Ծառ, որը պատկանում է ինքն իրեն

Ծառ, որը պատկանում է ինքն իրեն (անգլ.՝ Tree That Owns Itself), սպիտակ կաղնի (լատին․՝ Quercus alba), որն աճում է ԱՄՆ Ջորջիա նահանգի Աթենք քաղաքի Սաութ Ֆինլի և Դիրինգ փողոցների խաչմերուկում։ Ըստ լեգենդի՝ ծառը «օրենքով ինքն իր տերն է», նրան է պատկանում նաև իրենից 2.5 մ շառավղով տարածքը։ Լեգենդում նշված ծառն ընկել է 1942 թվականին, սակայն նույն տեղում տնկվել է նրա ցողուններից մեկը, որից այժմ նոր ծառ է աճել, որը երբեմն անվանում են «Այն ծառի որդին, որը պատկանում է ինքն իրեն»։ Ծառի մասին բազում հրապարակումներ են եղել, և այն համարվում է տեղի տեսարժան վայրերից մեկը։

Ծառը 2005 թվականին

Լեգենդ խմբագրել

Ինքն իրեն պատկանող ծառի մասին լեգենդն առաջին անգամ հրապարակվել է 1890 թվականի օգոստոսի 12-ին տեղի «Athens Weekly Banner» թերթում։ Հոդվածում ասվում էր, որ ծառը գտնվում է Ջեյմս Ջեքսոնի (Անկախության համար պատերազմի մասնակցի և Կոնգրեսի պատգամավորի) որդու՝ գնդապետ Ուիլյամ Ջոնսոնի և Ջեյմս Ջեքսոն կրտսերի (Կոնգրեսի պատգամավոր) հոր տարածքում[1]։ Այս ծառի հետ էին կապված Ուիլյամ Ջեքսոնի մանկության հիշողությունները և ցանկանալով այն պաշտպանել հնարավոր ոտնձգություններից՝ նա իբր ծառի հետ նվիրատվության գործարք կնքեց, որի համաձայն ծառը դառնում էր ինքն իր և իրենից 2.5 մ շառավղով հողի սեփականատերը[2]։ Հոդվածի համաձայն՝ «գործարքը» կնքվել է 1820-1832 թվականների միջակայքում։ Հեղինակի խոսքերով՝ 1890 թվականին դեռևս կային ողջ մարդիկ, ովքեր կարող էին հաստատել այդպիսի գործարքի փաստը։

Նվիրատվության գործարքը երբեք և ոչ մի տեղ չի հայտնաբերվել, սակայն նույնիսկ եթե այն գոյություն ունի, ապա չի կարող որևէ իրավական կարգավիճակ ունենալ, քանի որ ըստ ԱՄՆ ընդհանուր օրենքի՝ գործարքը կնքող երկու կողմերը պետք է իրավունակ լինեն[3]։

Ծառի պատմություն խմբագրել

Ծառը, որի հետ իբր կնքվել է գործարքը, համարվում է, որ ծնվել է 16-րդ դարի կեսերի և 18-րդ դարի վերջի միջակայքում[4] և հնարավոր է, որ եղել է Հյուսիսային Ամերիկայի եվրոպական հատվածի ամենախոշոր ծառերից մեկը։

1906 թվականին ծառի շրջակայքի հողի էրոզիան վտանգավոր աստիճանի հասավ, և Ջորջ Ֆոսթեր Պիբոդին վճարեց հողի փոխարինման և ծառի կողքը հուշատախտակ դնելու և ծառին «պատկանող» հողը շղթաներով առանձնացնելու գումարը։ Չնայած ծառը փրկելու ջանքերին՝ այն շուտով թուլացավ 1907 թվականի խիստ ձմռան և սկսված փտման գործընթացի պատճառով։

1942 թվականի հոկտեմբերի 9-ին երկար ժամանակ թուլանալուց և աստիճանաբար կողք թեքվելուց հետո ծառն ընկավ։ ՏԵղաբնակները, որոնք գիտեին ծառի պատմությունը, նրանից ցողեր վերցրին։ Ընկած ծառը 30 մ բարձրություն ուներ, իսկ տարիքը գնահատվում էր 300-400 տարի[5]։

«Ծառի որդին, որը պատկանում է ինքն իրեն» խմբագրել

Ծառն ընկնելուց հետո նրա տարածքը 4 տարի դատարկ մնաց։ Սակայն նրա ցողունները տնկվեցին մի քանի քաղաքացիների բակում և հետագայում նրանցից աճած կաղնիներից ծրագրվում էր ընտրել մեկը և տնկել նույն վայրում։ 1946 թվականին լավագույն թեկնածու ընտրվեց կապիտան Ջեկ Ուոթսոնի բակում տնկած կաղնին, որն այդ ժամանակ 1.5 մ բարձրություն ուներ։ Ծառի տեղափոխումը կատարվեց Ջորջիայի համալսարանի գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցների ջանքերով։

Հուշատախտակներ խմբագրել

Ծառին «պատկանող» տարածքում մակագրություններով հուշատախտակներ են տեղադրված․ դրանցից մեկը շատ հին է, մյուսը՝ համեմատաբար նոր տեսք ունի։ Երկուսի մակագրությունն էլ գործարքի մասին է պատմում, որն իբր ծառի հետ կնքել է Ուիլյամ Ջոնսոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Knight, Lucian Lamar (1917). A Standard History of Georgia and Georgians. Vol. vol. 3. Chicago: Lewis Publishing. էջ 1446. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին – via Google Books. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  2. Tree That Owns Itself Արխիվացված 2008-07-24 Wayback Machine. Accessed April 7, 2007.
  3. Reap, James K (2001). Athens, a pictorial history (3rd ed.). Virginia Beach: Donning.
  4. Dorsey, Derrick. Mighty oak enjoys golden years Արխիվացված 2004-04-01 Wayback Machine. Accessed April 7, 2007.
  5. The Tree That Owns Itself Արխիվացված 2007-05-09 Wayback Machine. Accessed April 7, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել