Կաստիլիայի թագավորություն


Կաստիլիայի թագավորություն (իսպ.՝ Reino de Castilla [ռեյնո դե կաստիլյա]) միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 1065-1230 թվականներին։ Հիմնադրել է իշխան Սանչո II-ը 1065 թվականին։ Երկիրը կառավարել են տարբեր ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, ովքեր բարեկամական կապեր ունեին հարևան քրիստոնեադավան դինաստիաների հետ։ Տարածքը կազմել է առավելագույնը 40 000 քառ. կմ՝ Ֆերդինանդ III արքայի օրոք (1217-1230)։

Կաստիլիայի թագավորություն
Reino de Castilla
 Լեոնի թագավորություն
 Նավառայի թագավորություն
1065 - 1230 Կաստիլիայի և Լեոնի թագավորություն 
Քարտեզ


(իսպանական պետությունները 1210 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բուրգոս (1037-1087)
Տոլեդո (1087-1230)
Մակերես 40 000
Լեզու Կաստիլերեն, Բասկերեն, Մոսարաբերեն
Ազգություն աստուրացիներ, մոսարաբներ, վեստգոթեր
Կրոն Կաթոլիկություն (99%),
Հեթանոսություն (0.5%), Հուդայականություն (0.3%) և Իսլամ (0.2%)
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Պետության գլուխ Միապետ

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բուրգոսը։ 1087 թվականից Ալֆոնսո VI Քաջը մայրաքաղաքը տեղափոխում է Տոլեդո, որը ավելի քան մեկուկես դար մնում է Կաստիլիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում թերակղզու մուսուլմանական պետությունները, ներառել է հարևան և հեռավոր գավառներ՝ հասնելով մինչև ժամանակակից Իսպանիայի կենտրոնական հատվածներ։ Երբեմն այն ներառում էր Գալիսիայի, Լեոնի, Նավառայի և Արագոնի թագավորությունները։

13-րդ դարի առաջին քառորդին Կաստիլիայի թագավորությունը միավորվեց Լեոնի թագավորությանը, երբ Ֆերդինանդ III-ը ամուսնության շնորհիվ ժառանգեց այն։ Այդ ժամանակից սկսած՝ երկիրը կոչվում էր Կաստիլիայի և Լեոնի թագավորություն, իսկ առաջնորդները՝ Կաստիլիայի թագակիր արքա[1]։

Կաստիլիայի թագավորությունը առաջին քրիստոնյա պետության՝ Աստուրիայի թագավորության քաղաքական միավորներից էր, որ ձևավորվել էր 9-րդ դարում՝ որպես «ամրոցների երկիր» (լատին․՝ Castel՝ ամրոց) կամ Կաստիլիայի կոմսություն (Condado de Castilla)։ 1072-1157 թվականներին Կաստիլիան նորից միանում է Լեոնին, իսկ 1230 թվականին Լեոնը դառնում է իր մասը։ Կաստիլիայի արքաները արշավանքներ են կատարում դեպի Պիրենեյան թերակղզու հարավ՝ իսլամադավան պետությունների դեմ։

Պատմություն խմբագրել

9-11-րդ դարեր խմբագրել

Համաձայն Ալֆոնսո III-ի աղբյուրների, «Castile» (Կաստիլիա) անվան առաջին հիշատակումները գտնվել են 800-ական թվականներին։ Ալ-Անդալուսի աղբյուրներում ամենահին հիշատակումը եղել է որպես ալ-կիլա (արաբ․՝ القلاع‎‎՝ ամրոցներ)։ Բերդերը գտնվել են Ալավայում և դրանից հարավ ընկած շրջաններում՝ Աստուրիայի թագավորության արևելքում, որից էլ եկել է պետության անվանումը։

Կաստիլիայի կոմսությունը հարավում սահմանակից էր Տոլեդոյի լեռներին, վերաբնակեցվել էր Կանտաբրիայից, Աստուրիայից, Բասկոնիայից եկած բնակիչներով, որոնք ունեին վեստգոթական ծագում։ Նրանք կոչվում էին «մոսարաբներ»՝ քրիստոնյա արաբախոսներ։ Այն ուներ իր սեփական հռոմեական բարբառը և օրենքները։

 
Կաստիլիայի առաջին մայրաքաղաք Բուրգոսի բերդը

711 թվականին Պիրենեյան թերակղզին նվաճած արաբներն այստեղ հիմնել էին ալ-Անդալուսի ամիրայությունը, որը ենթակա էր Արաբական խալիֆայությանը։ 750 թվականին արևելքում տեղի ունեցած դինաստիական փոփոխության արդյունքում կայսրությունը 90 տարի իշխած Օմայանները (661-750) իրենց իրավունքերը զիջում են Աբբասյաններին (750-1258)։ Օմայյան դինաստիայի միակ ներկայացուցիչ Աբդ ալ-Ռահման I-ը հեռանում է մայրաքաղաք Դամասկոսից ու հանգրվանում ալ-Անդալուսում՝ հիմնելով խալիֆայությունից անկախ քաղաքական միավոր՝ Կորդովայի ամիրայությունը (750-929)։ Վերջինս մշտական հարձակումներ էր գործում Պիրենեյան թերակղզու հյուսիսում ձևավորված Աստուրիայի դեմ։

910 թվականին Աստուրիայի թագավորությունից առանձնանում է Լեոնը՝ սկզբում որպես կախյալ միավոր, իսկ թագավորության անկումից հետո (924)՝ որպես անկախ քաղաքական ուժ։ Կաստիլիայի տարածքը ամբողջությամբ գտնվում էր Լեոնի կազմում։ Այն վերաբնակեցվում է Մենայից և Բիսկայան ծոցի ափին գտնվող Լաս-Էնկարտասյոնեսից եկած գյուղացիներով ու արհեստավորներով։ Ստեղծվեցին փոքր քաղաքներ, որոնք կառավարվում էին կոմսության կողմից։

Առաջին կոմսը, ում տիրույթները համեմատաբար մեծ էին Կաստիլիայում, Ռոդրիգոն էր։ 850-ական թվականներին նա ենթարկվում էր Օրդոնյո I-ին և Ալֆոնսո III: Նա բնակեցրեց և ամրություններ կառուցեց հին կանտաբրիական քաղաք Ամայայում, որպեսզի հեշտացներ հարավից Լեոն տանող ճանապարհի պաշտպանությունը մուսումանական ռազմական արշավանքներից։ Տարածաշրջանը բաժաննվել էր մի քանի կոմսությունների՝ Ալավա, Բուգոս, Ցերեսո և Լանտերոն, Կաստիլիա։

 
Ֆեռնան Գոնսալեսի արձանը Բուրգոսում

931 թվականին, օգտվելով Հյուսիսային Աֆրիկայում ձևավորված Ֆաթիմյան խալիֆայությունից, Կորդովայի արաբ ամիրա Աբդ ալ-Ռահման III-ը հիմնում է անկախ խալիֆայություն (931-1029)։ Մինչ այդ Օմայանները խուսափում էին այդ քայլից՝ հարգելով Բաղդադում իշխող Աբբասյան խալիֆին։ Կորդովայի խալիֆայությունը սակայն, թույլ էր նախորդից։ Այն ոչ միայն չի կարողանում վերանվաճել թերակղզու հյուսիսը, այլև իր տարածքները զիջում է նորաստեղծ մի քանի քրիստոնեական պետություններին։

