Կիլիկյան Հայաստանի պետական կարգ

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների ու եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ։

Կիլիկիայի հայկական թագավորություն

Թագավորի գործառույթները խմբագրել

Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհներով։ Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր։

 
Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Բ

Արքունիքի կառուցվածքը խմբագրել

Թագավորության հռչակումից ի վեր պետությունը կառավարել է արքունիքը, որը բաղկացած էր

  1. գործակալություններից
  2. վերին արքունի ատյանից

Վերին արքունի ատյանի գործառույթները խմբագրել

Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները։ Վերին արքունի ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, իսկ նիստերը վարում էր թագավորը։

Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը։

Պայլի գործառույթները խմբագրել

Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամանակ։

Սպարապետի գործառույթները խմբագրել

Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, տնօրինում էր ռազմական գործերը։ Նա թագավորի առաջին տեղակալն էր. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխան, շական զորամիավորումները։ Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ։

Կանցլերի (կանցլեր) գործառույթները խմբագրել

Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ կանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը։ Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ։ Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օրնակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը)։

Սեղանապետության գործակալի գործառույթները խմբագրել

Սեղանապետության գործակալն զբաղվել է արքունի տան եկամուտներով ու ծախսերով, պալատի տնտեսությամբ, համարվել է թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»։

Մաքսապետության գործակալի գործառույթները խմբագրել

Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները։ Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները։ Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն։

 
Վարդգես Սուրենյանց «Զաբել Թագուհու վերադարձը» (1909)

Թագուհու գործառույթները խմբագրել

Մեծ հեղինակություն է վայելել տիկնաց տիկինը՝ թագուհին։ Նա մասնակցել է արքունի և իշխան, խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։