Լոհենգրին (գերմ.՝ Lohengrin), գերմանացի երգահան Ռիխարդ Վագների օպերան երեք գործողությամբ։ Օպերայի լիբրետտոյի հեղինակը ևս Վագներն է։ Երաժշտությունը գրվել է 1846-1848 թվականների ընթացքում։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1850 թվականի օգոստոսի 28-ին Վեյմար քաղաքի արքունական թատրոնում Ֆերենց Լիստի ղեկավարությամբ։ «Լոհենգրինը» Վագների թվով վեցերորդ օպերան է։ Համարվում է երգահանի լավագույն գործերից մեկը, ընդգրկված է ժամանակակից օպերային թատրոնների ստանդարտ խաղացանկում։

Լոհենգրին
գերմ.՝ Lohengrin[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրԵրաժշտական դրամա
ԿոմպոզիտորՌիխարդ Վագներ
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիխարդ Վագներ
Սյուժեի աղբյուրՄիջնադարյան լեգենդ
Գործողությունների քանակ1 Պրելյուդ և 3 արար[2]
ԿերպարներLohengrin?, Heinrich der Vogler (Henry the Fowler)?, Elsa of Brabant?, Friedrich of Telramund?, Ortrud?, The King's Herald?, Four Noblemen of Brabant?, Four Pages?, Duke Gottfried? և Saxon, Thuringian, and Brabantian counts and nobles, ladies of honor, pages, vassals, serfs?
Ստեղծման տարեթիվ1845 և 1848
Առաջնախաղի տարեթիվօգոստոսի 28, 1850[2]
Առաջնախաղի վայրՎեյմար
Կատալոգի համար75
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Lohengrin Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Լոհենգրինի լեգենդին Վագները ծանոթացել է 1841 թվականին, բայց միայն 1845 թվականին կազմեց բովանդակության ուրվագիծը։ Հաջորդ տարվանից սկսեց աշխատել երաժշտության վրա։ Մեկ տարի անց օպերայի երաժշտությունը պատրաստ էր դաշնամուրի համար, իսկ 1848 թվականի մարտին արդեն պատրաստ էր պարտիտուրան։ Դրեզդենում նշանակված պրեմիերան չկայացավ՝ հեղափոխական իրադարձությունների պատճառով։ Բեմադրությունը կատարվեց Ֆերենց Լիստի ջանքերով և նրա ղեկավարմամբ, երկու տարի անց, 1850 թվականի օգոստոսի 28-ին Վեյմարում։ Վագներն իր օպերան բեմին տեսավ պրեմիերայից միայն 11 տարի անց։ «Լոհենգրին» օպերայի սյուժեի հիմքում դրված են տարբեր ժողովրդական ավանդություններ, որոնք Վագներն ազատորեն մեկնաբանել է։ Ծովափնյա երկրներում, մեծ գետերի ափերին ապրող ժողովուրդների մոտ գոյություն ունեն բանաստեղծական լեգենդներ՝ կարապին լծված նավակով ժամանած ասպետի մասին։ Նա հայտնվում է այն պահին, երբ բոլորից լքված ու հալածված աղջկան կամ այրի կնոջը սպառնում է մահացու վտանգ։ Ասպետն ազատում է աղջկան թշնամիներից և ամուսնանում նրա հետ։ Երկար տարիներ նրանք երջանիկ ապրում են, բայց անսպասելիորեն վերադառնում է կարապը, և անծանոթն անհետանում է այնպես խորհրդավոր կերպով, ինչպես հայտնվել էր։ Հաճախ կարապի լեգենդները միահյուսվում են Սուրբ Գավաթի մասին ավանդությանը։ Այդտեղ անծանոթ ասպետը, պարզվում է, Պարսիֆալի՝ Գավաթի արքայի որդին է, որն իր շուրջն է համախմբել հերոսներին։ Նրանք պահպանում են խորհրդավոր գանձերը, որոնք չարի ու անարդարության դեմ պայքարում իրենց տալիս են գերբնական զորություն։ Երբեմն լեգենդային իրադարձությունները միահյուսվում են որոշակի պատմական ժամանակաշրջանի հետ՝ կապվելով Հենրիխ I Թռչնորսի թագավորության ժամանակաշրջանին։ Լոհենգրինի մասին լեգենդները ոգեշնչել են միջնադարյան շատ բանաստեղծների, որոնցից մեկն էլ Վոլֆրամ Էշենբախն էր, ումից Վագները վերցրել էր Թանհոյզերի թեման։ Իր իսկ Վագների խոսքերով, Լոհենգրինի մասին լեգենդներում քրիստոնեական մոտիվներն իր համար խորթ էին։ Կոմպոզիտորը նրանում տեսնում էր մարդկության՝ դեպի երջանկությունն ու անկեղծությունը, դեպի անվերապահ սերն ունեցած հավերժական ձգտումների արտահայտությունը։ Լոհենգրինի ողբերգական միայնակությունը կոմպոզիտորին հիշեցնում էր իր սեփական ճակատագիրը՝ ճշմարտության և գեղեցկության մարդկային վեհ գաղափարները կրող, բայց բախվող չհասկացվածությանը, նախանձին ու չարությանը։ Վագների այս ստեղծագործության մյուս հերոսների մեջ ևս արտահայտված են մարդկային բնավորության առանձնահատկությունները։ Լոհենգրինի շնորհիվ ազատված Էլզան իր միամտությամբ, պարզ հոգով, կոմպոզիտորին թվում էր ժողովրդի ոգու ինքնաբուխ զորության մարմնավորումը։ Նրան հակադրված է նենգ ու քինախնդիր Օրտրուդայի կերպարը։ Օպերայի կողմնակի դրվագներում գործող անձանց առանձին արտահայտություններից զգացվում է «Լոհենգրին»-ի ստեղծման դարաշրջանի շունչը. թագավորի միասնության կոչերի մեջ, հայրենիքը պաշտպանելու՝ Լոհենգրինի պատրաստակամության և հաղթանակի հանդեպ նրա հավատի մեջ հնչում են 1840-ական թվականներին Գերմանիայի ժողովրդի հույսի և ձգտումների արձագանքները։ Հին դարերից եկած լեգենդների այդպիսի մեկնաբանությունը հատուկ է Վագների արվեստին։ Առասպելներն ու լեգենդները Վագների համար ժողովրդական իմաստնության խորության և հավերժության կերպավորումն էին, որոնցում կոմպոզիտորը փնտրում էր իր ժամանակներում ծառացած հարցերի պատասխանները։

