ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանն նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ, ՀՀ ՊՆ ՆԱԴ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս առանձնացված ստորաբաժանում, որն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման, նախարարության գնումների գործընթացի, ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպման ու վերահսկողության գործառույթներ[1]։ Դեպարտամենտն ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ ՀՀ ՊՆ ՆԱԴ-ը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ[1]։
Կառավարում խմբագրել
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կառավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը։ Դեպարտամենտի անմիջական կառավարումն իրականացնում է դեպարտամենտի պետը, ով նախարարի տեղակալն է, որին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը[1]։ Դեպարտամենտն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ։ Դեպարտամենտի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը[1]։
Դեպարտամենտի պետ խմբագրել
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն իր գործունության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Դեպարտամենտի պետը պատասխանատու է դեպարտամենտի առջև դրված խնդիրները լուծելու, ինչպես նաև զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, դրանց` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար[1]։ Դեպարտամենտի պետը հաշվետու է ՀՀ Պաշտպանության նախարարին։ Դեպարտամենտի պետն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը։ Դեպարտամենտի պետի տեղակալը, դեպարտամենտի պետի բացակայության դեպքում և նրա հանձնարարությամբ, կատարում է դեպարտամենտի պետի պարտականությունները[1]։ ՀՀ ՊՆ ՆԱ պետը[1].
- ապահովում է դեպարտամենտի նպատակներից և խնդիրներից բխող գործառույթների իրականացումը.
- համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.
- իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
- իր իրավասության սահմաններում նախարարին առաջարկություններ է ներկայացնում պաշտպանության ոլորտի զարգացմանը և կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի վերանայման վերաբերյալ.
- իր իրավասության սահմաններում նախարարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում պաշտպանության ծախսերի, նախարարությանը հատկացված միջոցների ծախսման կարգի, դրանց հաշվառման և հաշվետվության վերաբերյալ.
- նախարարին առաջարկություններ է ներկայացնում պետական և զորահավաքային պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման ծրագրերի վերաբերյալ.
- նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
- նախարարի հաստատմանն է ներկայացնում դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները.
- նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության նյութատեխնիկական ապահովման տարեկան գնման պլանը.
- ապահովում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում նախարարի հրամանների և ցուցումների նկատմամբ վերահսկողությունը, արդյունքների մասին զեկուցում նախարարին.
- նախարարին առաջարկություններ է ներկայացնում դեպարտամենտի քաղաքացիական հատուկ ծառայության և այլ պաշտոններում պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ.
- իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
- իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ։
Լիազորություններ խմբագրել
Դեպարտամենտի լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով[1]։
Դեպարտամենտն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող[1]։
Նպատակները և խնդիրները խմբագրել
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նպատակներն են[1].
- զինված ուժերի մարտունակությունն ապահովող անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների և այլ գույքի կենտրոնացված մատակարարումը.
- ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի խնդիրներն են[1].
- զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովելը.
- զինված ուժերը կենսագործունեության համար անհրաժեշտ պարենային, իրային և վառելիքաքսուքային միջոցներով ու դրանց օգտագործման և պահպանման համար տեխնիկական սարքավորումներով ապահովման կազմակերպումը.
- ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովումը.
- սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանային վերականգնողական աշխատանքների կազմակերպումը.
- սպառազինության և ռազմական տեխնիկայի ու դրանց առանձին հանգույցների և սարքավորումների արդիականացման համար գիտափորձարարական աշխատանքների պլանավորումը` օգտագործելով ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտատեխնիկական հնարավորությունները։
Գործառույթներ խմբագրել
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի գործառույթներն են[1].
- ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման վերաբերյալ առաջարկություններ մշակելը.
- օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրության և գնումների կազմակերպումը.
- զինված ուժերի համար սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի պահպանության, շահագործման, արդիականացման ու վերանորոգման աշխատանքների իրականացման կազմակերպումը.
- զինված ուժերի համար անհրաժեշտ քանակությամբ զենքի և զինամթերքի, սպառազինության, ռազմական տեխնիկայի, պարենի ու այլ նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի անձեռնմխելիության պաշարների ստեղծման կազմակերպումը.
- նախարարի հանձնարարությամբ ռազմատեխնիկական ոլորտում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը, օրենքով սահմանված կարգով պաշտպանության ոլորտի ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական պայմանագրերի կնքումը.
- իր իրավասության սահմաններում քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցելը.
- ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակմանը մասնակցելը.
- դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները մշակելը.
- նախարարության նյութատեխնիկական ապահովման տարեկան գնման պլանը մշակելը.
- ռազմական տեխնիկայի, սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակման ու պահպանման կազմակերպումը և ապահովումը.
- ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններում գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքների ղեկավարումը.
- օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթների իրականացումը։