Լույսի կոմբինացիոն ցրում

Լույսի կոմբինացիոն ցրում, լույսի ցրում, որն ուղեկցվում է հաճախականության զգալի փոփոխմամբ։ Հայտնագործել են (1928) սովետական ֆիզիկոսներ Գրիգորի Լանդսբերգն ու Լեոնիդ Մանդելշտամը՝ բյուրեղներում և հնդիկ ֆիզիկոսներ Չանդրասեկհարա Ռամանն ու Կ. Ս. Կրիշնանը՝ հեղուկներում լույսի ցրումն ուսումնասիրելիս։ Անգլիալեզու գրականության մեջ լույսի կոմբինացիոն ցրումն ավելի հայտնի է Ռամանի էֆեկտ անունով։

Լույսի ցրում
Լույսի կոմբինացիոն ցրում

Էությունը խմբագրել

Նյութը լույսի ինտենսիվ մեներանգ ճառագայթներով լուսավորելիս ցրված ճառագայթման սպեկտրի մեջ երևան են գալիս նոր հաճախականություններ (սպեկտրային գծեր), որոնք գրգռող լույսի հաճախականության և բյուրեղային ցանցի, մոլեկուլների տատանումների կամ պտտման հաճախականությունների գումարման և հանման (կոմբինացիայի) արդյունքն են։ Լույսի կոմբինացիոն ցրման սպեկտրային գծերը բնութագրող մեծություններն են հաճախականությունը, ինտենսիվությունը, ապաբևեռացման աստիճանը և սպեկտրային գծի կիսալայնությունը։ Այս պարամետրերը միարժեքորեն որոշվում են ցրող մոլեկուլների կառուցվածքով և շրջապատող միջավայրի հետ դրանց փոխազդեցությամբ։

Լույսի կոմբինացիոն ցրման սպեկտրները խիստ յուրահատուկ են տվյալ նյութին և օգտագործվում են խառնուրդում այդ նյութի քանակությունը որոշելու համար։ Լայն տարածում է ստացել մոլեկուլների տատանումների հետ կապված կոմբինացիոն ցրման սպեկտրների ուսումնասիրությունը։ Լույսի կոմբինացիոն ցրման սպեկտրային գծերի ինտենսիվությունները շատ փոքր են և սովորական պայմաններում կազմում են 10 −10 - 10 −13 վտ։

Ստիպողական կոմբինացիոն ցրում խմբագրել

Լազերի հայտնագործումով հնարավորություն ստեղծվեց ոչ միայն գրգռման մեծ ինտենսիվություն ապահովել, այլև գործնականում իրականացնել կանխատեսված ստիպողական կոմբինացիոն ցրման երևույթը։ Ստիպողական կոմբինացիոն ցրումը լույսի ինտենսիվության զգալի մասը փոխակերպում է ուրիշ հաճախականության։ Այս երևույթը հնարավորություն է տալիս հեշտությամբ ուսումնասիրել մոլեկուլների և բյուրեղների կառուցվածքը, այն գործնական նշանակություն ունի նաև նոր հաճախականության ինտենսիվ ճառագայթում ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 683