Սյուժե խմբագրել

 
Լոհենգրինը գալիս է կարապին լծված նավակով. բացիկ:

Շելդա գետի ափին՝ Անտվերպենի մոտ, արքա Հենրիխ I Թռչնորսը հավաքում է ասպետներին՝ խնդրելով նրանցից օգնություն. թշնամին կրկին սպառնում է նրա իշխանությանը։ Կոմս Ֆրիդրիխ Թելրամունդը թագավորական արդարադատության կոչ է անում։ Բրաբանտյան դուքսը մահանալիս նրա խնամքին է հանձնում իր երեխաներին՝ Էլզային ու փոքրիկ Գոտֆրիդին։ Մի օր Գոտֆրիդը հանկարծ անհետանում է։ Ֆրիդրիխն Էլզային մեղադրում է եղբայրասպանության մեջ և դատ պահանջում նրա դեմ։ Վկաների շարքում նա տալիս է իր կնոջ՝ Օրտրուդայի անունը։ Արքան հրամայում է բերել Էլզային։ Բոլորն ազդվում են նրա երազային տեսքից ու խանդավառ խոսքերից։ Էլզան պատմում է, որ երազում իրեն հայտնվել է մի գեղեցիկ ասպետ և խոստացել է օգնություն ու պաշտպանություն։ Լսելով Էլզայի անկեղծ պատմությունը, թագավորը չի հավատում նրա մեղավորությանը։ Ֆրիդրիխը պատրաստ է իր արդարացիությունն ապացուցելու համար մենամարտել նրա դեմ, ով պաշտպան կկանգնի Էլզայի պատվին։ Մունետիկի ձայնը տարածվում է հեռուներում, բայց պատասխան չկա։ Ֆրիդրիխն արդեն տոնում է հաղթանակը։ Անսպասելիորեն Շելդայի ալիքների վրա կարապին լծված մի նավակ է երևում. նրանում, թրի վրա հակված, կանգնած է մի անծանոթ ասպետ՝ փայլփլող զրահով։ Ափ դուրս գալով նա քնքշորեն հրաժեշտ է տալիս կարապին, և վերջինս դանդաղ հեռու է լողում։ Լոհենգրինն իրեն հայտարարում է Էլզայի պաշտպանը. նա պատրաստ է կռվել հանուն նրա պատվի և նրան անվանել իր կինը։ Բայց աղջիկը պետք է երբեք չհարցնի իր ազատարարի անունը։ Սիրո և երախտապարտության պոռթկումով Էլզան երդվում է հավերժորեն հավատարիմ լինել։ Սկսվում է մենամարտը։ Ֆրիդրիխն ընկնում է Լոհենգրինի հարվածից. ասպետը մեծահոգաբար նրան է շնորհում կյանքը, բայց զրպարտության պատճառով նրան պետք է վտարեն։

