Հասարակական գիտակցություն
Հասարակական գիտակցություն (գերմ.՝ gesellschaftliche Bewußtsein), սոցիալական կեցության արտացոլում, որոշակի դարաշրջանին բնորոշ հասարակական պատկերացումների ամբողջություն։
Հասարակական գիտակցությունն էապես արտացոլում է կոնկրետ հասարակության վիճակը։ Այն հաճախ հակադրվում է անհատական գիտակցությանը՝ որպես ընդհանուր բան, որն առկա է յուրաքանչյուր մարդու գիտակցության մեջ՝ որպես հասարակության անդամ։ Հասարակական գիտակցությունը վերնակառույցի բաղկացուցիչ մասն է և արտահայտում է դրա հոգևոր կողմը։ Խորհրդային փիլիսոփայության մեջ հատկապես շեշտվում էր այն գաղափարը, որ հասարակական գիտակցությունն «ակտիվորեն» արտացոլում է սոցիալական գոյությունը, այսինքն՝ վերափոխում է այն։ Այն, բաղկացած լինելով հասարակությունը կազմող մարդկանց գիտակցություններից, դրա պարզ հանրագումարը չէ, այլ ունի համակարգային որոշ հատկություններ, որոնք նույնը չեն, ինչ անհատական գիտակցության հատկությունները։ Առանձնացնում են հասարակական գիտակցության տարբեր ձևեր։
Եզրույթի պատմություն խմբագրել
Հասարակական գիտակցության մասին պատկերացումների ակունքները սկիզբ են առնում Հեգելից[1], որը, սակայն, այս եզրույթի փոխարեն օգտագործել է «բացարձակ ոգի» հասկացությունը։ «Հասարակական գիտակցություն» (գերմ.՝ Gesellschaftliche Bewußtsein) տերմինը հանդիպում է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» աշխատության մեջ (1848 թվական)։ «Հասարակական գիտակցություն» եզրույթը 1895 թվականին օգտագործել է նաև Լենինը (Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2, էջ 482) և վերջնականապես ամրագրվել ու գիտական շրջանառության մեջ է դրվել Ալեքսանդր Բոգդանովի կողմից[2]։ Ռուսալեզու գրականության մեջ տերմինը երբեմն օգտագործվում է Էմիլ Դյուրկհայմի «կոլեկտիվ գիտակցություն» (ֆր.՝ Conscience collective) հասկացությունը բացատրելու համար[3]։
Ժամանակակից ռուսական փիլիսոփայության մեջ հասարակական գիտակցության ձևերը հաճախ փոխարինվում են հոգևոր ոլորտներով[4]։
Հասարակական գիտակցության ձևեր խմբագրել
Սովորաբար առանձնացնում են հասարակական գիտակցության վեց ձև[5].
- արվեստ (գեղարվեստական գիտակցություն)[6],
- գիտություն[7] (ներառյալ փիլիսոփայությունը),
- բարոյականություն[8],
- իրավագիտակցություն (իրավունք)[9],
- կրոն. մարդկության զարգացման վաղ փուլերում հասարակական գիտակցության համընդհանուր ձև, որը ծագել է մոտ 40-50 հազար տարի առաջ[10],
- գաղափարախոսություն (քաղաքական գիտակցություն). հասարակական գիտակցության բարձրագույն ձև[11]։
Հասարակական գիտակցության ձևերը կախված են կյանքից, սոցիալական ինստիտուտների կառուցվածքից, իմացության գործընթացի կազմակերպումից և այլն։ Հետևաբար, դրանք միշտ սերտորեն կապված են որոշակի տեսակի հասարակական հարաբերությունների հետ՝ տնտեսական, քաղաքական, բարոյական, գեղագիտական, գիտական համայնքի անդամների միջև հարաբերություններ և այլն։
Հասարակական գիտակցության յուրաքանչյուր ձևին՝ գիտություն, փիլիսոփայություն, դիցաբանություն, քաղաքականություն, կրոն և այլն, համապատասխանում է գիտելիքի հատուկ ձև[12]։
Խորհրդային փիլիսոփա Վասիլի Տուգարինովն առանձնացրել է հասարակական գիտակցության ընդամենը 4 ձև՝ արվեստ, բարոյականություն, գիտություն և փիլիսոփայություն[13], իսկ մակարդակների թվին է դասել գաղափարախոսությունը և հասարակական հոգեբանությունը։
Հասարակական գիտակցության սուբյեկտ խմբագրել
Տեսական մեծ խնդիր է այն հարցը, թե ով է հասարակական գիտակցության կրողը, սուբյեկտը։ Արդյո՞ք հասարակությունը կամ նրա որևէ հատված այնպիսի սուբյեկտ է, որն ընդունակ է որոշումներ կայացնել, ունենալ որոշակի հուզական կյանք և վերարտադրել իր նման գիտակցության կրողներ։ Որոշակի իմաստով կարելի է խոսել ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլև մարդկանց ավելի ընդհանուր խմբերի (դասակարգ, ազգություն, պետություն, մարդկություն) սուբյեկտիվ հատկությունների մասին։ Բայց պետք է հիշել, որ իդեալը՝ որպես մտածողության գործընթաց, չի կարող բնորոշ լինել ո՛չ ամբողջ հասարակությանը, ո՛չ էլ որևէ կոնկրետ հասարակական խմբի։ Գիտակցությունը` որպես այդպիսին, անձնական գոյության բացառիկ հատկություն է։ Հասարակությունը երեխայի ծնողների և շրջապատող միջավայրի միջոցով զարգացնում է նրա գիտակցությունը, որում, այդպիսով, նրա սեփական գոյությունը միշտ կապված է ավելի ընդհանուր խմբի գոյության հետ։ Յուրաքանչյուր մշակույթում ստեղծվում է խորհրդանիշների ամբողջություն` ստիպելով անհատին ապրել համայնքի շահերից ելնելով, ուրախություն և անհանգստություն զգալ նրա հաջողությունների ու ձախողումների համար։ Առանց այս համախմբի` մարդու գիտակցական կյանքը ոչ միայն կորցնում է իր բարձրագույն իմաստը, այլև պարզապես անհնար է։ Թեև անհատն ինքը մտածողության ուժով ունակ է փոփոխելու իր իսկ գիտակցությունը, փիլիսոփայական գաղափարների պատմության մեջ հայտնի փորձերը՝ կառուցելու սեփական գոյությունը` որպես հասարակությունից լիովին անկախ, միշտ ցույց են տվել դրանց անհիմն լինելը։
