Կարմրահողեր, հողերի տիպ, որն առաջանում է սաղարթավոր անտառների ծածկոցի տակ, խոնավ մերձարևադարձային կլիմայի և մասնակիորեն արևադարձային սավանների պայմաններում։ Կարմրահողերը բնութագրվում են մեկ ու կես օքսիդների բարձր պարունակությամբ (երկաթի և ալյումինի), սիլիկատների և հիմքերի աղքատությամբ։ Տաք և խոնավ կլիման նպաստում է լեռնային ապարների և ալյումինի սիլիկատների ինտենսիվ քայքայմանը կալցիումի և մագնեզիումի հեռացմանը։ Երկաթի օքսիդները կարմրահողերին տալիս են կարմիր կամ նարնջագույն գունավորում։ Թեք լանջերում կարմրահողերը թույլ են զարգացած, հզորությունը ցածր է և սովորաբար ուժեղ լվացված են։ Ռեակցիան թթու է կամ թույլ թթու (pH-ը 5, 0-5, 7)։ Մեխանիկական կազմը ծանր կավավազային կամ կավային է։ Կան մերձարևադարձային անտառների և արևադարձային սավանների կարմրահողեր։ Տարածված են Չինաստանի հարավարևելյան, կենտրոնական շրջաններում, Վիետնամում, Ճապոնիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ի հարավ-արևելքում, Բրազիլիայում, Աֆրիկայում, Ֆրանսիայի հարավում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր։ Կարմրահողերում մշակում են թեյ, ծխախոտ, խաղող, ցիտրուսներ և այլ կուլտուրաներ։

Կարմրահող Հնդկաստանում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 337
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրահողեր» հոդվածին։