 
Պատկեր «Լոհենգրին» օպերայի 3-րդ արարից. Լոհենգրինը հեռանում է, իսկ Էլզան մահանում է եղբոր ձեռքերում:

Նույն գիշերը Ֆրիդրիխը որոշում է հեռանալ քաղաքից։ Նա զայրացած նախատում է կնոջը. այդ նա էր, որ սուտ մեղադրանքներ էր շշնջում Էլզայի մեղավորության մասին և իր մեջ արթնացնում էր իշխանության հանդեպ փառասիրական երազանքներ։ Օրտրուդան անխղճորեն ծաղրում է ամուսնու վախկոտությունը։ Նա չի նահանջի, մինչև վրեժ չլուծի, իսկ իր զենքն այդ պայքարում կլինեն կեղծավորությունն ու խաբեությունը։ Ոչ թե քրիստոնյաների Աստվածը, ում կուրորեն հավատում է Ֆրիդրիխը, այլ վրիժառության հեթանոսական աստվածները կօգնեն իրեն։ Պետք է ստիպել Էլզային՝ խախտել երդումը և տալ ճակատագրական հարցը։ Էլզայի վստահությունը շահելը դժվար չէ. նախկին մեծամիտ ու գոռոզ Օրտրուդայի փոխարեն այժմ տեսնելով խոնարհ, խեղճ հագնված կնոջ, Էլզան կների իր նախկին չարությունն ու ատելությունը և կհրավիրի մասնակցելու իր ուրախությանը։ Օրտրուդան սկսում է իր ստոր խաղը։ Նա գլխահակ շնորհակալություն է հայտնում Էլզային բարության համար և խորին մտահոգություն ձևացնում՝ զգուշացնելով վտանգից. անծանոթն Էլզային չհայտնեց ո՛չ իր անունը, ո՛չ իր ծագումը, ուստի գուցե անսպասելիորեն լքել իրեն։ Սակայն աղջկա սիրտն ազատ է կասկածներից։ Բացվում է առավոտը։ Հրապարակում հավաքվում է ժողովուրդը։ Սկիզբ է առնում հարսանեկան երթը։ Հանկարծ Էլզայի ճանապարհը փակում է Օրտրուդան։ Նա դեն է նետում խոնարհության դիմակը և հիմա բացահայտ կերպով ծաղրում է Էլզային, որ չգիտե իր ապագա ամուսնու անունը։ Օրտրուդայի խոսքերը համընդհանուր շփոթմունք են առաջացնում։ Այն խորանում է, երբ Ֆրիդրիխն անծանոթ ասպետին հրապարակավ մեղադրում է կախարդության մեջ։ Բայց Լոհենգրինին չի վախեցնում թշնամիների չարությունը, քանզի միայն Էլզան կարող է բացել իր գաղտնիքը, իսկ նրա սիրուն ինքը հավատում է։ Էլզան հայտնվում է շփոթմունքի մեջ՝ պայքարելով ներքին կասկածների դեմ. Օրտրուդայի թույնն արդեն թափանցել է նրա հոգին։ Հարսանեկան արարողությունն ավարտված է։ Էլզան ևը Լոհենգրինը մնում են առանձին։ Ոչինչ չի խանգարում իրենց երջանկությանը։ Միայն փոքրիկ մի ամպ է ստվեր գցում Էլզայի ուրախության վրա. նա չի կարող ամուսնուն անունով կանչել։ Սկզբում ամոթխածությամբ, քնքշանքով, բայց հետո ավելի ու ավելի համառորեն նա ձգտում է կորզել Լոհենգրինի գաղտնիքը։ Զուր է Լոհենգրինը փորձում հանգստացնել Էլզային, զուր է նա հիշեցնում պարտականության ու երդումի մասին, զուր է վստահեցնում, որ կնոջ սերն ամենաթանկն է իր համար ամբողջ աշխարհում։ Չկարողանալով հաղթահարել կասկածները, Էլզան տալիս է ճակատագրական հարցը. ո՞վ է նա և որտեղի՞ց է եկել։ Այդ ժամանակ ննջասենյակ է խուժում Ֆրիդրիխ Թելրամունդը՝ զինված զինվորների հետ։ Լոհենգրինը հափշտակում է զենքն ու սպանում նրան։

