Կաշալոտները (Physeter catodon), ատամնավոր կետերի ենթակարգի ջրային կաթնասուններ են։ Արուների մարմնի երկարությունը մինչև 20 մ է, քաշը՝ մինչև 70 տ, էգերինը, համապատասխանաբար՝ մինչև 15 մ և 30 տ։ Գլուխը շատ մեծ է (մարմնի երկարության 1/3-ը)։ Վերծնոտային ոսկրերից գոյացած փոսիկը լցված է հեղուկ կետաճարպով։ Ստորին ծնոտև ունի 18–30 զույգ ատամներ, վերին ծնոտը զուրկ է ատամներից։ Կրծքային լողակները լայն են, բութ։ Մաշկը մուգ դարչնագույն է, կողքերին ու մեջքին՝ կնճռոտված։ Արուները հանդիպում են բոլոր օվկիանոսներում ու բաց ծովերում, էգերը՝ միայն տաք գոտում (40° հվ. լայնության և 40° հս. լայնության միջև)։ Պոլիգամ է, արուն 10–20 էգերից հոտ է կազմում։ Սեռահասուն է 5 տարեկանից, ապրում է մինչև 50 տարի։ Սնվում է գլխոտանի փափկամորթներով, խորջրյա ձկներով։ Սուզվում է ջրում մինչև 1,2 կմ և կարող է մնալ այնտեղ 50–90 րոպե։ Արդյունագործական կարևոր օբյեկտ է, տալիս է 7–10 տ ճարպ, մինչև 6 տ կետաճարպ։

կաշալոտ

Կաշալոտները հոյակապ սուզորդներ են և մյուս կետերի նման նրանք շնչում են ջրի մակերևույթին, բայց լողում են մինչև 500մ խորության մեջ՝ որսալով ծովախորքերում ապրող այնպիսի կենդանիների, ինչպիսին է ծովահրեշը։ Կաշալոտի մռութը հաճախ կրում է այդ պայքարի հետքերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 244