Հալիարտուս կամ Հալիարտոս (հին հունարեն՝ Ἁλίαρτος), հայտնի նաև որպես Արիարտուս կամ Արիարտոս կամ Հարիարտուս կամ Հարիարտոս (Ἀρίαρτος or Ἁρίαρτος), քաղաք հնադարյան Բեոտիայում, բեոտյան լիգայի քաղաքներից մեկը։ Տեղակայված է Կոպաիդա լճի հարավային կողմում՝ լեռան և լճի միջև ընկած հատվածում[1]։ Նշված է Հոմերոսի «Իլիական» վիպերգում, որտեղ նրան տրվել է «ποιήεις» մակդիրը՝ իր խնամված մարգագետինների հետ կապված[2][3]։

Մ.թ.ա. 484 թվականին Քսերքսես I-ի կողմից Հունաստան ներխուժելու ժամանակ միակ քաղաքն էր, որը հավատարիմ էր մնացել Հունաստանին, որի արդյունքում ոչնչացվել է պարսիկների կողմից[4], սակայն շուտով վերակառուցվել և պելոպոննեսյան պատերազմում դարձել Բեոտիայի գլխավոր քաղաքներից մեկը[5]։ Պատմության մեջ առավելապես հիշվում է Հալիարտուսի ճակատամարտով, որը տեղի է ունեցել քաղաքի պարիսպների տակ Լիսանդերի և Թեբեի միջև, և որտեղ Լիսանդերը զոհվել է մ․թ․ա․ 395 թվականին[6][7][8][9]։ Մ.թ.ա. 171 թվականին Հալիարտուսը երկրորդ անգամ է ավերվել։ Լինելով Պերսևս Մակեդոնացու աջակիցը՝ քաղաքը գրավվել է Հին Հռոմի պրետոր Լուկրեցիուսի կողմից, որը բնակիչներին վաճառել է որպես ստրուկներ, թալանել արձանները, նկարները և արվեստի այլ գործեր և գետնին հավասարեցրել այն, որից հետո տարածքը հանձնվել է աթենացիներին և այլևս չի վերականգնել իր նախկին բարգավաճությունը[1][10][11]։ Ստրաբոնը քաղաքի մասին խոսում է որպես իր ժամանակներում արդեն այլևս գոյություն չունեցողի, իսկ Պավսանիասը նշել է միայն Լիսանդերի ու մի քանի ավերված տաճարների մասին, որոնք պարսիկներն էին վառել ու միտումնավոր թողել այդ վիճակում[12]։

Հալիարտան (Ἁλιαρτία) կամ Հալիարտուսի տարածքը, շատ բերրի հարթավայր էր, որը ոռոգվել է Կոպաիդա լիճ թափվող բազմաթիվ գետակներով[13]։ Այդ գետակների անուններն էին՝ Օկալեա, Լոֆիս, Հոպլայթս, Պերմեսյուզ և Օլմեյուզ։ Հալիարտուսի տարածքը ձգվում էր դեպի արևմուտք՝ Թիլֆոսիա լեռը, և ինչպես նշել է Պավսանիասը, հալիարտացիներն այս լեռան մոտակայքում Պրակսիդիկա աստվածուհու անունով սրբավայր են ունեցել[14]։ Հալիարտուսի տարածքում են գտնվել Փեթեոն, Մադեոն, Օկալեա և Օնչեստյուս քաղաքները։

Տարածքը գտնվել է ժամանակակից Ալիարտոս քաղաքի մերձակայքում[15][16]։ Հալիարտուսի ավերակները գտնվում են Մազի գյուղից մեկ մղոն (1.6 կմ) հեռավորությամբ մի բլրի վրա, որի բարձրությունը ծովի մակարդակից 50 ոտաչափից (15մ) ավելի չէ։ 19-րդ դարում Ուիլյամ Մարտին Լիկն այցելել է այստեղ ու ասել․ «միջնաբերդի պարիսպների որոշ մնացորդներ, հիմնականում՝ բազմապլաստե որմնադրություն, հայտնաբերվել են բլրի գագաթին, ժայռերի մեջ կան մի քանի գետնադամբարաններ, որոնցից ներքև՝ դեպի հյուսիս, ջրի հորդառատ աղբյուր կա, որը հոսում է դեպի ճահճուտ։ Թեև քաղաքի արտաքին պարիսպները հազիվ նշմարելի են, քաղաքի տարածքը բնականից սահմնագծվում է երկու փոքր գետերով, որոնցից արևմտյանը բխում է Մազի բլրի ստորոտից, իսկ արևելյանը, որը կոչվում է Քեֆալարի, սկիզբ է առնում Հելիկոն լեռից։ Այս գետի ձախ ափին, միջնաբերդից 500 յարդ (480 մ) հեռավորության վրա, գտնվում է մի ավերված մզկիթ և երկու ավերված եկեղեցիներ, և չնայած գյուղը վաղուց լքված է, դրանք ցույց են տալիս, որ ժամանակին այն բնակեցված է եղել ինչպես հույներով, այնպես էլ թուրքերով։ Այստեղ կան ճարտարապետական բազմաթիվ բեկորներ և փորագրված քարեր, որոնք նախկինում հավաքվել են Հալիարտուսի ավերակներից։ Այս վայրից մոտավորապես երեք քառորդ մղոն հեռավորության վրա (1,2 կմ), միջնաբերդից դեպի արևմուտք գտնվող գետնադամբարան կա, որի մոտակայքում մի քանի քարատապաններ և հնագույն շինություններ են»[17]։

Քաղաքի արևմտյան կողմում հոսող գետը Պլուտարքոսն անվանել է Հոպլիտ, որն ըստ երևույթին, նույնն է, ինչ Պավսանիասի նշած Լոֆիսը[18]։ Արևելյան կողմում գտնվող գետը, որը կոչվում է Քեֆալարի, ձևավորվում է Պերմեսուս և Օլմեյուս երկու գետակների միացումից, որոնք, ըստ Ստրաբոնի, հոսում են Հելիկոնից, իսկ միախառնվելուց հետո թափվում են Հալիարտուսի մոտակայքում գտնվող Կոպաիդա լիճը[19]։ Ուիլյամ Լիկի նշած գետնադամբարանում հավանաբար թաղված են նրանք, ովքեր սպանվել էին Լիսանդերի հետ, քանի որ հենց այս վայրում է ընթացել ճակատամարտը։

Ծանոթագրություններ խմբագրել