Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր կամ պարզապես Կենդանիների օր (անգլ.՝ World Animal Day), համաշխարհային օր, որը ստեղծված է Երկիր մոլորակի մյուս բնակիչների խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով։ Օրը նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերի 4-ին։

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա պատմությունը խմբագրել

Այս օրը նշել որոշվել էր Ֆլորենցիայում (Իտալիա), 1931 թվականին, բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում։

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։

Այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում, և 2008 թվականին այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվեցին արդեն աշխարհի 66 երկրում։