Հայտնություն Հովհաննեսի

Հայտնություն Հովհաննեսի կամ Սուրբ Հովհաննես առաքյալի և աստվածաբան ավետարանչի հայտնությունը (գրաբար՝ Յայտնութիւն Յովհաննու կամ Սուրբ Յովհաննէս առաքեալի եւ աստուածաբան աւետարանչի յայտնութիւնը, հուն․՝ ἀποκάλυψιςԱպոկալիպսիս), Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի կանոնի գրքերից վերջինը։ Պատմոս կղզի աքսորված Հովհաննես առաքյալի այս գրվածքը մարգարեական է՝ կազմված տեսիլքներից ու հայտնություններից։ Գիրքը լի է վախճանաբանական այլաբանություններով և խորհրդանշաններով։

Նոր Կտակարան
Մատթեոս
Մարկոս
Ղուկաս
Հովհաննես
Գործք
Հռոմեացիներին
Ա Կորնթացիներին
Բ Կորնթացիներին
Գաղատացիներին
Եփեսացիներին
Փիլիպպեցիներին
Կողոսացիներին
Ա Թեսաղոնիկեցիներին
Բ Թեսաղոնիկեցիներին
Ա Տիմոթեոսին
Բ Տիմոթեոսին
Տիտոսին
Փիլիմոնին
Եբրայեցիներին
Հակոբոս
Ա Պետրոս
Բ Պետրոս
Ա Հովհաննես
Բ Հովհաննես
Գ Հովհաննես
Հուդա
Հայտնություն
Յոթը հրեշտակներ շեփորներով (Հայտնության դրվագներից մեկի պատկեր միջնադարյան ձեռագրից)

Գրքի հեղինակը խմբագրել

Գիրքը գրել է Հովհաննես առաքյալը, որը միաժամանակ իր անունը կրող Ավետարանի հեղինակն է։ Հովհաննեսն այս գիրքը գրել է Պատմոս կղզում, ուր աքսորվել էր Հռոմեական կայսրության մեջ քրիստոնեության դեմ սկսված հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու համար։ Նրա գիրքն ուղղված է Փոքր Ասիայի արևմտյան ափերին գտնվող յոթ եկեղեցիներին։

Գրության ժամանակը խմբագրել

Մասնագետների մի խումբ Հայտնության գիրքը թվագրում է 68-69 թթ, մեկ այլ խումբ՝ 81-96 թթ.։

Բովանդակությունը խմբագրել

Գիրքը Հայտնությունների մի շարք է, որ Քրիստոսը կատարում է, որպեսզի «իր ծառաներին ցույց տա, թե շուտով ի՛նչ է պատահելու» (1.1)։ Հովհաննեսը նկարագրում է իր տեսիլքը, որտեղ հայտնվում է Հիսուս Քրիստոսը և հրամայում նրան գրի առնել իր հակիրճ ուղերձները Ասիայի 7 եկեղեցիներին։ Այնուհետև պատկերվում են աշխարհի գալիք իրադարձությունները՝ սատանայի և նրա ծառաների վերջնական պարտությամբ, երկնքի ու երկրի վերափոխմամբ և Աստծո Գառի (Հիսուս Քրիստորսի) հավիտենական հաղթանակով։ Գրքի բուն նպատակն է վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան նկատմամբ, որն ավարտվում է Փրկչի խոստումով. «Ես գալիս եմ շուտով։ Ամեն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»։ (22.20)։ Ժամանակաշրջանը, երբ գրվել է Հայտնությունը քրիստոնյաների հալածանքների ծանր մի ժամանակ էր։ Պատճառն այն էր, որ նրանք միակ Տեր և Աստված էին ճանաչում Հիսուս Քրիստոսին։ Արդ, հեղինակի գլխավոր մտահոգությունն է եղել ընթերցողներին հույս և քաջալերանք ներշնչել և հորդորել, որ հավատարիմ մնան հալածանքների և չարչարանքների ընթացքում։ Ուստի գիրքը բնավ նպատակ չունի վերահաս մի վախճանի սարսափով համակելու հավատացյալներին։ Ընդհակառակը, հեղինակի նպատակն է նրանց վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան կապակցությամբ, որ ազատագրության և փրկության ցանկալի պահն է լինելու։ Գրքի մեծագույն բաժինը կազմում են մի շարք հայտնություններ և տեսիլքներ՝ ներկայացված խորհրդանշական լեզվով, որ հասկանալի էր այդ օրերի քրիստոնյաներին, բայց ուրիշների համար մնում էր խորհրդավոր։ Ինչպես համանվագում կրկնվող մայր եղանակը, գրվածքի գլխավոր բնաբանը կրկնվում է զանազան ձևերով և զանազան տեսիլքների մեջ։ Թեպետ մեկնաբանությունների մեջ կան մանրամասնությունների տարբերություններ, սակայն գլխավոր բնաբանը հստակ է. Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված վերջնականապես և ամբողջական կերպով պարտության է մատնելու իր թշնամիներին, ներառյալ Սատանային, և իր հավատարիմ ժողովրդին վարձատրելու է նոր երկնքի և նոր երկրի օրհնություններով, երբ հաղթանակն ամբողջական լինի։

Հայտնության կառուցվածքը խմբագրել

  • Նախաբան (1.1-8)
  • Առաջին տեսիլքը և յոթ եկեղեցիներին ուղղված նամակներ (1.9-3.22)
  • Յոթ կնիքներով կնքված գիրքը (4.1-8.1)
  • Յոթ փողերը (8.2-11.19)
  • Վիշապը և երկու գազանները (12.1-13.18)
  • Այլ տեսիլքներ (14.1-15.8)
  • Աստծու բարկության յոթ սկավառակները (16.1-21)
  • Բաբելոնի ավերումը և գազանի, սուտ մարգարեի և Սատանայի պարտությունը (17.1-20.10)
  • Վերջին դատաստան (20.11-15)
  • Նոր երկինք, նոր երկիր և նոր Երուսաղեմ (21.1-22.5)
  • Եզրակացություն (22.6-21)

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 205