Հակոբ Կուռոյան

գյուղատնտեսական արտադրության հայ խորհրդային ​​կազմակերպիչ և առաջավոր

Հակոբ Արամի Կուռոյան (Կուրոյան) (1910, Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1980, Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գյուղատնտեսական արտադրության հայ խորհրդային կազմակերպիչ և առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1951)[1]։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Հակոբ Կուռոյան
Ծնվել է1910
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1980
Մահվան վայրԿամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿամո
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Կուրոյանը ծնվել է 1910 թվականին Երևանի նահանգի Նոր Բայազետ քաղաքում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք)։ Մանկուց զբաղվել է հողագործությամբ՝ օգնելով հորը բազմազավակ ընտանիքին ապահովելու գործում։ Կուրոյանի աշխատանքային կարգավիճակը համեմատաբար բարելավվել է 1924 թվականին, երբ կազմակերպվել է բատրակկոմը (բատրակային կոմիտե), և նա դարձել է բատրակների միության անդամ[2]։

1929 թվականին Հակոբ Կուրոյանն աշխատանքի է անցել Անդրկովկասյան կաշեգործական տրեստում՝ որպես բանվոր։ Իրեն լավագույն հատկանիշներով դրսևորելով՝ 1931 թվականին Կուրոյանը նշանակվել է տրեստի Մարտունու մասնաճյուղի ղեկավար։ Շուտով նա զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերը՝ անցնելով զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո Կուրոյանը վերադարձել է ՀԽՍՀ Նոր-Բայազետի շրջանի Նոր-Բայազետ քաղաք և նշանակվել Անդրկովկասյան կաշեգործական տրեստի Նոր-Բայազետի շրջանային բաժանմունքի ղեկավար։ Համալրվելով ՀամԿ (բ)Կ / ԽՄԿԿ շարքերը՝ 1938 թվականից Կուրոյանը անցել է կուսակցական աշխատանքի, 1938-1939 թվականներին աշխատել է Հայաստանի կոմկուսի Նոր-Բայազետի շրջկոմում որպես հրահանգիչ, իսկ 1939-1941 թվականներին եղել է Նոր-Բայազետի շրջկոմի կադրերի բաժնի վարիչի տեղակալ[3]։

1941 թվականին Հակոբ Կուրոյանը նշանակվել է ՀԽՍՀ Նոր-Բայազետի շրջանի Բատիկ Բատիկյանի անվան կոլտնտեսության խորհրդի նախագահ՝ կոլտնտեսության աշխատանքը բարելավելու նպատակով։ Նրա գլխավորությամբ ավարտվել են կոլտնտեսության դաշտային բրիգադների ու ֆերմաների համալրումը, բարելավվել է աշխատանքների կազմակերպման մակադակը։ Մինչև 1942 թվականը կոլտնտեսությունը հաջողությամբ իրականացրել է գյուղատնտեսական մթերքների պետությանը հանձնելու պլանները[3]։

1942 թվականի դեկտեմբերի 14-ին Հակոբ Կուրոյանը զորակոչվել է Բանվորա-գյուղացիական կարմիր բանակ։ 1943 թվականի հունվարից Կուրոյանը ծառայել է 22-րդ բանակում, եղել է 43-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 123-րդ գվարդիական հրաձգային գնդի մարտկոցի հրամանատար[4]։ Մարտում ստացած վերքի պատճառով նրան ուղարկել են հոսպիտալ, ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է ծառայության[3]։ 1944 թվականի մայիսից ավագ լեյտենանտ Կուրոյանը մասնակցել է Բալթյան 2-րդ ռազմաճակատի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 26-ին Լատվիական ԽՍՀ Ռեզեկնե շրջանի տարածքում խորհրդային զորքերի հարձակման ժամանակ մարտկոցը՝ Կուրոյանի գլխավորությամբ, աջակցել է երկու գումարտակների հարձակմանը։ Գերմանական զորքերը՝ հագեցած տանկերով, մեծ քանակությամբ ականանետերով և հրետանիով, բազմիցս անցել են հակահարձակման։ Կուրոյանի մարտկոցը մարտական գործողությունների ժամանակ ոչնչացրել է թշնամու կենդանի ուժը, գերմանացի յոթ զինվորների գերի վերցրել։ Արդյունքում գերմանական հակահարձակման պլանը ձախողվել է։ Սեպտեմբերի 21-ի հարձակման ժամանակ Կուրոյանը վիրավորվել է երրորդ անգամ։ Արիության և խիզախության համար Կուրոյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով[4][Նշում 1]։