931 թվականին Լեոնի արքա Ռամիրո II-ը Կաստիլիայի կոմս է նշանակում Ֆեռնան Գոնսալեսին։ Վերջինս շարունակում է թագավորի պատերազմը նորաստեղծ խալիֆայության դեմ։ Աբդ ալ-Ռահմանին օգնության են հասնում Սարագոսայի և մյուս քաղաքների արաբ կառավարիչները։ Թագավորը կոմսին թողնում է մենակ՝ մարտի դաշտում։ Կոմսը կարողանում է հաղթել թշնամիներին, որից հետո ապստամբում է Լեոնի թագավորության դեմ։ 945 թվականին արքան գահընկեց է անում նրան, սակայն մեկ տարի անց նա վերակագնում է իր իրավունքները և ձեռք բերում ինքնավարություն ու իր գահի հանդեպ ժառանգական իշխանություն, քանի որ նախկինում նրանց նշանակում էր Լեոնի արքան։

Ֆեռնանի իշխանության շրջանում (931-970) Կաստիլիայի կենտրոնը պարսպապատ Բուրգոսն էր, որ հիմնադրվել էր Դիեգո Գոնսալեսի կողմից։ Ֆեռնանի թոռան՝ Սանչո Գարսիայի օրոք (995-1017) նստավայրը բարեկարգվում է և բնակեցվում արհեստավորներով ու առևտրականներով՝ բերդից վերածվելով աշխույժ մայրաքաղաքի։ Կաստիլիայի կոմսությունը հասնում է հզորության գագաթնակետին և մի քանի հաղթանակներ տանում արաբների դեմ։ Որոշ ժամանակ անց հասունանում է Կաստիլիայի՝ ինքնուրույն թագավորություն դառնալու պահը։

Անկախացում և միացում Լեոնի թագավորության հետ խմբագրել

Կատիլիայի կոմսության ինքնավարությունը ճանաչեց Նավառայի արքա Սանչո III-ն, ով ամուսնացավ Կաստիլիայի կոմս Գարսիա Սանչեսի քրոջ հետ։ 1028 թվականին Գարսիան Լեոնում սպանվեց։ Այդտեղ նա պետք է ամուսնանար Լեոնի թագավոր Բերմուդո III-ի քրոջ հետ։ Սանչո III-ը հաստատեց իր որդուն (Գարսիայի զարմիկին)` Ֆերդինանդ I-ին, որպես Կաստիլիայի կոմս` ամուսնացնելով նրան իր մորեղբոր հարսնացու Սանչայի հետ։ Սանչոյի մահից հետո 1035 թվականին Կաստիլիան նորից մտավ Լեոնի ազդեցության տակ, սակայն Ֆերդինանդը, դաշինք կնքելով իր եղբոր՝ Նավառայի թագավոր Գարսիա Սանչես III-ի հետ, պատերազմ սկսեց Լեոնի թագավոր Բերմուդոյի դեմ։ Տամարոնի ճակատամարտում Բերմուդոն սպանվեց՝ մնալով անժառանգ[2]։ Որպես Բերմուդոյի քրոջ ամուսին Ֆերդինանդը ժառանգեց նաև Լեոնի թագը[3]։

 
Կաստիլիան 1037 թվականին

1031 թվականին Կորդովայի խալիֆայությունը դադարեց գոյություն ունենալ։ Նրա տարածքում առաջացան տասից ավելի ամիրայություններ կամ տայֆաներ (արաբ․՝ طائفة‎‎), որոնցից առավել հայտնի էին Տոլեդոն, Սարագոսան և Վալենսիան։ Տայֆաները բավական արագ ընկան Աֆրիկայում ստեղծված բերբերական Ալ-Մորավիների պետության ազդեցության տակ (1040-1147), որոնց փոխարինելու եկան Ալ-Մոհադները (1121-1269)։ Այսպիսով՝ իսլամադավան բնակչության ու վերնախավի ներկայությունը Իսպանիայում ավելի ուժեղացավ։

Միևնույն ժամանակ Լեոնից բացի Պիրենեյան թերակղզում իրենց ազդեցությունը զորեղացրին Կաստիլիայի արևելյան հարևան Նավառան, ինչպես նաև Արագոնի թագավորությունն ու Բարսելոնի կոմսությունը։ Վերջինս ձևականորեն գտնվում էր Ֆրանսիայի թագավորության կազմում։ Նավառան, Արագոնը և Բարսելոնը տեղակայված էին Պիրենեյան լեռներում և կարողանում էին պաշտպանվել մուսուլմանների հարձակումներից։

