Հանցագործությունից կամովին հրաժարում

Հանցագործությունից կամովին հրաժարում. անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողությունը (անգործությունը) դադարեցնելը, եթե անձը գիտակցել է հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը։ Անձը չի ենթարկվում քրեական պատասխանատվության հանցագործության համար, եթե կամովին և վերջնականապես հրաժարվել է հանցագործությունը ավարտին հասցնելուց ։ Կամովին հրաժարման սոցիալական բնույթը, ինչպես նշում է Ա. Պ. Կոզլովը, նրանում է, որ անձը սկսում է կատարել հանցագործությունը, բայց այս կամ այն ուժի պատճառով իր սեփական կամքով դադարեցնում է հանցավոր վարքագիծը, որով էլ պայմանավորված հանցավոր հետևանքը վրա չի հասնում։ Հասարակության համար գլխավորն այս կամ այն հասարակական հարաբերությունը վնասելու բացառումն է ։ Սոցիալական օգտակարությունը կամովին հրաժարման ավելի բարձր է համեմատ ոչ կամովին հրաժարված հանցավոր գործունեության, քանի որ նման դեպքում ոչ միայն կանխվում է հանցավոր գործունեությունը, այլև արդեն անձի հարաբերականորեն չսկսված հանցավոր հետևանքը դառնում է ոչ հանցավոր, որում չկա հանցակազմ, չնայած անձի գործողությունները ինչ- որ մասով մնում են հանցավոր[1]։ Ֆրանց ֆոն Լիստի խոսքերով. «Օրենսդիրը կառուցել է ոսկե կամուրջ՝ նախնական հանցավոր գործողություններ սկսած անձի նահանջի համար»[2]։

Կամովին հրաժարման հատկանիշները և պայմանները խմբագրել

Հանցագործությունից կամովին հրաժարվելու օբյեկտիվ կողմը բնութագրվում է նրանով, որ անձը դադարեցնում է գործողությունը (անգործությունը), որն ուղղված է հանցագործությունը նախապատրաստելուն կամ կատարելու, եթե նա ունեցել է այն կատարելու հնարավորություն։

Կամովին հրաժարման սուբյեկտիվ հատկանիշները մի քանիսն են։ Առաջինը դրանցից հանդիսանում է կամովին լինելը։ Անձը պետք է հրաժարվի արդեն իսկ մտածված գործողությունները կատարելուց սեփական կամքով և ոչ թե հարկադրանքի կամ անհաղթահարելի ուժի պատճառով։ Հանցագործությունից կամովին հրաժարվելու շարժառիթները նշանակություն չունեն։ Դրանք կարող են լինել վախը, խղճի խայթը, վախը հնարավոր քրեական պատասխանատվությունից, խղճահարությունը տուժողի նկատմամբ և նույնիսկ ծուլությունը, բայց հիմնական շարժառիթը հանդիսանում է բացահայտման վախը։ Երկրորդ սուբյեկտիվ հատկանիշը ՝ հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորության գիտակցումն է։ Խոսքը վերաբերում է անձի սուբյեկտիվ ընկալմանը, այսինքն՝ եթե նույնիսկ օբյեկտիվորեն հնարավորություն չի եղել հանցագործությունը ավարտին հասցնելու, սակայն անձը կարծել է, թե ինքն ունի այդպիսի հնարավորություն և դադրեցրել է հանցանքի կատարման ուղղված իր գործունեությունը, ապա կամովին հրաժարում առկա է։ Վերջապես, կամովին հրաժարումը պետք է լինի վերջնական։ Անձը պետք է հրաժարվի վերջնականապես, այլ ոչ թե հետագայում ավելի բարեհաջող պայմաններում իրականացնելու նպատակով ։

Կամովին հրաժարումը ավարտված հանցափորձի դեպքում խմբագրել

Կամովին հրաժարումը հնարավոր է հանցագործության նախապատրաստության և չավարտված հանցափորձի փուլերում։ Կամովին հրաժարման հնարավորությունը ավարտված հանցափորձի փուլում, երբ մեղավորն արդեն կատարել է բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են հանցագործությունն ավարտին հասցնելու համար, բայց չեն կատարվում նրանից անկախ հանգամանքներում, հանդիսանում է վիճելի։ Ա.Մ. Յակովլևը նշում է, որ ավարտված հանցափորձի ժամանակ կամովին հրաժարումը հնարավոր է մի դեպքում, եթե հետևանքի առաջացման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, և անձն ակտիվ գործողություններով կանխում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը։ Մյուս դեպքերում կամովին հրաժարումը ավարտված հանցափորձի դեպքում հնարավոր չէ։

Հետևանքները խմբագրել

Կամովին հրաժարումը հանցագործության նախապատրաստությունից կամ հանցափորձից բացառում է քրեական պատասխանատվությունը ։ Եթե անձը հրաժարվում է հիմանական հանցավոր մտադրությունները կատարելուց, սակայն չավարտված հանցավոր գործողությունների ընթացքում արդեն կատարել է մի քանի հանրորեն վտանգավոր արարքներ (օրինակ՝ ապօրինի զենք ձեռք բերելը), ապա նա դրանց համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Հանցագործության նախապատրաստությունից կամ հանցափորձից կամովին հրաժարվելը բացառում է քրեական պատասխանատվությունը, քանի որ անձի կատարածում բացակայում է հանցակազմը։ Կամովին հրաժարում և գործուն զղջալ Կամովին հրաժարումը չպետք է շփոթել գործուն զղջալու հետ, քանի որ դրա դեպքում հանցավորը հանցագործությունը ավարտելուց հետո ակտիվ գործողությունների է դիմում հանրորեն վտանգավոր հետևանքները վերացնելու, հասցրած վնասը կամովին հատուցելու կամ այլ ձևով պատճառված վնասը հարթելու համար։ Հանցագործությունից կամովին հրաժարումը կարող է տեղի ունենալ միայն չավարտված հանցագործության դեպքում, մինչդեռ գործուն զղջալը ՝ միայն հանցագործության ավարտից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Козлов А. П. Учение о стадиях преступления. СПб., 2002. С. 308.
  2. Франц фон Лист. Учебник уголовного права. М., 1903. С. 321. Цит. по: Уголовное право России / Под ред. В. Н. Кудрявцева, В. В. Лунеева, А. В. Наумова. М., 2006. С. 246.