Բացվում է օրը։ Շելդայի ափին հավաքվում են ասպետները՝ պատրաստ մեկնելու արշավանքի թշնամիների դեմ։ Հանկարծ ժողովրդի զվարթ կաչերը լռում են. չորս ազնվականներ բերում են Ֆրիֆրիխի մարմինը՝ ծածկված անձրևանոցով։ Նրանց հետևում է լուռ, վշտից հյուծված Էլզան։ Լոհենգրինի հայտնվելով ամեն ինչ պարզվում է. Էլզան չի պահել երդումը, և ինքն այժմ պետք է լքի Բրաբանտը։ Ասպետը բացահայտում է իր ինքնությունը. նա Պարսիֆալի որդին է, որին Երկիր է ուղարկել է Սուրբ Գավաթի եղբայրությունը՝ պաշտպանելու ճնշվածներին ու հալածվածներին։ Մարդիկ պետք է հավատան Երկնքից առաքվածին։ Եթե նրանց մեջ կասկածներ ծագեն, Գավաթի ասպետի ուժն անհետանում է, և նա այլևս չի կարող մնալ Երկրի վրա։ Կրկին հայտնվում է կարապը։ Լոհենգրինը տխուր հրաժեշտ է տալիս Էլզային և Գերմանիայի համար կանխագուշակում փառահեղ գալիք։ Լոհենգրինն ազատում է կարապին, որն անհետանում է ջրերի մեջ, իսկ գետից դուրս է գալիս փոքրիկ Գոտֆրիդը՝ Էլզայի եղբայրը, որին կախարդանքով կարապ էր դարձրել Օրտրուդան։ Էլզան չի կարողանում դիմանալ Լոհենգրինից բաժանմանը և մեռնում է եղբոր ձեռքերի վրա։ Իսկ Շելդայի ալիքների վրայով սահում է մակույկը, որը քաշում է Գավաթի սպիտակ աղավնին։ Մակույկում, տխուր հակված վահանի վրա, կանգնած է Լոհենգրինը։ Ասպետն անվերադարձ լքում է Երկիրը և վերանում է դեպի իր խորհրդավոր հայրենիքը։

Երաժշտություն խմբագրել

«Լոհենգրին»-ը Վագների ամենաամբողջական ու ավարտուն օպերաներից մեկն է։ Նրանում լիարժեք ներկայացված է մի հոգևոր աշխարհ և հերոսների դժվարին փորձությունները։ Օպերայում արտահայտիչ կերպով նկարագրված է սուր և անհաշտ բախումը բարու և արդարության՝ մի կողմից, որոնք մարմնավորվում են Լոհենգրինի, Էլզայի, ժողովրդի կերպարներում, և մռայլ կերպարների միջև, որոնք են Ֆրիդրիխն ու Օրտրուդան։ Օպերայի երաժշտությունը աչքի է ընկնում հազվագյուտ բանաստեղծականությամբ, վսեմ հոգևոր քնարականությամբ։ Այն դրսևորվում է նվագախմբի կատարումներում, որտեղ ջութակների եթերային հնչյունները պատկերում են Սուրբ Գավաթի թագավորությունը՝ անհաս իղձերի երկիրը։

Առաջին արարում ազատորեն իրար հաջորդող երգչախմբային ու մեներգային տեսարանները հագեցած են չընդհատվող, այլ անընդհատ աճող դրամատիզմով։ Էլզայի պատմությունը՝ «Հիշում եմ՝ ինչպես էի աղոթում, երբ հոգիս էր խիստ տառապում», արտահայտում է երազկոտ ու հերոսուհու փխրուն ու պարզ բնավորությունը։ Լոհենգրինի ասպետական կերպարը բացահայտվում է նրա հանդիսավոր ու վսեմ հրաժեշտով կարապին. «Ետ լողա, ով իմ կարապ»։ Ապա հնչում է հնգյակի ձայնը՝ երգչախմբի հետ, որը կարծես ուշադրություն դարձած ու կատարվածի շուրջ խորհող ներկա ժողովուրդը լինի։ Արարն ավարտվում է ամբողջ նվագախմբի կատարմամբ, որի ուրախալից հրճվանքը խեղդում է Ֆրիդրիխի և Օրտրուդայի զայրացկոտ բացականչությունները։