1065 թվականին Ֆերդինանդ I-ը մահացավ, և նրա տարածքները բաժանվեցին երեխաների միջև։ Սանչո II-ը դարձավ Կաստիլիայի[4], Ալֆոնսո VI-ը՝ Լեոնի և Գարսիան՝ Գալիսիայի արքա[5], իսկ աղջիկներին բաժին հասան քաղաքները. Ուրակային՝ Զամորան և Էլվիրային՝ Տորոն։

Սանչո II-ը զորքերով Ալֆոնսո VI-ի հետ և միասին գրավեցին և բաժանեցին Գալիսիայի թագավորությունը։ Սանչոն հետագայում հարձակվեց Ալֆոնսոյի վրա և միավորեց Լեոնը Կաստիլիային, իսկ Ալֆոնսո VI-ին բանտարկեց։ Նրանց քույր Ուրակայի կողմը անցավ Լեոնի բանակի մեծ մասը, ով պատսպարվեց Զամորայում։ Սանչոն պաշարեց քաղաքը, սակայն սպանվեց Բելլիդո Դոլֆոսի կողմից։ Կաստիլիական բանակը նահանջեց։ Արդյունքում գահին վերադարձավ Ալֆոնսո VI-ը, ով վերականգնեց Լեոնի տարածները, նաև դարձավ Կաստիլիայի և Գալիսիայի արքա։

 
Կաստիլիայի առաջին թագավոր Սանչո II

Ալֆոնսոյի օրոք սկսվեցին հարաբերություններ հաստատել այլ եվրոպական թագավորությունների, ներառյալ Ֆրանսիայի հետ։ Նա ամուսնացրեց իր աղջիկներին ֆրանսիացի կոմսերի հետ։ Ալֆոնսո VI-ի մահից հետո նրան փոխարինեց իր դուստր Ուրական, ով հետո ամուսնացավ Արագոնի արքա Ալֆոնսո I-ի հետ։ Սակայն նրանց հարաբերությունները միանգամից սրվեցին և Ալֆոնսոն 1114 թվականին անհաջող փորձ արեց նվաճել Ուրակայի տարածները։ Ուրական նույնպես ստիպված էր պայքարել իր որդու՝ (առաջին ամուսնությունից) Գալիսիայի թագավորի դեմ իր իրավունքները պահպանելու համար։ Երբ Ուրական մահացավ Կաստիլիայի և Լեոնի թագավոր դարձավ նրա որդին՝ Ալֆոնսո VII-ը։ Իր կառավարման տարիներին Ալֆոնսո VII-ը փորձեց իրան միավորել թուլացած Նավառայի և Արագոնի թագավորությունները։ Արքայի հավակնությունները, սակայն, չկարողացան հասնել իրենց նպատակին, քանի որ Արագոնը միավորվեց Բարսելոնայի կոմսության հետ։ Այդտեղ վերջնականապես վերացավ Ֆրանսիայի ազդեցությունը

Քրիստոնեություն և իսլամ խմբագրել

Արաբական տիրապետության ընթացքում (711-1492) Կաստիլիայի կենտրոնական մասը, ինչպես նաև Իսպանիայի հիմնական մասը օգտագործվում էր գյուղատնտեսական նպատակներով[6]։ Նրանք կարողացան զարգացնել Իսպանիայի տնտեսությունը նաև արհեստների ու առևտրի տեսանկյունից, զարկ տալ մշակույթին ու արվեստներին։ Մինչ այդ Պիրենեյան թերակղզին դարեր շարունակ համարվում էր Հռոմեական, ավելի ուշ՝ Բյուզանդական կայսրության հետամնաց ծայրամաս, որտեղ իշխանություն նվաճած վեստգոթերի վայրի ցեղերը կարողացել էին հիմնել ինքնուրույն թագավորություն։

