Կնճիթաթերթիկ սապատավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շուշանազգիներ
Տեսակ Կնճիթաթերթիկ սապատավոր
Լատիներեն անվանում
Rhinopetalum gibbosum


Կնճիթաթերթիկ սապատավոր (լատին․՝ Rhinopetalum gibbosum), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, փոքր գնդաձև սոխուկով բույս է։ 6-20 սմ բարձրությամբ ցողունը ներքևում մերկ է, վերևում մանր ծծիչներով։ Տերևները նշտարաձև են կամ ձվաձև։ 13-15 մմ երկարությամբ և 6-10 մմ լայնությամբ ծաղկապատի մասերը բաց կամ մուգ վարդագույն են, իսկ ներքևի մասում մուգ մանուշակագույն։ 12-14 մմ երկարությամբ և 16-20 մմ լայնությամբ տուփիկը հորիզոնական տափակացած է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխի լեռնաշղթա, Վեդի, Գոռավան, Արարատ)։ Աճում է նաև Նախիջևանում, Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և Պակիստանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 850-1000 մ բարձրությունների վրա, ստորին լեռնային գոտում, չոր կավախճաքարոտ, ավազոտ, քարքարոտ լանջերին, ավազային անապատում և կիսաանապատում։ Ծաղկում է մարտ-ապրիլին, պտղաբերում է մայիս-հունիս ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կազմում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.