Կոնցերտը դասական երաժշտության տարածված ժանր է, երաժշտական ստեղծագործություն է՝ գրված մենակատար գործիքի կամ վոկալի համար՝ նվագախմբի հետ։ Կոնցերտ բառը լատիներեն նշանակում է մրցել, մրցակցել, իսկ իտալերեն՝ համաձայնություն, ներդաշնակություն։

Կոնցերտում մենակատարը մրցության մեջ է մտնում նվագախմբի հետ։ Կոնցերտի հիմքում ընկած է մենակատարի և նվագախմբի հակադրությունը, համադրությունը, բախումն ու երկխոսությունը։ Այստեղ կարևոր դեր ունեն մենակատարի առանձին վիրտուոզային պարտիաները՝ կադենցիաները։ Վերջիններիս կատարման ժամանակ մեծ մասամբ նվագախումբը լռում է։

Կոնցերտների հին սերնդի տեսակներից է Կոնչերտո գրոսսոն (իտալ.՝ մեծ կոնցերտ), որտեղ մրցույթն ընթանում է նվագախմբի գործիքների առանձին խմբերի միջև։ Դասական ավանդական կոնցերտները ունեն երեք մաս։ Եզրային մասերը սովորաբար արագ են, իսկ միջին մասը՝ դանդաղ։ Առաջին մասը կոչվում է սոնատային ալլեգրո, երկրորդը՝ դանդաղ մաս, իսկ երրորդը՝ ֆինալ։

Հայտնի են Վիվալդիի, Մոցարտի, Բեթհովենի կոնցերտները, տարբեր ազգային կոմպոզիտորական դպրոցների պատկանող՝ Շոպենի, Շումանի, Մենդելսոնի, Գրիգի, Չայկովսկու, Ռախմանինովի և այլոց կոնցերտները տարբեր երաժշտական գործիքների և նվագախմբի համար։

Արամ Խաչատրյանի՝ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված կոնցերտը հայ իրականության մեջ առաջինն է։ Գրվել է 1937 թ. և նվիրված է կոնցերտի առաջին կատարող, ռուս դաշնակահար Լև Օբորինին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 585