 
Տոլեդոյի գլխավոր՝ սուրբ Հովհաննես տաճարի գեղանկարը

Վաղ միջնադարի ավարտին՝ մասնավորապես 7-րդ դարի ընթացքում ու 8-րդ դարի սկզբին, տեղի ունեցան արաբական նվաճումները։ Ենթարկեցնելով Սասանյան Պարսկաստանը (226-642) և նվաճելով Բյուզանդական կայսրության տարածքների երեք քառորդը՝ անապատաբնակ արաբները ստեղծեցին ժամանակի ամենահզոր կայսրությունը՝ Արաբական խալիֆայությունը։ Հյուսիսային Աֆրիկայում արաբները նվաճել էին նախկին հելենական Եգիպտոսը և Լիբիան[7]։ Արաբական պետականության կայացման մեջ ուրույն տեղն են գրավել հելլենիստական ու պարսկական ավանդույթները, գիտությունն ու մշակույթը[7]։ Որոշ ժամանակ անց մեծաքանակ թարգմանական գրականության շնորհիվ Բաղդադի, Դամասկոսի ու Մեքքայի գրադարաններում հայտնվում են հին աշխարհի նշանավոր փիլիսոփաների աշխատությունները։ Թարգմանական աշխատանքներն արվում էին ոչ միայն արաբների, այլև պարսիկների, հնդիկների, հույների ու ասորիների միջոցով։

750 թվականին Արաբական խալիֆայության կենտրոնական նահանգներում սկսված ապստամբությունն ավարտվեց Աբբասյանների հաղթանակով։ Աբու ալ-Աբբասի հաջորդ Աբու Ջաֆար ալ-Մանսուրը մայրաքաղաքը Դամասկոսից տեղափոխեց նորակառույց Բաղդադ[8]։ Այստեղ նա հեմնեց մեծ գրադարան, որը պարունակում էր հունական դասական գրություններ։ Ալ-Մանսուրը հրամայեց համաշխարհային գրականության հարուստ հավաքածուն, որը գրված էր հունարենով, արամեերենով և պարսկերենով, թարգմանել արաբերեն[9]։ Թարգմանվեցին ու պետության կառավարման մեջ օգտագործվեցին նաև Պարսկաստանի արքա Խոսրով I Անուշիրվանի (531-578) հրամանով գրված օրենքներն ու կանոնները[10]։ Ուսումնասիրելով հունական գրականությունը Աբբասյանները սկսեցին նայել իսլամին հունական աչքերով և հույներին իսլամական աչքերով[7]։ Աբբասյանների ժամանակաշրջանի փիլիսոփաները նաև կարծում էին, որ իսլամը ոչ միայն կարևորագույն կրոնն է, այլ նաև ուսուցողական մեծ առաքելություն ունի[11]։ Խաչակրաց արշավանքների շնորհիվ մինչ այդ մոռացված հարուստ մշակույթը դարեր անց նորից արմատներ ձգեց Եվրոպայում, որտեղ սկսվեց Վերածննդի դարաշրջանը։

 
Տոլեդոյի դարպասներ

12-րդ դարի ընթացքում Եվրոպան ունեցավ մեծ ինտելեկտուալ ձեռքբերումները, որոնց մի մասը պայմանավորված էր Կաստիլիայի կողմից մեծագուն մշակութային կենտրոն Տոլեդոյի նվաճմամբ (1085 թվական)։ Այստեղ հայտնաբերվեց արաբական դասական գրադարանը, որտեղ պահպանվում էին իսլամական գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ աշխատություններ։ 12-րդ դարի կեսերին այստեղ հիմնվեց Տոլեդոյի դպրոցը, որը սկսեց թարգմանել գիտական և փիլիսոփայական աշխատությունները հունարենից և արաբերենից լատիներեն։ Քաղաքում կար նաև մեծաքանակ հրեական բնակչություն։ Շատ եվրոպական գիտնականներ, ներառյալ Դանիել Մոռլեացին և Ժերարդ Կրեմոնացին մեկնեցին Տոլեդո հետագա կրթություն ստանալու նկատառումով։ Տոլեդոն դարձավ Կաստիլիայի նոր մայրաքաղաքը։

