Հայկական էսքիզներ (վիպակ-էսսե)

«Հայկական էսքիզներ», Վարդգես Պետրոսյանի վիպակ-էսսեն, որը գրվել է 1965- 1978 թվականներին։

Հայկական էսքիզներ
ՀեղինակՎարդգես Պետրոսյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ-էսսե
Լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1980
ՎիքիքաղվածքՀայկական էսքիզներ

Վիպակ-էսսեի Ա և Բ մասերը 1973 թվականին լույս են տեսել «Դեղատուն Անի» գրքում, իսկ 1978 թվականին Մոսկվայում լույս է տեսել ռուսերեն թարգմանությունը՝ Ա, Բ և Գ մասերով։ Ամբողջական տեսքով «էսքիզները» հայերեն առաջին անգամ լույս են տեսնում 1980 թվականին` «Սովետական գրող» հրատարակչության կողմից։

«Հայկական էսքիզներ»-ի համար 1979 թվականին Վարդգես Պետրոսյանն արժանանում է ՀՍՍՀ Պետական մրցանակի։

Բովանդակություն խմբագրել

Հեղինակը վիպակ-էսսեն գրել է Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից։ Ամբողջ ընթացքում ամփոփելով հիշողությունների կծիկը, Վարդգես Պետրոսյանը փորձել է ամբողջովին ներկայացնել Հայաստանը։

Վիպակ-էսսեն սկսվում է Վահան Տերյանի «Օ՜, հայրենիք, դառն ու անուշ» խոսքերով։ Հեղինակն ասում է, որ Հայաստանը պատահաբար են Հայաստան կոչել, որովհետև այն Քարաստան է։ Հաճախ է հանդիպում իր և իր ընկեր Ռուբենի խոսակցությունները։ Ռուբենին ներկայացնում է որպես շատախոս և կատակասեր մարդ։

Հայաստանը Վարդգես Պետրոսյանը ներկայացնում է նաև սփյուռքահայության ապրումների միջոցով։ Ներկայացնում է տարբեր հայերի հետ իր ունեցած հանդիպումներից պատմություններ, մեջբերումներ անում նրանց խոսքերից, ինչպես, օրինակ, հիշում է 1963 թվականին Բեյրութում ապրող Վահան Պասկալյանին և մեջբերում նրա հետևյա խոսքերը.

«Հյուրանոցում անցավ կյանքս, որովհետև օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է` լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի։ Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր, ես ուշ հասկացա»։

Անդրադառնում է գերեզմաններին, հատկապես Կոմիտասի գերեզմանին։ Գրում է, որ հաճախ է այցելում Կոմիտասի գերեզմանին և պատմում նրան հայերից, չի պատմում այն հայի մասին, ով լքում է իր տունը, այլ այն հայի, ով 50 տարի անց այցելում է իր ծննդավայր՝ Վան։

Ինքը՝ Վարդգես Պետրոսյանը գիրքը նկարագրում է այսպես.

«Այս գիրքը` ապրած-չապրած ժամանակներին վերադառնալու մոտենալու-հեռանալու ճիգերից գոյացած խճանկար է, անընդհատ մի ճանապարհ՝ վերելքներով ու վայրէջքներով...

Դնե՞լ վերջակետ այս գրքին... Չգիտեմ»։

Մեջբերումներ խմբագրել

  • ...Շատ ենք սենտիմենտալ մենք՝ հայերս, բոլոր թռչունների, ծառերի մեջ անգամ իմաստ ենք դնում, ուզում ենք թռչուններին անգամ հասկանալ, երբ իրար չենք հասկանում։ Ուզում ենք այն, ինչ անհնար է, հետո սկսում ողբալ, որ անհնար է անհնարինը։
  • ...Աշխարհում պարզապես ոչ մի երեխա պիտի ոտաբոբիկ չլինի. այդ մեզ անձայն կտակել են գաղթի ճանապարհին հոգնած, արյունլվա ոտքերով մեր պապերը և պապերի պապերը։
  • Պատմությունը գրատախտակ չէ, որ դուր չեկածդ նախադասությունը ջնջես։
  • Աշխարհում ոչ-մի բան առաջին անգամ չեն ասել։ Մարդիկ պարզապես առաջին անգամ են լսում։
  • Հյուրանոցում անցավ կյանքս, որովհետև օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է՝ լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի։ Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր, ես ուշ հասկացա։
  • Հիշելու ընդունակությունը տրված է նաև մոռանալու համար։
  • Ես սիրում եմ աշխարհի ճանապարհները, որովհետև վերջին հաշվով նրանք ինձ հայրենիք են բերում, բայց առանց հայրենական մի քանի հարյուր կիլոմետրի ինձ ոչ-մի տեղ չեն տալի աշխարհի միլիոնավոր կիլոմետրերը։
  • Չի կարելի շատ մոտիկից նայել հարազատ մարդու վերքը։
  • ...Հայրենիքն այն է, որ ուրիշին պատմել չի լինի, որ հայրենիքի օդը թթվածնի, ազոտի և ածխաթթվի պարզ միացություն չէ, որ հայրենիքի ծառը պարզապես կանաչ չէ։
  • Բայց գուցե հայրենի՞քը կների, ասում են՝ հայրենիքը մայր է, ներում է։ Ես վանում եմ այդ միտքը. սու՛տ է, հայրենիքը չի ներում երբեք, այդ մարդիկ է, որ պիտի ներեն իրենց Հայրենիքին, եթե ինչ-որ բան կա ներելու։ Մարդիկ, մենք ամենքս ապրում ենք հազիվ մի քանի տասնամյակ և ժամանակ չենք ունենա Հայրենիքի ներմանն սպասելու, իսկ Հայրենիքը հավիտենական է։

Գրականություն խմբագրել

  • Վերջին ուսուցիչը։ Վիպակներ և պատմվածքներ։ - Երևան, Սովետական գրող, 1980 թվական։

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են