենտի մասիկների վրա ադսորբվելու և դրանց մակերևութային հատկությունները փոխելու ունակություն։ Այս հավելանյութերը ստորաբաժանվում են պլաստիֆիկացնող (ջրով ցեմենտափոշու թրջելիությունը բարձրացնող) և հիդրոֆոբ-պլաստիֆիկացնող (թրջելիությունը փոքրացնող) նյութերի։ Հավելանյութերի այս երկու տեսակն էլ բարձրացնում են բետոնի և շաղախի խառնուրդների դյուրալցությունը, փոքրացնում՝ ցեմենտի ծախսը, մեծացնում՝ բետոնների ցրտակայունությունը և կոռոզիակայունությունը։ Մակերևութա-ակտիվ հավելանյութերը օգտագործվում են պլաստիֆիկացված և հիդրոֆոբ պորտլանդցեմենտի ստացման, ինչպես նաև խառնուրդների ջրապահանջմունքի նվազեցման ու ագրեսիվ միջավայրերում բետոնների դիմացկունության բարձրացման համար։ Կան նաև փրփրա և գազագոյացնող հավելանյութերը (բջջավոր բետոնների պատրաստման համար օգտագործվող նյութեր), կապակցանյութերիկ ապակցումն ու պնդացումն արագացնող ու դանդաղեցնող հավելանյութերը (կապակցանյութերի հիդրատացման արագության վրա ազդող նյութեր) և հակացրտային հավելանյութերը (բացասական ջերմաստիճաններում բետոնների ու շաղախների պնդացումն ապահովող նյութեր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 266