Կաթնախառնուրդներ, կենդանիների կաթից պատրաստված սննդամթերք, որոնք օգտագործվում են վաղ մանկական հասակի երեխաների արհեստական, խառը և հավելյալ սնուցման համար։ Կաթնախառնուրդները բաժանում են 3 հիմնական խմբի՝ հասարակ, թթվային, բարդ կամ կալորիական։

Կաթնախառնուրդներ
Շշից կերակրվող նորածին

Հասարակ կաթնախառնուրդներ ստանում են կաթը ջրով կամ ձավարեղենի (բրինձ, վարսակ, ցորեն, հնդկացորեն, սպիտակաձավար) եփուկով նոսրացնելով։ Ջրով նոսրացնելու դեպքում խառնուրդը նշում են թվերով (1, 2, 3), իսկ ձավարեղենի եփուկով նոսրացնելիս՝ տառերով (A, Б, B)։ A-խառնուրդը պարունակում է 1/3 կաթ և 2/3 եփուկ, Б-ն, համապատասխանաբար, 1/2 և 1/2, B-ն՝ 2/3 և 1/3։ Նոսրացումը նվազեցնում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի պարունակությունը և կովի կաթի բաղադրությունը մոտեցնում մայրականին։

Ածխաջրերի քանակությունը լրացվում է շաքարով (մինչև 5%)։ Ցածր կալորիականության պատճառով 1 և A կաթնախառնուրդները հազվադեպ են օգտագործվում։ 2 և B կաթնախառնուրդները նշանակում են 1-1, 5 ամսական երեխաներին, կարճ ժամկետով (4-5 օր)։ Թթվային կաթնախառնուրդների առավելությունը թթվային ռեակցիան է, որը կասեցնում է բակտերիաների աճը, բարձրացնում ճարպի յուրացումը։ Դրանցից առավել տարածված են կեֆիրը, մածունը, ացիդոֆիլային կաթը՝ «Նարինե»-ն, և այլն։ Կեֆիրը սովորաբար նոսրացնում են եփուկով և նշում՝ B- կամ B-կեֆիր։ Բարդ կամ կալորիական կաթնախառնուրդները պատրաստում են կաթին յուղ, բոված ալյուր, շաքար (տարբեր հարաբերություններով) ավելացնելով։ պատրաստելու համար թողարկվում են հատուկ չոր կաթնախառնուրդներ (B-բրինձ, B-վարսակ, B-հնդկացորեն)։

Շատ կաթնախառնուրդներ իրենց բաղադրությամբ մոտ են մայրական կաթին և կիրառվում են էքսուդատիվ դիաթեզով, սնուցման խանգարումներով, մարսողության խանգարումով (դիսպեպսիա), սակավարյունությամբ տառապող երեխաների արհեստական սնուցման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 160