Կարո Արմեն
Կարո Արմեն (դասական ուղղագրությամբ՝ Կարօ Արմէն, հունվարի 31, 1953, Ստամբուլ, Թուրքիա), ամերիկահայ գիտնական և գործարար։
Կարո Արմեն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան և Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում |
Մասնագիտություն | գիտնական, գործարար, ձեռնարկատեր և գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Agenus? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Garo H. Armen Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Կարո Արմենը ծնվել է 1953 թվականին, Ստամբուլում։ Նախնական կրթությունն ստացել է Ստամբուլի դպրոցներից մեկում։ 17 տարեկանում մեկնել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ։ Սովորել է Նյու-Յորքի «Քուրինջ» քոլեջում, իսկ Ֆիզիկական քիմիայի դոկտորի աստիճան՝ Նյու-Յորքի քաղաքային համալսարանի «Շրջանավարտների կենտրոնում»։
Աշխատել է Լոնգ Այլնդի Բրուքհեյվն ազգային լաբորատորիայում։ Նրա աշխատանքը վերաբերում էր ֆոտոսինթեզի և էներգիայի անջատմանը։ Գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում՝ ֆիզիկական քիմիայի ասպարեզում։
Շուտով Արմենը դուրս է եկել լաբորատորիայից և աշխատանաքի անցել Ուոլ Սթրիթում՝ որպես «Ի. Էֆ. Հաթըն» ընկերության առողջապահական հարցերի վերլուծաբան։ Այնուհետև Կարո Արմենը հիմնել է սեփական առողջապահական ընկերությունը։
1994 թ․ Արմենը հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ հիմնել է հակաքաղցկեղային «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համանախագահն ու գործադիր տնօրենը հենց ինքն էր։ Նրա ղեկավարությամբ ստեղծած Օնկոֆաժ (անգլերեն՝ Oncophage) դեղանյութը նախատեսված է սկզբնական փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների համար։
Կարո Արմենը 2004 թվականին հիմնադրել է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը։
2002 թվականին «Էռնստ և Յանգը» Կարո Արմենին ճանաչել է «Տարվա կենսատեխնոլորգիական ձեռնարկատեր»։ Գիտության, ձեռներեցության և բարեգործության բնագավառներում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ հայաստանյան տարբեր կառույցների կողմից արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների՝ Ellis Island պատվո մեդալը (2004)՝ Հայաստանում գործադրած իր մարդասիրական ջանքերի, ինչպես նաև ամերիկյան հասարակությունում ունեցած ներդրումների համար, «Սաբին հումանիտար» բարձր մրցանակը (2006)՝ Սաբինի Վակցինայի ինստիտուտի կողմից՝ կենսատեխնոլոգիական և առաջադիմական բժշկական հետազոտությունների ոլորտում իր ունեցած նվաճումների համար, ՀՀ Վարչապետի պատվո շքանշանը (2007)` Հայաստանի գյուղական վայրերի վերականգնման գործում նշանակալի ներդրումներ ունենալու համար։ 2016 թվականին արժանացել է ԱՄՆ-ի «Տարվա ներգաղթյալ ձեռներեց» մրցանակին։
Պարգևներ խմբագրել
- Մխիթար Հերացու մեդալ, ՀՀ նախագահի կողմից, 2013 թվական,
- Ոսկե մեդալ Արմավիրի մարզպետի կողմից, բարեգործական աշխատանքներ կատարրելու համար, 2008 թվական,
- Պատվո շքանշան, ՀՀ վարչապետի կողմից, 2007 թվական;