Լուսաբուժություն, ֆոտոթերապիա (ֆոտո... և թերապիա), բուժիչ նպատակով օպտիկական ճառագայթների (ինֆրակարմիր, տեսանելի և ուլտրամանուշակագույն) օգտագործումը, ֆիզիոթերապիայի բաժիններից է։ Լուսաբուժությյան դեպքում օգտագործում են նաև Արեգակի բնական ճառագայթները (տես Արևաբուժություն)։ Լուսային էներգիայի ազդեցությունն օրգանիզմի վրա պայմանավորված է նրա ինտենսիվությամբ (աղբյուրի հզո- րությամբ և ճառագայթվող մակերևույթի հեռավորությամբ), ճառագայթման տևողությամբ, էլեկտրամագնիսական ալիքների թափանցման խորությամբ, որը պայմանավորված է լուսային ալիքների երկարությամբ։ Ալիքների թափանցման ամենամեծ խորությամբ օժտված են ինֆրակարմիր և տեսանելի ճառագայթները, ամենափոքր՝ ուլտրամանուշակագույնը։ Ճառագայթների ազդեցության ներքո մաշկը կարմրում է (էրիթեմա), որը կարող է ի հայտ գալ ճառագայթումից մի քանի րոպե հետո (ինֆրակարմիր ճառագայթներ) կամ 2-3 ժ անց (ուլտրամանուշակագույն ճառագայթներ)։ Մաշկի պատասխան ռեակցիայի աստիճանը կախված է տարբեր ճառագայթների հանդեպ մաշկի տարբեր հատվածների զգայնությունից, հիվանդի տարիքից, տարվա եղանակից ևն։ ճառագայթվող հատվածում 3-4 օր անց առաջանում է արևայրուկ։ Լուսաբուժության նպատակով հաճախ օգտագործում են լույսի ջերմային (շիկացման լամպ, ինֆրակարմիր և տեսանելի ճառագայթներ, ընդհանուր և տեղական էլեկտրալուսային լոգանքներ, Մինինի լամպեր) և լյումինեսցենտող (սնդիկաքվարցային, լյումինեսցենտային էրիթեմային և բակտերիասպան աղեղային լամպեր) աղբյուրները։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները հիմնականում օգտագործում են ծայրամասային նյարդային, շնչառական համակարգերի, մաշկային, գինեկոլոգիական, վարակիչ (օրինակ, գրիպ), մանկական սուր շնչառական հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, տուբերկուլոզի որոշ ձևերի դեպքում։ Տեսանելի և ինֆրակարմիր ճառագայթներով ջերմային պրոցեդուրներն առավելապես կիրառվում են որպես ցավը հանգստացնող և ներծծող միջոց՝ ենթասուր և քրոնիկական բորբոքային պրոցեսների, նյարդացավերի, մկանացավերի ժամանակ։ Լուսաբուժությանը հակացուցված է տուբերկուլոզի ակտիվ ձևերի, նորագոյացությունների, սրտային անբավարարության, հիպերտոնիկ հիվանդության II և III աստիճանների, խիստ հյուծվածության, վահանագեղձի գերֆունկցիայի, երիկամների անբավարարության, ինչպես նաև լույսի ազդեցությունից առաջացած ախտաբանական պրոցեսների դեպքում։

Բարձր ինտենսիվության կապույտ լուսաբուժություն՝ պզուկների մաքրման համար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 685