Հանքային ջուր, ստորգետնյա ջրեր, ձևավորվում է տարբեր հորիզոնների ստորերկրյա ջրերի խառնման, հանքային մթնոլորտի ու հանքափորվածքներով բացված ապարների հետ նրանց փոխազդեցության միջոցով։ Պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հանքային ջրի բաղադրությունը կախված է տարածքի երկրաբանական զարգացումից, տեկտոնական կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից ևն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և հրաբխային պրոցեսներից։

Հանքային ջուր
Ենթատեսակջուր և ըմպելիք
 Mineral waters Վիքիպահեստում
Ջերմուկ հանքային ջուրը

Հայաստանի տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով՝ «Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Սևան», «Ջերմուկ» (ավելի քան 400 բնական ելքեր)։ Նշված ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ, ունեն 3-8 գ/լ միջին հանքայնացում։ Ջերմաստիճանը տատանվում է 4 °C-ից (Գռիձոր), 64 °C (Ջերմուկ) սահմաններում։ Հանքային ջուրն օգտագործվում են խմելու, լոգանքների, բոլոր տեսակի ցնցուղների, ինհալացիաների, ողողումների նպատակով, ստամոքսաղիքային ուղու, նյարդային համակարգի, երիկամների, միզուղիների և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Որոշ հանքային ջրերը զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժակը լավացնող միջոց են։

Հայաստանում հանքային ջրերի հիմքի վրա ստեղծվել են բազմաթիվ առողջարաններ, շշալցման գործարաններ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանքային ջուր» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 233