Կայուն անտառկառավարում` (անգլերեն` Sustainable Forest Management) անտառների կառավարման գործընթաց՝ հիմնվելով կայուն զարգացման սկզբունքների վրա։

Սահմանումներ խմբագրել

Կայուն անտառկառավարման (ԿԱԿ) համաշխարհայնորեն համաձայնեցված սահմանման ձևակերպումը ընդհանրական մակարդակից դուրս իրագործելի չէ՝ Երկրի վրա առկա տարատեսակ անտառային տիպերի, ինչպես նաև անտառային և սոցիալ-տնտեսական պայմանների հսկայական բազմազանության պատճառով։ Բայց և այնպես, կայուն անտառկառավարումը կարելի է դիտարկել, որպես մարդու անմիջական միջամտությամբ անտառների կայուն օգտագործման և պահպանության գործընթաց՝ անտառային բազմաքանակ արժեքների պահպանության և ընդլայնման նպատակով։ Մարդիկ գտնվում են կայուն անտառկառավարման գործընթացի կենտրոնում, քանզի այն նպատակաուղղված է հասարակության բազմապիսի կարիքների շարունակական բավարարամանը[1]։

Այունամենայիվ, ստորև ներկայացվում են կայուն անտառակառավարման լայնորեն գործածվող սահմանումներից երկուսը՝

ՄԱԿ, ՊԳԿ

Կայուն անտառկառավարում՝ դինամիկ և զարգացող հայեցակարգ, որը նպատակ ունի պահպանել և բարելավել բոլոր տեսակի անտառների տնտեսական, սոցիալական և բնապահպանական արժեքները՝ ի շահ ներկայիս և ապագա սերունդների[1]։

Եվրոպայում անտառների պաշտպանության նախարարական համաժողով, 1993 (MCPFE, 1993)

Կայուն անտառկառավարում՝ անտառների և անտառային հողերի կառավարում և օգտագործում այնպիսի եղանակով, որը պահպանում է  դրանց  կենսաբազմազանությունը, արտադրողականությունը, կենսունակությունը, ռեգեներատիվ կարողությունները, ինչպես նաև դրանց պոտենցիալը՝ կատարելու էկոլոգիական, տնտեսական և սոցիալական գործառույթներ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում (տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներով), և որը վնաս չի պատճառում այլ էկոհամակարգերին[2]։

Ծագումնաբանության պատմություն խմբագրել

-

Կայուն անտառկառավարումը Հայաստանում խմբագրել

Հայաստանի անտառների և անտառային հողերի կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության և անտառային հողերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի անտառային օրենսգրքով։

Հայաստանի անտառային օրենսգրքում կայուն անտառկառավարում հասկացությունը մեկնաբանվում է, որպես անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում և արդյունավետ օգտագործում՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը, ինչպես նաև ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների համար[3]։

Համաձայն Հայաստանի անտառային օրենսգրքի անտառաշինությունը հանդիսանում է անտառների կայուն կառավարման հիմքը, որն իրենից ներկայացնում է անտառների կայուն կառավարման պլանավորմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում՝ 10 տարի պարբերականությամբ։ Հայաստանում անտառտնտեսությունների աշխատանքները հիմնվում են անտառաշինության արդյունքում մշակված և անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված տեխնիկական փաստաթղթերում (անտառկառավարման պլաններում) ուրվագծված համալիր միջոցառումների իրականացման վրա։ Անտառների պետական մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները նույնպես, իրենց հերթին, օգտագործվում են ի նպաստ անտառների կայուն կառավարման գործընթացի արդյունավետ պլանավորմանն ու իրագործմանը[3]։

Օրենսգրքի վերլուծությունից պարզ է դառնում նաև, որ Հայաստանում անտառների կառավարման մարմինների իրավասությունները ներդաշնակեցված են վերոգրյալ գաղափարախոսության դրույթների հետ։

Ներկայումս մշակման փուլում է գտնվում Հայաստանի ազգային ԿԱԿ չափորոշիչների և ցուցանիշների փաթեթը, որի կիրառումը հետագայում կարող է նպաստել Հայաստանի անտառային ռեսուրսների գնահատմանն ու մոնիթորինգային աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև երկրի՝ անտառային ոլորտի հաշվետվողականության համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Natural Forest Management». www.fao.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. UNECE, FAՕ (New York and Geneva, 2019). «Guidelines for the Development of a Criteria and Indicator Set for Sustainable Forest Management» (PDF). Guidelines for the Development of a Criteria and Indicator Set for Sustainable Forest Management.
  3. 3,0 3,1 «Հայաստանի անտառային օրենսգիրք».