Կեղծ հոդ (լատին․՝ Pseudoarthrosis), ոսկրի ամբողջականության խախտման հատվածում առաջացած կայուն ախտաբանական շարունակություն։

Կեղծ հոդ
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա
ՀՄԴ-10M84.1 և M96.0
 Pseudarthrosis Վիքիպահեստում

Տեսակներ խմբագրել

Տարբերում են բնածին և ձեռքբերովի կեղծ հոդեր։

Բնածին կեղծ

Բնածին կեղծ հոդը առաջանում է ոսկրի ներարգանդային զարգացման շեղումների պատճառով։

Ձեռքբերովի կեղծ

Ձեռքբերովի կեղծ հոդը զարգանում է ոսկրի վնասվածքի (կոտրվածք, ոսկրահատություն) վերականգնման պրոցեսների խանգարման և ախտահարման հետևանքով։

Պատճառներ խմբագրել

Կոտրվածքը կարող է չսերտաճել ոսկրաբեկորների միջև մկան կամ այլ հյուսվածք ընկնելիս, դրանց մեծ տեղաշարժի, ոսկորի մեծ հատվածի կորստի, ինչպես նաև ոսկրաբեկորների արյունամատակարարման խանգարումների (օրինակ՝ ազդոսկրերի վզիկի կոտրվածքների) ժամանակ։ Ավելի հաճախ կեղծ հոդ առաջանում է սրունքի վրա՝ նրա 2 ոսկրերի կոտրվածքից հետո։ Հազվադեպ կեղծ հոդը լինում է բնածին՝ գոյանում է պտղի ոսկրի սաղմնային արատի տեղում։ Ժամանակի ընթացքում կեղծ հոդի տեղում կարող է ձևավորվել իսկական հոդի նմանակը՝ բեկորների ծայրերում աճառի զարգացմամբ, որը շրջապատված է հոդային ձուսպահեղուկ պարունակող սպիական հոդապատյանով։

Պաթոգենեզ խմբագրել

Հիմնական ախտանշաններն են՝ վերջույթի ֆունկցիայի խանգարումը (ձեռքն աշխատեցնելու, ոտքի վրա կանգնելու անհնարինությունը), կեղծ հոդի շրջանում ցավերը, սրունքի, ազդրի կեղծ հոդի մակարդակի վրա ոչ բնականոն շարժողունակությունը։

Առաջացում և բուժում խմբագրել

Կեղծ հոդը հաճախ առաջանում է բազկոսկրի և ազդրոսկրի կոտրվածքներից հետո։ Հիմնական մեթոդը վիրաբուժական միջամտությունն է, որի օգնությամբ բեկորներն ամուր կպչում են և սերտաճում։ Լայնորեն կիրառվում են պլաստիկ վիրահատությունները՝ հիվանդի սեփական ոսկորի փոխպատվաստումը, ինչպես նաև ոսկրաբեկորների միացումը մետաղե կամ պլաստմասսայե կառուցվածքներով, որոնք երբեմն հյուսվածքներում մնում են ընդմիշտ, մյուսները հեռացվում են ոսկրի սերտաճումից և կեղծ հոդի վերացումից հետո։ Բուժելիս լայնորեն օգտագործում են նորագույն բժշկական սարքեր, որոնք հնարավորություն են տալիս ոսկրաբեկորները հպել իրար՝ դրանց արագ սերտաճեցնելու և միաժամանակ ծայրանդամի կարճացումը կանխելու նպատակով։ Այդպիսի սարքերի շնորհիվ հիվանդը կարող է քայլել՝ հենվելով հիվանդ ոտքին՝ վիրահատությունից հետո հենց առաջին օրերին։ Վիրահատական բուժման ելքը, որպես կանոն, բարեհաջող է, որը, սակայն, մեծ համբերություն և հաստատակամություն է պահանջում, քանի որ հետվիրահատական բուժումը սովորաբար երկարատև է (1 տարի և ավելի)։ Որոշ դեպքերում, երբ կեղծ հոդը ցավ չի պատճառում և քիչ է խանգարում ֆունկցիային (դա հիմնականում հնարավոր է նախաբազկի ոսկրերի կեղծ հոդի ժամանակ), ինչպես նաև, եթե վիրահատությունը որևէ պատճառով հակացուցված է, խորհուրդ է տրվում կրել օրթոպեդիական սարքեր։ Բուժումը վիրահատական է[1]։

Կանխարգելում խմբագրել

Կանխարգելման համար անհրաժեշտ է բուժման ժամանակ խստորեն կատարել բժշկի նշանակումները։ Հատկապես անթույլատրելի է ինքնուրույն, ժամանակից շուտ գիպսակապը հանելը, եթե հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվել՝ տանը և պոլիկլինիկայում բուժումն ավարտելու նպատակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 359

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 359