Վիքիպեդիայում կան հոդվածներ Արեշյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Հակոբի Արեշյան (1887, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1965), հայ բժիշկ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1940):

Լևոն Հակոբի Արեշյան
Ծնվել է1887
Ծննդավայրգ. Բելիյ կլյուչ, Թիֆլիսի նահանգ
Մահացել է1965
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԿիևի համալսարան
ՊարգևներԿարմիր աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1908 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան և ընդունվել Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1914 թվականին զորակոչվել է բանակ և զինվորական բժիշկ աշխատել գործող բանակի հարավարևմտյան ճակատում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո շարունակել է մնալ զինծառայության մեջ. այս անգամ արդեն բժիշկ էր աշխատում հայկական հրաձգային դիվիզիայում՝ միաժամանակ վիրաբույժ՝ նաև քաղաքային հիվանդանոցում։ Այսպես նա աշխատել է Ալեքսանդրապոլում, Երևանում, Կարսում՝ նայած թե դիվիզիան որտեղ է փոխադրվել։ Զորացրվելուց հետո մինչև 1931 թվականը աշխատել է Վլադիկավկազում։ 1931 թվականին հրավիրվել է Հայաստան։ Ուղարկվել է Կիրովական, որտեղ եղել է միջշրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ և գլխավոր բժիշկ, շրջառբաժվարի տեղակալ, քաղառբաժվար, քաղաքային հիվանդանոցի վիրաբույժների կոնսուլտանտ և այլն։ 1940 թվականին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 20-րդ տարեդարձի օրը նրան շնորհվել է վաստակավոր բժշկի կոչում։

1941 թվականին զորակոչվել է բանակ և նշանակվել № 1571 էվակուհոսպիտալի բուժմասի պետ։ Հոսպիտալում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվում է Կարմիր աստղի շքանշանով (1942

Նրա նախաձեռնությամբ Վահագնիում ու Համզաչիմանում բացվում են տեղամասային հիվանդանոցներ՝ բուժարաններով, 25 մահճակալով հիվանդանոց Կիրովականի քիմգործարանի տարածքում, վերակառուցվում է քաղաքի սուր վարակիչ հիվանդանոցը, երկաթգծի 16-րդ տեղամասում ընդարձակվում է բուժարանն ու ստեղծվում ռենտգենի կաբինետ և այլն։

Երկար տարիներ դասավանդել է բժշկական տեխնիկումներում, նախ՝ Վլադիկավկազում, ապա՝ Կիրովականում։ Եղել է (1938-1941) Կիրովականի բժշկական տեխնիկումի տնօրեն, դասավանդել Կարմիր խաչի դասընթացներում։

Հեղինակ է գիտական մի քանի արժեքավոր հոդվածների, որոնք վերաբերում են վիրաբուժությանն ու կանացի հիվանդություններին։

Կիրովականում հիմնադրել ու ղեկավարել է բժշկական գիտական ընկերության բաժանմունք, երկար ժամանակ կատարել քաղխորհուրդի պատգամավորի պարտականություններ։

Վիրաբուժության զարգացման ասպարեզում մատուցած ծառայությունների համար ընտրվել է Հայաստանի վիրաբույժների ընկերության պատվավոր անդամ։ Նրան շնորհվել է նաև «ԽՍՀՄ պատվավոր երկաթուղային» կոչում։

Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի 1968 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ նրա անունով է կոչվել Կիրովականի քաղաքային առաջին հիվանդանոցը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 44-46։