Կաշկադարյայի մարզ (ուզբ.՝ Qashqadaryo viloyati, Қашқадарё вилояти, قەشقەدەريا ۋىلايەتى;), մարզ Ուզբեկստանում։ Կազմվել է 1964 թվականի փետրվարի 7-ին։ Տարածությունը 28, 4 հազար Կմ2 է, բնակչությունը՝ 1120 հազար (1979)։ Ունի 6 քաղաք, 4 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Քարշի։

Բնակավայր
Կաշկադարյայի մարզ
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Հիմնադրված էհունվարի 20, 1943 թ.
Մակերես28 400 կմ²
ԲԾՄ480 մետր
Բնակչություն3 088 800 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+5
Պաշտոնական կայքqashqadaryo.uz
Կաշկադարյայի մարզ (Ուզբեկստան)##
Կաշկադարյայի մարզ (Ուզբեկստան)

Կաշկադարյայի մարզը գտնվում է Կաշկադարյա գետի ավազանում և Պամիրա-Ալայան լեռնային համակարգի արևմտյան ծայրամասում։ Տերիտորիայի մեծ մասը հարթավայրային է. հյուսիս-արմևմուտքում Քարշիի տափաստանն է, հարավում՝ Նիշանի տափաստանը, հարավ-արևմուտքում՝ Սունդուկլիի ավազուտները։ Հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից տափաստանը եզրավորվում է Զերավշանի և Հիսարյան լեռնաշղթաների լեռնաճյուղերով։ Կլիման ցամաքային է, անապատային։ Հունվարի միջին ջերմաստիճանը -0, 2-ից 0, 8 °C է, հուլիսինը՝ 31, 5 °C։ Տարեկան տեղումները հարթավայրերում 200-250 մմ են, լեռներում ու նախալեռներում՝ մինչև 500 մմ։ Խոշոր գետը Կաշկադարյան է։ Մարզի հարավում գերակշռում են ավազուտներն ու թակիրները, հյուսիսում՝ կավածածկ հարթավայրերն ու աղուտները, Կաշկադարյայի հովտում՝ բաց գույնի և տիպիկ մոխրահողերը, աղուտները, մարգագետնային հողերը, լեռներում՝ մոխրահողերն ու շագանակագույն և լեռնամարգագետնային հողերը։ Անապատներում աճում են էֆեմերներ ու օշինդրներ, Կաշկադարյայի ու նրա վտակների հովտում տուգայան բուսականություն է, լեռներում թփուտներ և անտառներ են։ Կենդանիներից կան վայրի ոչխար, ջեյրան, գորշ արջ, գայլ, բորենի, աղվես, տափաստանային արծիվ, կրծողներ, սողուններ, սարդանմաններ։ Բնակչության մեծ մասը ուզբեկներ են, բնակվում են նաև տաջիկներ, ռուսներ, թաթարներ, թուրքմեններ և այլք։ Միջին խտությունը 1 Կմ2 վրա 39, 4 մարդ է (1979)։ Քաղաքներն են՝ Քարշին, Շահրիսաբզը, Կասանը։

Զարգացած են շինանյութերի, թեթև, սննդի և գազի արդյունաբերության ճյուղերը՝ 1960 թվականին շարք է մտել Մուբարեկի գազանավթաբեր հանքերի խումբը, որը միացվել է Տաշքենդ-Ֆրունզե-Ալմա-Աթա գազամուղին։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում են հացահատիկի, բամբակի մշակությունը և կարակուլաբուծությունը։ Կաշկադարյայի մարզը տալիս է Ուզբեկստանի շերամի բոժոժի 6%-ը։

Մարզի արևելյան մասով անցնում է Տաշքենդ-Թերմեզ Ուզբեկական մեծ ավտոմայրուղին։ Մարզն ունի մանկավարժական ինստիտուտ, 445 մասսայական գրադարան, 250 ակումբ, 317 կինոկայանք, հրատարակվում է մարզային 2 թերթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 245