Կարոլոս Կուն (հուն.՝ Κάρολος Κουν, սեպտեմբերի 13, 1908(1908-09-13)[3], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[4] - փետրվարի 14, 1987(1987-02-14)[2], Աթենք, Հունաստան), հույն ռեժիսոր։

Կարոլոս Կուն
(հուն.՝ Κάρολος Κουν)
Ծնվել էսեպտեմբերի 13, 1908
ԾննդավայրՀունաստան Բուրսա
Մահացել էփետրվարի 14, 1987
Մահվան վայրՀունաստան Աթենք
ԿրթությունՌոբերթ քոլեջ (1928)[1] և Սորբոն (1929)[1]
Քաղաքացիություն Հունաստան
Ազգությունհույն
Մասնագիտացումռեժիսոր, թատերական ուսուցիչ, դպրոցի դասատու և դերասան
ՊարգևներՕրդեն Ֆենիկսայի մեդալ
IMDbID ID 3765931

Կենսագրություն խմբագրել

Կարոլոս Կունը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Բուրսայում։ Մայրը՝ Մելպոմենա Պապանդոպուլոն, ուղղափառ հույն էր, իսկ հոր՝ մեծահարուստ առևտրական, կոսմոպոլիտ Հենրիխ Կոենի երակներով հոսում էր կիսով չափ ուղղափառ հույնի, կիսով չափ՝ գերմանա-լեհական հրեայի արյուն։ 1928 թվականին Կոստանդնուպոլսի ամերիկյան Ռոբերտ քոլեջն ավարտելուց հետո Կարոլոսը մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու Սորբոնի համալսարանում։ Մեկ տարի այստեղ գեղագիտություն է ուսումնասիրել, ապա մոր հետ տեղափոխվել է Աթենք, որտեղ հույն-ամերիկյան քոլեջում անգլերենի ուսուցչի պաշտոն է ստացել։ Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է «Շերիֆի ուղևորության ավարտը» պիեսի բեմադրությունը, որից հետո քոլեջի իր սաների հետ ներկայացրել է Արիստոֆանեսի «Թռչուններ», «Գորտեր», Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» կատակերգությունները և այլ թատերգություններ։ Կունի ճակատագրում վճռորոշ դեր է խաղացել նրա ծանոթությունը փոքրասիական Այվալըք քաղաքից թուրքական հալածանքների հետևանքով բռնագաղթած գրող և նկարիչ Փոտիս Կոնդօգլուի հետ։ Ինչպես նշել է նա հետագայում, հենց Կոնդօգլուն է օգնել իրեն՝ ճանաչելու իրական Հունաստանը։

Փորձելով բեմ վերադարձնել բուն, իսկական հունականը՝ Կունը 1933 թվականի ձմռանը նկարիչ և ռեժիսոր Յանիս Ծառուկիսի և ժուռնալիստ Դիոնիսիոս Դիվարիսի հետ հիմնադրեց «Ժողովրդական բեմը», որը գործեց 1934-1936 թվականներին։ Նորաստեղծ թատերախմբի առաջին ներկայացումը Գեորգիոս Խորտացիսի (1545-1610) «Էրոֆիլի» ողբերգության բեմադրությունն էր 1934 թվականի ապրիլի 29-ին, «Օլիմպիա» թատրոնի բեմում։ Կունը դերասաններին բեմի վրա դասավորել էր Կանդօգլուի սրբապատկերների նմանությամբ, լուսավորությունը կազմակերպել կանթեղի տեսքով։

1939 թվականին նա թողեց մանկավարժական աշխատանքը քոլեջում և լիովին նվիրվեց թատերական գործին՝ համագործակցելով մի շարք թատերախմբերի հետ (Կատերինա Անդրադիի, Մարիկա Կոտոպուլիի և այլն)։ Երազում էր ստեղծել սեփական թատերախումբը՝ իր հայացքները կիսող, նվիրյալ դերասանների հետ։

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Կունի թատերական գործունեության առաջին բարձունքը վեր խոյացավ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հունաստանի եռակի՝ գերմանա-իտալա-բուլղարական օկուպացիայի ժամանակաշրջանում։ Կարելի է ենթադրել, որ Աթենքի թատերական հասարակության մեջ չգտնվեց նույնիսկ մեկ սրիկա, որը նացիստներին կմատներ Կունի հոր հրեական ծագման մասին, կամ էլ՝ գերմանացիները Կունին այնքան էլ հրեա չէին համարում։ Բոլոր դեպքերում՝ փաստն այն է, որ 1942 թվականին Կունը ստեղծեց իր «Արվեստի թատրոնը», որի առաջին ներկայացումը եղավ նորվեգացի մեծ թատերագիր Հենրիկ Իբսենի «Վայրի բադը» թատերգության բեմականացումը։ Հետագայում բեմադրվեցին Անտոն Չեխովի, Բերնարդ Շոուի, Լուիջի Պիրանդելլոյի, իսկ Հունաստանի ազատագրումից հետո՝ նաև Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Թեննեսի Ուիլյամսի, Արթուր Միլլերի և այլ նշանավոր գրողների թատերական երկերը։

Կարևոր է նշել նաև, որ այդ նույն տարում՝ 1942 թվականին Կունը իր թատրոնին կից հիմնադրեց «Դրամատիկական դպրոցը», որի սաները հետագայում դարձան ետպատերազմյան հունական կինոյի ոսկե սերունդը ներկայացնող լավագույն ռեժիսորներն ու դերասանները։ Կունին՝ որպես թատերական մանկավարժի լավագույնս բնութագրում են իր իսկ՝ հետևյալ խոսքերը. «Մենք մերժում ենք «թատրոնը՝ թատրոնի համար» սկզբունքը։ Բայց նաև՝ թատրոնը չենք համարում զուտ ապրուստի միջոց։ Մենք թատրոնով զբաղվում ենք, որպեսզի հոգեպես հարստացնենք ինքներս մեզ և մեր հասարակությունը, որպեսզի բոլորիս կարողություները միավորելով՝ կարողանանք մեր երկրում ստեղծել լայն, հոգեպես հարուստ, լիարժեք մշակույթ... Թատրոնի, ինչպես և արվեստի մյուս տեսակների ելակետն ու հիմքը պոեզիան ու կախարդանքն են։ Եթե դրանք չկան, ուրեմն թատրոն էլ չկա»։

Ֆինանսական դժվարությունները ստիպեցին 1949 թվականին փակել «Արվեստի թատրոնը»։ 1950-1953 թվականներին Կունը գործակցում էր Հունաստանի Ազգային թատրոնի հետ։ 1954 թվականին նա կարողացավ վերաբացել «Արվեստի թատրոնը» Աթենքի «Օրփեոսի ստոա» ամֆիթատրոնի գետնահարկում։ «Դրամատիկական դպրոցի» իր սաների հետ այստեղ բեմադրում էր ոչ միայն անվանի թատերագիրների, այլև ետպատերազմյան թատերագրության նոր հոսանքները ներկայացնող երիտասարդ տաղանդավոր հեղինակների գործերը, իսկ 1957 թվականից դարձյալ առանձնահատուկ ուշադրություն նվիրեց հին հույն թատերագիրների ստեղծագործությունների բեմականացմանը։ 1959 թվականին Արիստոֆանեսի «Թռչունների» նրա՝ ավանգարդային ոճով կատարած բեմականացումը վրդովմունքով ընդունվեց Աթենքի թատերական հասարակության կողմից, տեղիք տվեց այնպիսի սկանդալի, որ հարկ եղավ նույնիսկ կառավարության միջամտությունը։ Բայց երեք տարի անց այդ նույն բեմադրությունը Փարիզում անցկացված «Ազգերի փառատոնում» արժանացավ առաջին կարգի մրցանակին և հասարակության ու քննադատության հիացական արձագանքին։

Դրանից հետո Կարոլոս Կունը իր աշխատանքները ներկայացրեց աշխարհի տասնյակ խոշոր քաղաքների հռչակավոր բեմերի վրա, հաղթական մասնակցություն ունեցավ թատերական բազմաթիվ փառատոների, հունական արվեսստի շաբաթների ու տասնօրյակների։ Արտասահմանյան հայտնի շատ ու շատ թատրոններից նա աշխատանքային պայմանագիր կնքելու բազմաթիվ առաջարկություններ ստացավ, բայց մերժեց։ Միակ բացառությունը կատարեց Ստրատֆորդի շեքսպիրյան արքայական թատրոնի համար, որտեղ 1967 թվականին բեմադրեց հանճարեղ անգլիացու «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը։ Անգլիական թատերական քննադատությունը նրա այդ բեմադրությունը բնորոշեց որպես վերջին տասնամյակի շեքսպիրյան լավագույն բեմականացում։

1974-1983 թվականներին Կունը ստեղծեց երկրորդ «Ժողովրդական բեմ»-ը՝ մի նոր թատերախումբ, որն իր բեմադրությունները ներկայացնում էր Աթենքի խոշոր նավահանգստային արվարձանը հանդիսացող Պիրեուսի Վեակիսի թատրոնում։ 1984 թվականին հունական կառավարությունը նրան տարածք հատկացրեց Աթենքի կենտրոնում, որպեսզի կառուցի Կարոլոս Կունի թատրոնը, որը դարձավ «Արվեստի թատրոնի» երկրորդ բեմը։

Տաղանդաշատ թատերական գործիչը ոչ միայն բեմադրություններ է հեղինակել, այլ նաև թատերագիտական արժեքավոր աշխատություններ («Հին ողբերգությունն ու կատակերգությունը», «Ռեժիսորը և հին դրաման»)։

Գնահատելով նրա կատարած հիրավի մեծ ներդրումը հունական արվեստում՝ Հունաստանի կառավարությունը նրան պարգևատրել է Փյունիկի շքանշանով, իսկ Աթենքի ակադեմիան՝ արծաթե մեդալով։

Հիսուն տարվա ստեղծագործական նվիրված, եռանդուն աշխատանքից հետո Կունի ֆինանսական դրությունը բարվոքվել էր, բայց քայքայվել էր առողջությունը։ Նա վախճանվեց հիվանդանոցում, 78 տարեկան հասակում։ Մահից օրեր առաջ հայտարարել էր. «Իմ մասին ասում են, որ ես լավ եմ բեմականացրել Արիստոֆանեսին ու Էսքիլեսին, և որ «Թռչունների» ու «Պարսիկների» իմ բեմադրությունները նշասյուներ են դարձել հին դրամայի պատմության մեջ։ Այս ճանաչումը ինձ լիովին բավարարում է»։ Իր կտակում մեծ արվեստագետը, հոգ տանելով թատրոնի մասին, խնդրել է ճանաչված, տաղանդավոր թատերագիրներ Գեորգիոս Լազանիսին, Միմիս Կույումձիսին և Գեորգիոս Արմենիսին, որ շարունակեն համագործակությունը «Կարոլոս Կունի արվեստի թատրոն»-ի հետ։

Կարոլոս Կունը մահացել է 1987 թվականի փետրվարի 14-ին՝ Աթենքում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլոս Կուն» հոդվածին։