Կղեմես Ալեքսանդրացի (հուն․՝ Κλήμης ὁ Ἀλεξανδρεύς, լատին․՝ Clemens Alexandrinus, Titus Flavius Clemens (Տիտոս Փլաբիոս Կղեմես), մոտ 150[1][2][3][…], Աթենք, Achaea, Հին Հռոմ - մոտ 215[4][5][6][…], Կեսարիա, Թուրքիա), աստվածաբան, եկեղեցական մատենագիր, Ալեքսանդրիայի պատրիարք։ Ծնվել է բարեկեցիկ հեթանոս ընտանիքում, Աթենքում ստացել բարձր կրթություն։ Քրիստոնյա դառնալուց հետո ճանապարհորդել է Իտալիայում, Ասորիքում, Պաղեստինում, Եգիպտոսում և, ինչպես նշում է իր «Ստրոմատիս» երկում, աշակերտել ժամանակի նշանավոր քրիստոնյա մտածողներին։ Կղեմես Ալեքսանդրացու ուսումնառության կարևորագույն հանգրվանն է եղել Ալեքսանդրիան, որտեղ ուսանել է տեղի նշանավոր աստվածաբան. դպրոցում, աշակերտել դպրոցի առաջին ուսուցիչ, սիցիլիացի փիլիսոփա Պանտենոսին։ Վերջինիս մահից (200) հետո ստանձնել է Ալեքսանդրիայի դպրոցի տեսչի պաշտոնը, դարձել Ալեքսանդրիայի պատրիարք (200–203)։ Սեպտիմիոս Սևերոս կայսրի (193–211) հալածանքների ժամանակ, 203-ին ստիպված հեռացել է Ալեքսանդրիայից, տեղափոխվել նախ Կապադովկյան Կեսարիա և ապա՝ Երուսաղեմ, իր երբեմնի աշակերտ, Երուսաղեմի Ալեքսանդր եպիսկոպոսի մոտ։ Կյանքի հետագա տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ըստ Եվսեբիոս Կեսարացու՝ Կղեմես Ալեքսանդրացին 215/216-ին Անտիոք է տարել Ալեքսանդր Երուսաղեմացու մի նամակը։ Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչներից է։ Այստեղ նա հանդիպում է նշանավոր ուսուցիչ Պանտենոսի հետ։

Կղեմես Ալեքսանդրացի
Ի ծնեհին հունարեն՝ Κλήμης ὁ Ἀλεξανδρεύς
ԺամանակաշրջանHigh Roman Empire?
Ծնունդմոտ 150[1][2][3][…]
ԾննդավայրԱթենք, Achaea, Հին Հռոմ
Վախճանմոտ 215[4][5][6][…]
Վախճան վայրԿեսարիա, Թուրքիա
Եկեղեցիքրիստոնեություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրԴեկտեմբերի 4
Աշխատանքաստվածաբան, փիլիսոփա և գրող
ԵրկիրՀին Հռոմ
ԲնակավայրԱլեքսանդրիա
ԿրթությունCatechetical School of Alexandria?
ՈւսուցիչPantaenus?, Athenagoras of Athens? և Տատիանոս
ՍտեղծագործությունProtrepticus? և Excerpts of Theodotus?

Ուսմունքը խմբագրել

Կղեմես Ալեքսանդրացին Որոգինեսից հետո Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի III դ. ամենանշանավոր ներկայացուցիչն է, առաջին քրիստոնյա գիտնականը, գիտական աստվածաբանության հիմնադիրը։ Նա քրիստ. հավատին ու վարդապետությանը հաղորդել է աստվածաբանական բնույթ՝ գիտական հիմքով, հելլենիստական կրթությունը և փիլիսոփայությունը ծառայեցրել քրիստոնեական հավատին։ Ըստ նրա՝ փիլիսոփայությունն օժանդակ միջոց է հավատին հասնելու, նախապատրաստություն հավատացյալին՝ ճշմարտությունն ընդունելու և ի Քրիստոս առաջնորդելու համար։ Հելլենիստական բարձր կրթություն ստացած Կղեմես Ալեքսանդրացին փիլիսոփայությունը համարել է «Աստծո գործ», աստվածային նվեր մարդուն և, հետևաբար, «բարի»։ Այն տրվել է հույներին այնպես, ինչպես Օրենքը՝ հրեաներին, Ավետարանը՝ ողջ աշխարհին։ Ձգտելով հույներին (հեթանոսներին) դարձի բերել՝ Կղեմես Ալեքսանդրացին ոչ միայն ապացուցել է քրիստոնեության առավելությունը հեթանոսությունից, այլև, նրանց չվիրավորելու համար, դրական վերաբերմունք է ցույց տվել հունական փիլիսոփայության նկատմամբ, այն համարել օգտակար և ձգտել քրիստոնեությունը բարձրացնել կրթված հույների մոտ հարգված փիլիսոփայության աստիճանի։ Ալեքսանդրիայի զարգացած քաղաքակրթության համար եկեղեցու ավետարանական տիպարը համարվել է պարզամիտ և անբավարար։ Կղեմես Ալեքսանդրացին փորձել է ավետարանական կամ եկեղեցական քրիստոնյային բարձրացնել «գնոստիկ» (իմացական, գիտուն) քրիստոնյայի մակարդակին, որը կդիմագրավեր հունական փիլիսոփայության և գնոստիկականության քննադատություններին։ Ըստ նրա, հավատացյալների մի մասը, որոնք հասել են գիտությանը, կարող են լինել «գնոստիկներ»։ «Գնոստիկ» քրիստոնյան Տիրոջ միակ ճշմարիտ աշակերտն է և Տիրոջ խորհուրդների ու վարդապետության միակ ճանաչողը, միակ բարեպաշտը, անմեղանչողը։

Նա է կատարյալ քրիստոնյան, որ մահից հետո ուղղակիորեն գնում է երկնային արքայություն։ Կղեմես Ալեքսանդրացին իրեն անվանել է «գնոստիկ»։ Նրա ուսմունքը թեև մեծ դեր է խաղացել հեթանոսության և հելլենիստ. մտածողության հանդեպ քրիստոնեության հաղթանակի գործում, սակայն նրա «գիտական քրիստոնեությունը» պարունակել է գնոստիցիզմի տարրեր։ Վարդապետ. մի շարք հարցերում թույլ է տվել սխալներ (նյութի հավիտենականության, Որդու արարած լինելու, Լոգոսի երևութական մարմնացման, հոգեփոխության ևն), որոնք հետագայում քննադատել են եկեղեցու հայրերը։

Երկերը խմբագրել

 
Opera omnia, 1715

Կղեմես Ալեքսանդրացու խորագիտակությունն անտիկ և քրիստոնեական գրականությանը, Աստվածաշնչին, ինչպես նաև գնոստիկյան և հերետիկոսական հեղինակների գործերին, մեծ հետք է թողել նրա մատենագիտ. վաստակի վրա։ Նրա երեք գլխ. աշխատությունները՝ «Բան յորդորական առ Հելլենս», «Դաստիարակ» և «Ստրոմատիս», կազմում են միասնական եռագրություն և ամփոփում հեղինակի աստվածաբանական հասկացություններն ու հայացքները։ Առաջին աշխատությունն ուղղված է հեթանոսների (հույների) դեմ, սակայն իրականում ջատագովական բնույթի ձեռնարկ է քրիստոնյաների համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել հեթանոսների քննադատությունից և ամրապնդվեն իրենց հավատի մեջ։ Հեղինակը ներկայացրել է հեթանոսական կրոններն ու խորհրդապաշտություններն իրենց անիմաստությամբ և անբարոյականությամբ։ Միակ ու ճշմարիտ կրոնը քրիստոնեությունն է՝ հիմնված Բանի (Լոգոս) Մարդեղության և աստվածային բարձրագույն հայտնության վրա։

«Դաստիարակ» խմբագրել

«Դաստիարակը» ևս եռագրություն է։ Հեղինակի նպատակն է եղել հեթանոսությունից քրիստոնյա դարձածներին դաստիարակել նոր կրոնի հավատով ու բարոյականությամբ։ Ճշմարիտ դաստիարակն աստվածային Բանն է (Լոգոսը), որը լուսավոր վարդապետությամբ և փրկագործ. կյանքով դաստիարակում է հավատացյալին և բարձրացնում բարոյապես։ Հիմնական սկզբունքը, որով Լոգոսը դաստիարակում է իր որդիներին, գութն է և սերը և ոչ թե Հին կտակարանի երկյուղը։ «Դաստիարակ» երկը նաև մեծարժեք աղբյուր է Ալեքսանդրիայի բնակչության այն ժամանակվա կենցաղի և բարքերի ուսումնասիրության համար։ Աշխատությունն ավարտվում է Քրիստոսին ուղղված գովաբան. աղոթքով։

«Ստրոմատիս» խմբագրել

Կ. Ա-ու եռագրության վերջին մասը՝ «Ստրոմատիս» (Ձեռնարկներ, Գործեր) աշխատությունը, բաղկացած է ութ մասից, որտեղ կրկնվում են բազմաթիվ թեմաներ նախորդ երկու երկերից։ Արծարծվում են կատարյալ կյանքի, ամուսնության օրինականության, Աստծո մասին գիտելիքի, Բանի (Լոգոսի) վարդապետության, Ս. Գրքի մեկնաբանության և այլ հարցեր։ Երկի հիմն. նյութը քրիստոնեության և հուն. փիլիսոփայության փոխհարաբերությունն է։ Կ. Ա. գրել է նաև մեկնող., դավանաբան., քարոզխոս. աշխատություններ, նամակներ։ Պահպանվել են նաև տարբեր երկերից առանձին հատվածներ և ցայսօր կորած համարվող մի շարք գործերի վերնագրեր մատենագիրների մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Եվսեբիոս Կեսարացի, Պատմութիւն եկեղեցւոյ, Վնտ., 1877։
  • Տեր-Մինասյան Երևան, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908։
  • Հատիտյան Ա., Ալեքսանդրիայի եկեղեցու մեծ հայրապետները Բ–Ե դարերում, «Էջմիածին», 1981, դ 8։
  • Պետրոսյան Երևան, Հայրաբանություն, մաս 1, Էջմիածին, 1996, էջ 116–130։
  • Nautin P., Biographie de Clռment d’Alex., “Lettres et ռcrivains chrռtiens des II et III siecles”, P., 1961;
  • Quasten J., Patrology, v. II Utrecht (Antwerp), 1966.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղեմես Ալեքսանդրացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: