Կլուժ-Նապոկա (ռումիներեն՝ Cluj-Napoca), Կլուժ, Կոլոժվար, Կլաուզևնբուրգ, քաղաք Ռումինիայի պատմական Տրանսիլվանիա նահանգում, Սոմեշուլ-Միկ գետի ափին։ Կլուժ-Նապոկա գավառի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 309 հզ. (2011։ Իր նշանակությամբ երկրորդն է Ռումինիայում։

Քաղաք
Կլուժ-Նապոկա
ռումիներեն՝ Cluj-Napoca
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Հիմնադրված է1213 թ.
Առաջին հիշատակումII դ
Մակերես40,41 կմ²
ԲԾՄ410 մետր
Բնակչություն309 136[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ264 և 364
Փոստային դասիչ400001–400930[2]
Ավտոմոբիլային կոդCJ-N
Պաշտոնական կայքprimariaclujnapoca.ro (ռում.)
Կլուժ-Նապոկա (Ռումինիա)##
Կլուժ-Նապոկա (Ռումինիա)

Անվանում խմբագրել

Նապոկա անունով գոյություն է ունեցել դեռևս դակերի ժամանակ։ 1173 թվականին հիշատակվում է Կուլուս անունով, որից առաջացել են ռումիներեն Կլուժ, հունգարերեն Կոլոժվար, գերմաներեն Կլաուսենբուրգ ձևերը։ Ենթադրում են, որ հիմքը լատիներեն clausum ― «փակող» («հովիտը փակողի» իմաստով) բառն է[3]։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը (II դ.)։ Նապոկա անունով գոյություն է ունեցել դեռևս դակերի ժամանակ։ 106-ից Դակիայի հետ ընկել է հռոմեական տիրապետության տակ։ XI դ. հիշվում է Կուլուս անունով։ Քաղաք է 1316-ից։ 1541-ից անցել է Օսմանյան կայսրությանը՝ պահպանելով որոշ ինքնուրույնություն։ 1790- 1848-ին և 1861- 67-ին եղել է Տրանսիլվանիայի ինքնավար իշխանապետության մայրաքաղաքը։ 1867-ին միացվել է Ավստրո-Հունգարիային, 1918-ին՝ Ռումինիային։ 1940—44-ին եղել է Հունգարիայի կազմում, 1944-ից անցել Ռումինիային։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում կա մեքենաշինական (տեքստիլ և սննդի արդյունաբերության սարքավորումների արտադրություն), սննդահամի արդյունաբերություն, կոշիկի, կարի, տրիկոտաժի, կահույքի, քիմ., ճենապակու, հախճապակու արդ., շինանյութերի արտադրության ձեռնարկություններ, Ռումինիայի ԳԱ մասնաճյուղ (երկու ինստանցներով, 7 բուհ (Պետական համալսարան, պոլիտեխնիկ, երկրաբանական, բժշկա-դեղագործական, պլաստիկ արվեստների, մանկավարժական համալսարաններ, կոնսերվատորիա), 3 պետ. թատրոն (մեկը՝ հունգ.), 2 պետական օպերա (մեկը՝ հունգ.), ֆիլհարմոնիա, պետական արխիվների մասնաճյուղ, ձեռագրատուն (1872-ից), պատմության (հռոմ. պեղածո հուշակոթողների սրահով), կերպարվեստի, ժողովրդական արվեստի թանգարաններ, բուսաբանական այգի (1872-ից), ճարտարապետական հուշարձաններ և այլն։

Հայերը Կլուժ-Նապոկայում խմբագրել

XVII —XX դդ. Կլուժ-Նապոկան եղել է հայկական գաղութ։ Հայերը Կլուժ-Նապոկայի գավառում բնակվել են դեռևս XII — XIII դարերից։ Այդ են ապացուցում հայերին հիշեցնող տեղանունները։ 1291-ից հիշատակվում է Օրմենիշ (էուրմենուս, Ուրմենիշ) գյուղը, 1312-ից՝ Օրման (Ուրման) կալվածք գյուղը, այնուհետև՝ Էորմենյոսը՝ Մեզեն Էորմենյեսի շրջանում և այլն։ Այդ բնակավայրերի, ինչպես ն Տրանսիլվանիայի հայկական մյուս կենտրոնների հայերը տնտեսական ու մշակութային սերտ կապեր են պահպանել Կլուժ-Նապոկայի հետ։ XVII դ. վերջից սկսած հայերը մշտական բնակություն են հաստատել նաև Կլուժ-Նապոկայում։ Նրանց թիվն ավելի է ստվարացել XIX դ. երկրորդ կեսից՝ XX դ. սկզբին հասնելով շուրջ 1000 հոգու։ Դրա հետ մեծացել է նաև նրանց տեսակարար կշիռը։ Սկսած XVIII դարից Կլուժ-Նապոկան դարձել է Տրանսիլվանիայի հայ մշակութային կարևոր կենտրոն։ Հայկական այլ կենտրոնների դպրոցներն ավարտած բազմաթիվ հայ ուսանողներ Կլուժ-Նապոկայի ուսումնական ակադեմիայում (հիմնադրված 1571-ին) մասնագիտական բարձր ուսում են ստացել։ XVIII դ. սկզբից մինչև XX դ. սկիզբը Կլուժ-Նապոկայի Հիսուսյան եկեղեցում հայերեն արարողություն ու քարոզներ են կատարվել։ XVIII —XIX դդ. Կլուժ-Նապոկայում գրվել են հայերեն ձեռագրեր, տպագրվել (տպարանը հիմնվել է 1550-ին) հայագիտական բազմաթիվ գրքեր։ Հայերը գործուն դեր են կատարել գավառի և քաղաքի բոլոր ոլորտներում, ղեկավարության մեջ (Օ. Միրզա, Յ. և Գ. Կորբուլիներ, Լ. Չիկի, Լ. Վիկոլ), փաստաբանական պալատում (Ա. Դոբալ, Լ. Էստեգար, Ա. Կաղսագոյան), զանազան ընկերությունների (մանկավարժական, մեղվաբույծների և այլն) և միությունների (մարզական, որբախնամ և այլն) հիմնադրման ու կառավարման (Լ. Մերզա, Մ. Սենկովիչ, Բ. Կորբուլի), ցուցահանդեսների (անասնաբուծական, ազգագրական և այլն) կազմակերպման (Ա. Ցեց, Բ. Կորբուլի) գործում և այլն։ Նպաստել են առևտրի և արդյունաբերության զարգացմանը (արդյունաբերական պալատի նախագահ Ի. Բոգդան, բանկերի տնօրեններ՝ Լ. Մերզա, Գ. Դալմա, որբանոցի վերահսկիչ, վաճառական Յ. Մեդիեշի և այլն), հայ և հունգարական գիտության (բժշկապետ Ի. Մալի, բուսաբան Վոլֆգան) ու մշակույթի (հունգարական ազգային թատրոնի ինտենդանտ Բ. Կորբուլի, կոնսերվատորիայի նախագահի տեղակալ Մ. Սենկովիչ, համալսարանի խորհրդի ադմինիստրատոր Լ. Կորբուլի, երգահան Ս. Վիկոլ, «Կոլոժվար» թերթի խմբագիր, գրող Ի. Պետելեյ, «Էրդեյ» թերթի խմբագիր, հայագետ Դ. Մերզա, գրող Աննա Տուտչեկ և ուրիշներ) վերելքին։ 1848- 49-ի հունգարական հեղափոխության օրերին Կլուժ-Նապոկայի հայերը կանգնել են հեղափոխության կողմը։ Այժմ էլ բազմաթիվ հայեր ապրում են Կլուժ-Նապոկայում և մասնակցում հասարակական ու մշակութային կյանքին (նկարչուհի Մ. Չուպե, գրող Ա. Լասլոֆի, դաշնակահար Գ. Ամիրաս, երգչուհի Է. Կատոնա, պատմաբան, դ-ր Յ. Դենդերլե, թերթի խմբագիր Յ. Մուրադին, թանգարանագետ Մ. Ակոբշա, բժիշկներ, դոկտորներ Գ. Ֆոգոլյան, Գ. Կարաչոնի և ուրիշներ)։

Կլուժ-Նապոկան հարուստ է հայերեն դիվանական նյութերով և ձեռագրերով։ Համալսարանի գրադարանում պահվում են Եղիսաբեթուպոլիս հայաքաղաքից 1911-ին տեղափոխված հայերեն ձեռագրերի ժողովածուն՝ բաղկացած 62 գրչագրերից (քարոզգրքեր, բառարաններ, քերականական գործեր, պատմիչների երկեր, օրագրություններ, տաղարաններ, թարգմանական գործեր ևն) և Գեռլայի պատմական թանգարանին նախկինում պատկանած մի քանի տասնյակ հայերեն այլ ձեռագրեր։ Կլուժ-Նապոկայի պետական դիվանում պահվում են նաև Գեռլայի քաղաքային վարչության, դատարանի, թանգարանի և հայագետ Դ. Մերզային պատկանող հայերեն, հունգարերեն, լատիներեն և գերմաներեն հազարավոր փաստաթղթեր։ Դրանք Կլուժ-Նապոկա են տեղափոխվել 1950-ի մարտին և կազմված են 409 մետաղյա տուփերում ամփոփված վավերագրերից ու 202 պրոտոկոլներից, որոնք վերաբերում են Գեռլայի կյանքին (XVII դ.—1879)։ Հիշյալ դիվանը մեծ նշանակություն ունի ոչ միայն Տրանսիլվանիայի հայերի պատմության, այլև Առտիալի՝ այժմ անհետացած հայկական բարբառի ուսումնասիրման համար։ Կլուժ-Նապոկայի պատկերասրահում է գտնվում Գեռլայի մայր տաճարում նախապես պահված Ռուբենսի «Քրիստոսի իջեցումը խաչից» մեծադիր նկարը, որը հայերը նվեր են ստացել 1805-ին, Ավստրիայի կայսր Ֆրանցիսկ I-ից։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Comunicat de presă privind rezultatele provizorii ale Recensământului Populaţiei şi Locuinţelor – 2011» (PDF). Cluj County Regional Statistics Directorate. 2012 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  2. http://www.geopostcodes.com/Cluj_Napoca
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլուժ-Նապոկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 485