Կապիտալի կուտակում, մարքսյան քաղաքատնտեսության մեջ նկարագրվում է որպես կապիտալիստական ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի. լրացուցիչ արտադրամիջոցներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացում գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական բարիքների և կապիտալիստական արտադրահարաբերությունների վերարտադրության պրոցես է։

Հավելյալ արժեքի կիրառումը որպես կապիտալ կամ նրա մի մասի միացումն ավանսավորված կապիտալին կոչվում է կապիտալի կուտակում։ Կապիտալի կուտակումը պայմանավորված է առավելագույն շահույթ ստանալու կապիտալիստի ձգտմամբ և մրցակցությամբ, որոնք ստիպում են նրան ընդլայնել արտադրության մասշտաբները։ Կապիտալի կուտակումը ենթադրում է նյութական և դրամական լրացուցիչ միջոցների ներդրում արտադրության մասշտաբներն ընդլայնելու և բարիքների ծավալը ավելացնելու համար։

Կապիտալի կուտակումը՝ դա ընդլայնված վերարտադրության մեջ ծախսվող միջոցների աճն է։ Նման կարգի լրացուցիչ կապիտտալը կարելի է անվանել ներդրում ապագայի մեջ, քանի որ այն նպատակաուղղվում է մարդկանց ներկա և ապագա սերունդների կյանքի բարելավմանը։

Կապիտալի կուտակումը բնականաբար ենթադրում է նրա աղբյուրների առկայություն։ Նորմալ գործող ֆիրմայի համար կուտակման սկզբնական աղբյուր է ծառայում նրա շահույթը։

Ձեռնարկություններում որպես կանոն կապիտալի կուտակումն ունի հետևյալ կառուցվածքը՝

  1. արտադրական կուտակում,
  2. ոչ արտադրական կուտակում,
  3. կուտակում, որը հատկացվում է լրացուցիչ աշխատողներ ներգրավվելու և բոլոր զբաղվածների որակավորումը բարձրացնելու նպատակին։

Արտադրական կուտակումը, որը տնտեսագիտության մեջ ընդունված է անվանել ներդրումներ, ծախսվում է՝

  • արտադրության միջոցների քանակն ավելացնելու համար,
  • նյութական պաշարների աճը ապահովելու համար։

Ոչ արտադրական կուտակումն օգտագործվում է՝

  • ոչ արտադրական ոլորտի ֆոնդերի աճը ապահովելու համար,
  • աշխատողների ուսուցումն ու որակավորման բարձրացումն ապահովելու համար։

Կապիտալի կուտակման չափերի ավելացումը կախված է մի շարք գործոններից։ Դրանք են՝

  1. աշխատանքի շահագործման աստիճանի բարձրացումից,
  2. աշխատանքի արտադրողականության բարձրացումից,
  3. կիրառվող և սպառվող հարաբերությամբ,
  4. կապիտալի օրգանական կազմի կառուցվածքից,
  5. փոխառու կապիտալի մեծությունից,
  6. արտադրության միջոցների էժանացումից և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 257