Զորացրվելուց հետո Հակոբ Կուրոյանը կրկին նշանակվել է ՀԽՍՀ Նոր-Բայազետի շրջանի «Բատիկ Բատիկյանի» անվան կոլտնտեսության վարչության նախագահ։ Այդ ընթացքում կոլտնտեսությանը անհրաժեշտ են եղել միջոցներ՝ պետության հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու, մշակութային ու կենցաղային ձեռնարկությունները ֆինանսավորելու համար։ Միջոցներն ավելացնելու նպատակով նախագահ Կուրոյանի որոշմամբ կոլտնտեսությունում սկսվեց եկամտաբեր գյուղատնտեսական մշակաբույսի՝ ծխախոտի մշակումը[5]։ 1947 թվականի դեկտեմբերի վերջին, երբ կոլտնտեսության հազարավոր ոչխարներ լեռներում էին, այնտեղ ուժեղ ձնաբուք է սկսվել, որի արդյունքում հովիվները կենդանիների հետ միասին մնացել են ձյան հաստ շերտի տակ։ Գիշերվա ընթացքում Կուրոյանն անձամբ է փրկել հովիվներին, ինչպես նաև կարողացել է առանց զգալի կորուստների փրկել կենդանիներին[6]։ 1950 թվականին կոլտնտեսությունում Կուրոյանի ղեկավարությամբ 12 հա ընդհանուր մակերեսով դաշտերից հավաքվել է Սամսուն տեսակի ծխախոտի ռեկորդային բերք՝ հեկտարից 30,6 ցենտներ[5]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1951 թվականի հուլիսի 3-ի հրամանագրով 1950 թվականին ոռոգելի հողատարածքներից ծխախոտի բարձր բերք ապահովելու և հացահատիկային կուլտուրաների ու խոտի սերմերի բերքահավաքի և կալսման գործում բարձր ցուցանիշների հասնելու համար Հակոբ Կուրոյանը արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, նրան հանձնվել է Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[7]։

Նույն թվականին Հակոբ Կուրոյանն իր ցանկությամբ գործուղվել է ՀԽՍՀ կոլտնտեսության նախագահների հանրապետական դպրոց համապատասխան կրթություն ստանալու։ Բայց 1952 թվականին Կուրոյանին գործուղել են ՀԽՍՀ Նոր-Բայազետի շրջանի Հացառատ գյուղի կոլտնտեսություն՝ որպես նախագահ՝ գյուղատնտեսական աշխատանքների մթերատվությունը բարձրացնելու համար։ Կուրոյանը, չկտրվելով արտադրությունից, ավարտել է կոլտնտեսության նախագահների հանրապետական դպրոցը։ 1954 թվականին կրկին նշանակվել է Բատիկ Բատիկյանի անվան կոլտնտեսության նախագահ։ 1958 թվականին կոլտնտեսության հիմքի վրա կազմակերպվել է կաթնա-անասնաբուծական տնտեսություն, և Կուրոյանը նշանակվել է սովխոզի տնօրեն[8]։ Արդեն 1959 թվականին սովխոզում զգալիորեն գերազանցվել են սահմանված արտադրական պլանները[9]։ Յոթնամյա պլանի արդյունքներով Հակոբ Կուրոյանը պարգևատրվել է Լենինի երկրորդ շքանշանով։

Հակոբ Արամի Կուրոյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ։ Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 5-րդ գումարման պատգամավոր, եղել է ՀԿԿ Կամոյի շրջկոմի բյուրոյի անդամ, մի քանի անգամ եղել է շրջկոմի պլենումների պատվիրակ[9]։

Հակոբ Կուրոյանը մահացել է 1980 թվականին Կամո քաղաքում։ Թաղված է քաղաքային գերեզմանատանը[10]։

Պարգևներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1951 թվականի հուլիսի 3-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» մեդալ) - 1950 թվականին ոռոգելի հողատարածքներից ծխախոտի բարձր բերք ապահովելու և հացահատիկային կուլտուրաների ու խոտի սերմերի բերքահավաքի և կալսման գործում բարձր ցուցանիշների հասնելու համար[7]։
  • Լենինի շքանշան (23.06.1966)[7]։
  • «Մարտական ծառայության համար» մեդալ (11/6/1947)[4]։
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ[4]։
  • «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ[4]։

Գրականություն խմբագրել

  • Саакян В. М., Геворкян В. А. Куроян Акоп Арамович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 204—209. — 325 с.

Նշումներ խմբագրել

  1. Մրցանակների ցանկում և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրում նշվում է Акоб անունը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
  2. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 204
  3. 3,0 3,1 3,2 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 205
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Подвиг Народа//80233581
  5. 5,0 5,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 206
  6. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 207—208
  7. 7,0 7,1 7,2  Հակոբ Կուռոյան «Երկրի հերոսներ» կայքում
  8. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 208
  9. 9,0 9,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 209
  10. «Акоп Арамович Куроян». hush.am. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել