Կրետեի արվեստ, Եգեյան մշակույթի հնագույն կենտրոններից մեկը Հոմերոսի գովերգած առասպելական Տրոյան էր։ Հնագետները հայտնաբերել են բերդապատերի, փոքիկ ամրոցների, շենքերի մնացորդներ, որոնք մի ժամանակ կազմել են միասնական ճարտարապետական համալիր, բերդապատի մեջ պահված, այսպես կոչված, Պրիամի գանձերը՝ դեկորատիվ-կիրառական և ոսկերչական արվեստների բազմաթիվ ոսկե և արծաթե առարկաներ։

Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում նշանակալի մշակութային կենտրոն դարձավ Կրետեն՝ առասպելական թագավոր Մինոսի հարուստ պետությունը։ Հատկապես այստեղ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբում համայնական-տոհմական հասարակարգի ավերակների վրա Եվրոպայի տարածքում առաջացավ առաջին ստրկատիրական վաղդասակարգային հասարակությունը, ձևավորվեցին բարգավաճող քաղաքները՝ Կնոսոս, Ֆեստոս և այլն։ Կրետե տերությունը այդ ժամանակաշրջանում հզորացավ ծովում։ Միջերկրական ծովի արևելյան մասի կենտրոնում կղզու դիրքը բացառիկ բարենպաստ պայմաններ էր ստեղծում առևտրի և ծովագնացության բարգավաճման համար։ Ըստ երևույթին այստեղ նույնպես կարևոր դեր էր կատարում կրոնը, բայց նա ավելի մոտիկ էր բնությանը և չէր կաշկանդում բնակիչների աշխարհայացքն այնպես, ինչպես դա եղել է Հին Արևելքի երկրներում։

Ճարտարապետություն խմբագրել

 
 

Կրետեի ճարտարապետության մեջ գերիշխում էին ընդարձակ պալատային կառույցները։ Դրանց մեջ, իր մասշտաբներով (մոտավորապես 16 հազար կմ2) և բարդացված ազատ հատակագծմամբ, առանձնանում էր Կնոսոսյան պալատը։ Նրա գահական դահլիճը զարդարված էր երկկողմ սակր-լաբրիս խորհրդանշանով, որը Կրետեում համարվում էր աստվածային, այդ պատճառով սկսեցին պալատն անվանել Լաբիրինթոս։ (Հետագայում լաբիրինթոս՝ խճճված հատակագիծ ունեցող կառույցների հասարակ անունը)։

Կնոսոսյան պալատը ստեղծվել է մի քանի հարյուրամյակի ընթացքում (գլխավոր շինարարությունն սկսվել է մ.թ.ա. 16-րդ դարում), ու թեև մի շարք աղետներից հետո հիմնականում պահպանվել են հիմքը և առաջին հարկի որմածքը, այն շատ մեծ տպավորություն է թողնում։ Նրա կենտրոնում գտնվում էր մի ընդարձակ ուղղանկյուն գավիթ, որը ծիսակատարությունների համար էր։ Բոլոր կողմերից գավիթին էին հարում պատշգամբներով, պատշգամբասրահներով, ջրավազաններով, սյունաշարերով, աստիճաններով, թեք մուտքերով շինություններ։ Դրանցից շատերը գտնվում էին տարբեր մակարդակների վրա. լուսասրահների միջոցով անհավասաչափ լուսավորումը, գունազարդ որմնանկարները դրանց հաղորդում էին գեղատեսիլություն։ Պալատական ինտերիերների կառուցան մեջ էական դեր էին կատարում փայտյա սյուները, որոնք ստացել էին իռացիոնալ անվանումը։ Սյուների բները դեպի վեր հաստանում էին, ապա վերջանում խոյակներով՝ կլոր գլանիկի տեսքով, և սրա վրա հենված քառակոսի սալով։ Զիգզագաձև նախշերով սյուներն ուժեղացնում էին տարածության գեղատեսիլ ու դինամիկ լուծման տպավորությունը։

Գեղանկարչություն խմբագրել

 

Խոնավ ծեփի վրա արված որմնանկարները ծոփորների (ֆրիզների) կամ տախտակադրվագի տեսքով, լրացնում էին Կնոսոսյան պալատի պատերը։ Այստեղ պատկերվում էին նրա բնակիչների կյանքը, վերակերտվում էր կրոնական և դիցաբանական կերպարների աշխարհը՝ հանդիսավոր երթեր, կիսամերկ վայելչակազմ կանանց և պատանիների ծիսական պարեր, վառ ծաղիկներ հավաքող մարդիկ, փասիան որսացող կատուներ, ջրիմուռների մեջ լողացող ձկներ։ Թագուհու սենյակներում հանդիպում են բաց զգեստներով, գեղեցիկ հագնված կանանց պատկերներ՝ շքեղ սանրվածքով, զարդարված մարգարիտներով, հանդիսության մասնակից, աշխույժ զրուցող «Երկնագույն զգեստներով» կանայք (մ.թ.ա. մոտ 1500 թ., Հերակլիոն, Կրետե, Հնագիտական թանգարան)։ Աշխույժ ու հանդուգն է թխահեր աղջկա կիսադեմ պատկերը (Այսպես կոչված «Փարիզուհին»)։ Անկաշկանդ և սրընթաց բնական շարժումները՝ ցուլի վրայով թռչող ակրոբատների որմնանկարներում (մ.թ.ա. մոտ 1500 թ., Հերակլիոն, Կրետե, Հնագիտական թանգարան)։

Որմնանկարներում գերիշխում էին պայծառ, աշխույժ՝ դեղին, կապույտ, կանաչ, կարմիր գույները։ Դրանցում դեկորատիվությունը միանում էր աշխարհընկալման թարմությանը։ Սակայն Կրետեի գեղանկարչության ընդհանուր բնույթը դուրս չէր գալիս հին արևելյան հանդիսավորության և տեսալարայնության շրջանակներից՝ պահպանելով Հին Արևելքի յուրահատուկ հարթապատկերայնությունը և գեղազարդայնությունը։

Քանդակագործություն և կիրառական արվեստ խմբագրել

 
Քնոսոս ցուլը

Կրետեի մանր կերպարվեստը, ինչպես և գեղանկարչությունը, կրում է նրբաճաշակ գեղազարդային, դինամիկ բնույթ։ Այդպիսիք են կենդանիների՝ ուլիկների և այծիկների քանդակապատկերները, Կրետեում առանձնապես հարգի էին ցուլի արտահայտիչ պատկերները՝ գունավոր հախճապակուց և փղոսկրից, օձերը ձեռքերին գեղեցիկ կանանց, հավանաբար, բուսականության աստվածուհուն՝ ամբողջ կենդանի աշխարհի հովանավորուհուն մարմնավորող նրբագեղ կանանց արձանիկները։

Գեղարվեստական նուրբ ճաշակով առանձնանում են բազմաձև ու բազմագույն, սև լաքով պատած կերամիկական սկահակները (վազաները), լաք, որի վրա սպիտակ, դեղին և կարմիր ներկերով երկրաչափական և բուսական դրվագներ են պատկերված՝ պարույրների, զիգզագների, վարդազարդերի, պսակաթերթիկների տեսքով։ Ավելի ուշ ժամանակների կլորավուն անոթները զարդարված էին նրբին գույների բուսական թեմաներով։ Այդպիսիք են մանուշակագույն մակերեսով և սրա վրա սպիտակ շուշաններով սկահակները, փիլակոպյան վարդակակաչով։ Սկահակների նախշանկարներում հաճախ հանդիպում ենք ծովային կենդանիների՝ ձկների, աստղիկների, խեցիների։ Լավագույն նմուշներից են պալեկաստրոյան ութոտանու ուրվագծերը լիովին համապատասխանեցված են սկահակի կլոր, սահուն եզրագծերին։

Կատարելության հասան մետաղների մշակման վարպետները։ Շարժումներով և կրքերով հարուստ են ցուլերի հետ մենամարտի տեսարանները, որոնցով դրվագված են Վատիոյում պեղված ոսկյա գավաթները։

Աղբյուրներ խմբագրել

  • Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