Կրծքավանդակ, կրծքային ողների, կողոսկրերի և կրծոսկրի ամբողջություն, որը սողունների, թռչունների, կաթնասունների և մարդու ուսագոտու համար ծառայում է որպես հենարան և հնարավորություն է տալիս շնչառական շարժումների ժամանակ օգտագործել միջկողային մկանունքը։ Մարդու կրծքավանդակն ունի առաջ-ետին ուղղությամբ տափակացած, հիմքով վար դարձած հատած կոնի ձև։ Տարբերում են կրծքավանդակի կողմնային պատեր, կազմված 12 զույգ կողերով, առաջային, որի կազմի մեջ են մտնում կողոսկրերի առաջային ծայրերը (կողաճառները) և կրծոսկրը, ետին՝ ողնաշարը։ Կրծքավանդակն ունի վերին և ստորին բացվածքներ, վերին բացվածքի սահմաններն են՝ աջ և ձախ առաջին կողերը, առաջին կրծքային ողնը և կրծոսկրի կոթը։ Այդ բացվածքով կրծքավանդակի խոռոչ են մտնում շնչափողը, կերակրափողը, անոթներ և նյարդեր։ Ստորին բացվածքը սահմանվում է կողոսկրերի ծայրերով։ Կրծքավանդակը որովայնի խոռոչից բաժանված է ստոծանիով։ Կախված տարիքից, սեռից և մարմնակազմվածքից, գոյություն ունեն կրծքավանդակի տարբեր ձևեր։

Մարդու կրծքավանդակի հատվածի ռենտգեն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 692