Կիբեռնետիկական մոդելավորում

Կիբեռնետիկական մոդելավորումը սովորաբար իրացվում է ընդհատ կամ անընդհատ գործողության հաշվողական մեքենաների միջոցով և կիրառվում է հիմնականում բարդ համակարգերի հետազոտության համար։ Այս դեպքում որևէ պրոցեսի կամ երևույթի մոդել համարվում է ինչպես դրա գործողության ալգորիթմը, այնպես էլ էլեկտրոնային հաշվողական մեքենան՝ համապատասխան ծրագրավորումից հետո։ Կիբեռնետիկական Մ-ման դեպքում սովորաբար վերացարկվում են համակարգի կառուցվածքից և այն դիտարկում որպես «սև արկղ»։

Կիբեռնետիկական մոդելավորման կարևոր առանձնահատկությունը մտային գործունեության մոդելավորում է, որը մարդուն անսահմանափակ հնարավորություններ է տալիս։ Մինչև 1940-ական թթ․ վերջը, երբ ստեղծվեցին թվանշանային հաշվողական մեքենաներ, համակարգերի ուսումնասիրությունը հիմնականում կատարվում էր անալոգային հաշվողական մեքենաներով։ Ներկայումս անալոգային մոդելավորման դերը նվազել է, քանի որ թվանշանային հաշվողական մեքենաներով Մ․ գերադասելի է ճշտության և համընդհանրության տեսակետից։ Ներկայումս մոդելավորում հաջողությամբ կիրառվում է կենդանի և անկենդան բնության հետազոտություններում, տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում, մարդու և հասարակության մասին գիտություններում։ Հատկապես տարածում են գտել ֆիզիկական մոդելավորում, մոդելավորում կենսաբանության մեջ, էկոնոմիկայում։