Մարդկանց սոցիալ-պատմական ընդհանրությունները կարող են ծնել որոշումներ կայացնելու ունակ սուբյեկտներ։ Օրինակ՝ պետությունները որոշում են կայացնում պատերազմ սկսելու կամ ավարտելու մասին, դասակարգերը պայքարում և ընտրում են դրա իրականացման արդյունավետ ձևերը։ Չնայած որոշումները, ի վերջո, ընդունվում են սահմանափակ թվով անձանց կամ նույնիսկ անհատների կողմից, զարգացած սոցիալական կառուցվածքում դրանք կապված են իրենց գործողությունները կարգավորող բավականին խիստ կանոններով՝ պետության սահմանադրությամբ, օրենքներով, կանոնակարգերով և նորմերով, ինչպես նաև բարոյականությամբ։ Միևնույն ժամանակ, հասարակության զարգացման այս փուլում հանրային գիտակցության վրա մեծ ազդեցություն են ունենում զանգվածային լրատվամիջոցները, որոնց միջոցով հնարավոր է էապես փոփոխել հանրային գիտակցությունը։
Ընդհանուր առմամբ, հասարակական գիտակցության առանձնահատկություններին վերաբերող մեծ հարցն այն է, թե ինչպես են փոխկապակցված անհատի և համայնքի սուբյեկտիվ հատկությունները, թե իր սուբյեկտիվ հատկություններից որոնք և ինչպես է (կամավոր կամ ակամա) անհատը փոխանցում համայնքը ներկայացնող այն մարմիններին, որոնք իրավունք ունեն խոսել իր անունից։
Հասարակական գիտակցության մակարդակներ խմբագրել
Հասարակական գիտակցության կառուցվածքը շատ բարդ է. առաջին հերթին այն բաժանվում է երկու՝ առօրյա-գործնական և գիտական-տեսական մակարդակների։ Հասարակական գիտակցությունը դիտարկելու այս տեսակետը կարելի է անվանել իմացաբանական, քանի որ ցույց է տալիս իմացաբանական սուբյեկտի ներթափանցման խորությունն օբյեկտիվ իրականության մեջ։ Ինչպես հայտնի է, առօրյա-գործնական գիտակցությունն առավել պակաս կառուցվածքային է, ավելի մակերեսային է, քան գիտական և տեսական գիտակցությունը։ Հասարակական գիտակցությունն առօրյա-գործնական մակարդակում դրսևորվում է որպես հասարակական հոգեբանություն, իսկ գիտական և տեսական մակարդակում՝ որպես գաղափարախոսություն։ Հարկ է ընդգծել, որ գաղափարախոսությունը ոչ թե ամբողջ գիտական-տեսական գիտակցությունն է, այլ միայն դրա այն մասը, որը դասակարգային բնույթ ունի։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ «Эстетика Гегеля». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ Богдановъ А. Наука объ общественномъ сознаніи. (Краткый курсъ идеологической науки въ вопросахъ и ответахъ). — М.: Книгоизд-во писателей, 1914. — 203 с.
- ↑ «Эмиль Дюркгейм. Общественное сознание. Социологический метод». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ Философия(չաշխատող հղում)
- ↑ «Общественное сознание. Его уровни и форма». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Искусство как форма общественного сознания». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Макс Вебер. Наука как призвание и профессия».
- ↑ «Мораль как форма общественного сознания». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Фарбер И. Е. Правосознание как форма общественного сознания. — М.: Юрид. лит., 1963». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Религия как форма общественного сознания». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Идеология национальная или государственная?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ Философия для аспирантов: учебное пособие / В. П. Кохановский [и др.]. — 2-е изд. — Ростов н/Д. : Феникс, 2003. — 448 с. — (Высшее образование). — ISBN 5-222-03544-1
- ↑ Тугаринов В. П. Избранные философские труды. — Л.: ЛГУ, 1988 — C.224
Գրականություն խմբագրել
- Общественное бытие и общественное сознаниеԱրխիվացված 2010-05-22 Wayback Machine // Философский словарь / Под ред. И. Т. Фролова. — 4-е изд. — М.: Политиздат, 1981. — 445 с.
- Введение в философию. — М.: Политиздат, 1989. Ч.2. — 3. Структура общественного сознания — С.445-455
- Демичёв В. А. Общественное бытие и общественное сознание. — Кишинёв, 1970.
- Келле В. Ж., Ковальзон М. Я. Формы общественного сознания — М., 1959
- Михайлов Ф. Т. Общественное сознание и самосознание индивида. — М. : Наука, 1990. — 222 с.
- Уледов А. К. Структуры общественного сознания. — М., 1968.
- Челышев П. В. Обыденное сознание или не хлебом единым жив человек. М.: Московский государственный горный университет, 2007. — 359 с.