Կոնդենսացում (ուշ լատ. condensatio — խտացում, թանձրացում, լատ. condenso—խտացնել, թանձրացնել), սեղմման կամ սառեցման հետևանքով նյութի անցումը գազային (գոլորշի) վիճակից հեղուկ կամ պինդ վիճակի։ Կոնդենսացումը, ինչպես և հակառակ երևույթը՝ գոլորշիացումը, առաջին կարգի ֆազային անցում է։ Ընթանում է տվյալ նյութի կրիտիկականից ցածր ջերմաստիճանում, որոշակի ճնշման (հագեցած գոլորշիների ճնշում) ներքո և ուղեկցվում է ջերմության այնպիսի քանակի անջատումով, ինչպիսին կլանվում է շոգեգոյացման կամ սուբլիմացման ժամանակ։ Ճնշումը և անջատված ջերմությունը կոնդենսացման պրոցեսում կախված են ջերմաստիճանից և որոշվում են Կլապեյրոն-Կլաուզիուսի հավասարումով։ Ամբողջ սպինով մասնիկների (բոզոններ) համակարգում հնարավոր է յուրատեսակ կոնդենսացոմ Բոզե-Էյնշտեյնյան կոնդենսացում), որը պայմանավորված է ոչ թե միջմասնիկային փոխազդեցությամբ, այլ բոզոնային համակարգի քվանտամեխանիկական հատկություններով։ Հաստատուն խտության իդեալական բոզոնային գազում մասնիկները որոշակի ջերմաստիճանից (Բոզե-էյնշտեյնյան կոնդենսացման կամ այլասերման ջերմաստիճան) սկսած (իսկ T=0°K ջերմաստիճանում՝ ամբողջովին) հավաքվում են նվազագույն էներգիայի մակարդակում։ Չունենալով համընթաց շարժման իմպուլս՝ այդ մասնիկները ներդրում չեն ունենում ճնշման մեջ։ Այդպիսի կոնդենսացումը երկրորդ կարգի ֆազային անցում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 568