Տոլեդո քաղաքը դարձավ երեք՝ քրիստոնեական, իսլամական ու հրեական մշակույթների խոշոր կենտրոն։ Այն գտնվում էր Պիրենեյան թերակղզու կենտրոնում և աշխուժորեն մասնակցում էր իսպանական առևտրին ու քաղաքական անցուդարձերին։ Ավելի ուշ շրջանում, երբ Կաստիլիայի թագավորությունը հզորացավ ու սկսեց մեկը մյուսի հետևից գրավել թերակղզու բոլոր պետությունները, նոր մայրաքաղաք Մադրիդը կառուցվեց Տոլեդոյից ոչ հեռու՝ նրա ոճով ու ճարտարապետությամբ։

Կաստիլիա և Լեոն խմբագրել

Վերջնական միացում Լեոնի հետ խմբագրել

Ալֆոնսո VII-ը վերականգնեց թագավորական ավանդույթը և թագավորությունը բաժանեց իր որդիների միջև։ Սանչո III-ը դարձավ Կաստիլիայի թագավոր, իսկ Ֆերդինանդ II-ը Լեոնի թագավոր։

 
Կաստիլիայի թագը տարիների ընթացքում:

Ֆերդինանդ III-ը արքան ժառանգել էր Կաստիլիայի թագավորությունը իր մորից՝ Բերենգուելայից, 1217 թվականին։ 1230 թվականին նա ժառանգում է նաև Լեոնի թագավորությունը իր հորից՝ Ալֆոնսո IX-ից։ Բացի այդ նա օգտվեց Ալ-Մոհադների կայսրության անկումից և նվաճեց Գվադալախարա գետի հովիտը և նվաճեց Մուրսիայի տայֆան։

Կաստիլիայի և Լեոնի կոմսությունները միավորվեցին, այստեղից սկիզբ առավ Կաստիլիայի թագի գաղափարը, որը բացի Կաստիլիայի, Լեոնի, նվաճված տայֆաներից ներառեց նաև արաբներից նվաճված այլ տարածքներ՝ այդ թվում Կորդովայի տայֆան, Մուրսիայի տայֆան, Խաենի տայֆան և Սևիլյայի տայֆան։ Այսպիսով՝ Կաստիլիայի միացյալ թագավորության մեջ մտան Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքները՝ բացի Արագոնի ու Պորտուգալիայի թագավորություններից։

Տրաստամարայի տոհմ խմբագրել

Տրաստամարայի տոհմը թագավորական տոհմ է, որը կառավարել է Կաստիլիայում 1369-1504, Արագոնում՝ 1412-1516, Նավառայում՝ 1425-1479 և Նեապոլում 1442-1501 թվականներին։

Անունը ստացել է Տրաստամարա կոմսից[12]։ Տիտղոսը առաջին անգամ օգտագործել է Կաստիլիայի թագավոր Հենրի II-ի կողմից, 1369 թվականին մինչև գահին բազմելը, իր եղբոր՝ Պետրոսի հետ քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Տրանստամարայի տոհմի ներկայացուցիչները եղան իսպանական ծագմամբ վերջին միապետերը։

Կաստիլիայի և Արագոնի թագերի միավորում խմբագրել

 
Ֆերդինանդ և Իզաբելլա միապետերը. նրանց առջև՝ Քրիստափոր Կոլումբոսը

Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի ամուսնությունից հետո 1469 թվականին սկսվեց ընտանեկան միությունը երկու թագավորությունների միջև։ Նրանք հայտնի դարձան որպես Կաթոլիկ միապետներ (los Reyes Católicos): Իզաբելլան ժառանգել էր թագը իր եղբորից և Ֆերդինանդը որպես նրա ամուսին դարձավ Կաստիլիայի թագավոր 1474 թվականին։ Երբ Ֆերդինանդը ժառանգեց նաև Արագոնի թագը 1479 թվականին, Կաստիլիայի թագը և Արագոնի թագի տարբեր տարածքներ միավորվեցին մեկ ընդհանուր երկրի ներքո, որը կոչվեց Էսպանա (Իսպանիա)։ Կաթոլիկ միապետները սկսեցին բուրժուազիայի և ազնվականության իշխանության նվազեցման քաղաքանություն, ինչը նպաստեց թագավորության զարգացմանը։ 1492 թվականին Կաստիլիայի թագավորությունը նվաճեց վերջին մուսուլմանական երկիր Գրանադան` վերջ դնելով մուսուլմանական իշխանությանը Պիրենեյան թերակղզում և ավարտեցին Ռեկոնկիստան։

16-րդ դար խմբագրել

Իզաբելայի մահից հետո 1504 թվականին, նրա դուստրը` Խուաննա I-ը դարձավ Կաստիլիայի թագուհի, իսկ իր ամուսնը՝ Ֆիլիպ I-ը թագավոր։ Խուաննայի մահից հետո նրա որդին՝ Կառլոս I-ը վեց տարեկան էր, և երկիրը ղեկավարում էր, նրա հայրը՝ Ֆերդինանդ II-ը։ 1516 թվականին միավորված Իսպանիայի առաջին թագավորը դարձավ Սրբազան Հռոմեական կայսր Կառոլս Հաբսբուգը[13]։ 1519 թվականին նա թագադրվեց նաև Գերմանիայում։

Այսպիսով՝ իսպանական ժողովրդի՝ իսլամադավան նվաճողների դեմ 8 դար տևած պայքարի արդյունքում ստեղծված միացյալ Իսպանիայի թագավորությունը սկսեցին ղեկավարել գերմանացի Հաբսբուրգները։

Արքայացանկ խմբագրել

Արքա Թվականներ Մականուն Ծանոթագրություններ Պատկեր
Ֆերդինանդ I 1037-1065 Մեծ Լեոնի արքա, Կաստիլիայի կոմս  
Սանչո II 1065-1072 Հզոր  
Ալֆոնսո VI 1072-1109 Քաջ նաև Լեոնի արքա  
Ուրասա I 1109-1126 Քաջ նաև Լեոնի թագուհի  
Ալֆոնսո VII 1126-1157 Կայսր նաև Լեոնի արքա  
Սանչո III 1157-1158 Ցանկալի  
Ալֆոնսո VIII 1158-1214 Ազնիվ  
Հենրի I 1214-1217  
Բերենգարիա I 1217  
Ֆերդինանդ III 1217-1230 Սուրբ  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Рафаель Альтамира-и-Кревеа (2016 թ․ փետրվարի 14). «Королевство Кастилии и Леона в XI - XIII вв. Реконкиста» ((ռուսերեն)). Всемирная история.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Bernard F. Reilly, The Contest of Christian and Muslim Spain, (Blackwell Publishers, 1995), 27.
  3. Bernard F. Reilly, 27.
  4. Bernard F. Reilly, 39.
  5. Bernard F. Reilly, 39
  6. H.C. Darby, "The face of Europe on the eve of the great discoveries", in The New Cambridge Modern History vol. I, 1957:23.
  7. 7,0 7,1 7,2 Rosenthal 2
  8. Lindberg 55
  9. O'Leary, 1922, էջ 107
  10. Brickman 84-85
  11. Rosenthal 5
  12. Ruiz, Teofilo F. (2007). Spain's Centuries of Crisis: 1300-1474. Malden, Massachusetts: Blackwell Publishing. էջ 78. ISBN 978-1-4051-2789-9.
  13. Estudio documental de la Moneda Castilian de Carlos I fabricada en los Países Bajos (1517); José María de Francisco Olmos Արխիվացված 2006-05-26 Wayback Machine, pp. 139-140