 
Լյուդվիգ II Բավարացին՝ պատկերված որպես Լոհենգրինը։ Լուսինը ներկայացված է Ռիխարդ Վագների դեմքով, 1885 թ.:

Երկրորդ արարը հարուստ է կտրուկ հակադրվող պահերով։ Նրա սկիզբը պարուված է դավադրության ահարկու մռայլությամբ, որին հակադրվում է Էլզայի լուսավոր նկարագիրը։ Արարի երկրորդ կեսում զգացվում է արեգակնային պայծատ լույս և աշխուժություն։ Արթնացող ամրոցի կենցաղային տեսարանները, ասպետների մարտական խմբերգերը, հարսանեկան հանդիսավոր երթը ծառայում են որպես ձայնային գունեղ ֆոն Էլզայի և Օրտրուդայի դրամատիկ բախման համար։ Էլզայի փոքրիկ «Օ, թեթևաթև քամի» արիոզոն (այսինքն փոքրիկ մեներգը), ջերմանում է ուրախալի հույսով, երջանկության անհանգիստ ակնկալիքով։ Հաջորդող երկխոսությունը շեշտում է հերոսուհիների տարբերությունը։ Օրտրուդայի այն երգը, որով դիմում է նա հեթանոսական աստվածներին, աչքի է ընկնում կրքոտ ու պաթետիկ բնույթով, իսկ Էլզայի խոսքը պարուրված է սրտագին ու հոգեկան ջերմությամբ։ Օրտրուդայի ու Էլզայի՝ տաճարի մոտ տեղի ունեղող վեճի տեսարանը, երբ հնչում են Օրտրուդայի նենգ հերյուրանքները և Էլզայի ջերմ ու հուզված խոսքը, ընդլայնվում է նվագախմի ձայնակցությամբ և թողնում է տրամադրությունների մեկընդմեջ փոփոխության տպավորություն։ Այդ տրամադրության բարձրացումը հանգեցնում է հնգյակի ու երգչախմբի մի զորեղ կատարման։

Երրորդ արարը բաղկացած է երկու տեսարանից։ Առաջինն ամբողջությամբ նվիրված է Էլզայի և Լոհենգրինի հոգեբանական դրամային։ Նրա կենտրոնում սիրային զուգերգն է։ Երկրորդում մեծ տեղ են գրավում զանգվածային տեսարանները։ Նվագախմբի գեղեցիկ ընդմիջումը մարտական կանչերով, զենքերի շաչյունով ու զուլալ երգեցողություններով, բերում է մի աշխուժություն հարսանեկան արարողության մեջ։ Լոհենգրինի ու Էլզայի «Դյութիչ կրակով այրվում է նուրբ սիրտը» բառերով սկսվող երկխոսությունը դասվում է օպերայի լավագույն դրվագների շարքին. շքեղ ու ճկուն քնարական մեղեդիներն, ուշագրավ խորությամբ, հաղորդում են զգացմունքների փոփոխություն՝ երջանկության թունավորումից մինչև բախում և աղետ։ Երկրորդ տեսարանը սկսվում է նվագախմբի գունագեղ ինտերմեցցոյով, որ ձևավորվում է շեփորի հնչյուններով։ Ինտերմեցցոն ազատ ձևի ոչ մեծ երաժշտական հատված է, որ կատարվում է օպերայի տարբեր տեսարանների միջև։ Լոհենգրինի «Օտար ափերում, հեռավոր լեռնային թագավորությունում» պատմության մեջ եթերային մեղեդին պատկերում է Սուրբ Գավաթի վսեմ առաքյալի լուսավոր կերպարը։ Այդ նկարագիրը լրացնելու են գալիս «Օ, կարապ իմ» խոսքերով սկսվող դրամատիկ հրաժեշտը և տրտում ու փոթորկուն խոսքն՝ ուղղված Էլզային։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

"100 Опер", издательство "Музыка", Ленинград, 1973.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոհենգրին» հոդվածին։