Կենսահամակեցություն, ցամաքի և ջրային ավազանի տարածքներում կենդանիների, բույսերի և միկրոօրգանիզմների ամբողջությունը։

Կենսահամակեցությունը կենսաերկրահամակեցության բաղկացուցիչ մասն է։ Կենսահամակեցության օրինակ է անտառների, արհեստական լճակների, առվակների որոշակի տեղամասերի կենդանի օրգանիզմների ամբողջությունը։ Կենսահամակեցության մեջ մտնող բույսերի ամբողջությունը կոչվում է բուսական համակեցություն (ֆիտոցենոզ), իսկ կենդանիների ամբողջությունը՝ կենդանական համակեցություն (զոոցենոզ)։ Կենսահամակեցությունը բնութագրվում է որոշակի կենսազանգվածով, արտադրանքով, կառուցվածքով։

Կենսահամակեցության կառուցվածքները խմբագրել

Տարբերում են կենսահամակեցության տարածական, տեսակային և սննդային կառուցվածքներ։

Տարածական կառուցվածքն արտահայտվում է տարածության մեջ տարբեր տեսակների միմյանց նկատմամբ օրինաչափ դասավորությամբ (օրինակ՝ անտառի շարահարկայնությունը), տեսակայինը որոշվում է կենսահամակեցության մեջ մտնող պոպուլացիաների տեսակային կազմով, թվաքանակով (կամ կենսազանգվածով), իսկ սննդայինը՝ սննդառության շղթաներով։ Կենսահամակեցության կառուցվածքի տարբեր տեսակները փոխկապակցված են. անտառային կենսահամակեցությունները, ունենալով տարածական բարդ կառուցվածք, տարբերվում են նաև տեսակային բազմազանությամբ։

Կենսահամակեցության կառուցվածքի կայունությունը ժամանակի ընթացքում պահպանվում է նրա բաղադրամասերի փոխազդեցությամբ։ Կենսահամակեցության մեջ որոշ օրգանիզմներ մյուսների համար դառնում են սննդատու, ստեղծում բարենպաստ միկրոկլիմա, ապահովում նրանց բնական բազմացումը։ Կենսահամակեցության մեջ տեսակային բազմազանությունը նվազում է ներքին ազդակներից (օրինակ՝ ջրային կենսահամակեցության բազմազանությունը կտրուկ նվազում է արդյունաբերական թափոններով ջրի աղտոտման դեպքում)։

Կենսահամակեցության կառուցվածքի պահպանման գործում մեծ նշանակություն ունեն ներտեսակային և միջտեսակային մրցակցություններ։ Կենսահամակեցության զարգացման ընթացքում աճում են նրա կենսազանգվածը և տեսակային բազմազանությունը, բարդանում են սննդային և տարածական կառուցվածքները։ Տարբերում են առաջնային կենսահամակեցություն, որտեղ բացակայում է մարդու միջամտությունը (տափաստան, կուսական անտառ), և երկրորդային կենսահամակեցություն, որտեղ առկա է մարդու գործունեությունը։ Հատուկ նշանակություն ունեն մարդու կողմից ստեղծվող և կարգավորվող ագրոկենսահամակեցությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։