Իվան Կռիլովի տուն-թանգարան

Իվան Կռիլովի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей Ивана Крылова), տուն-թանգարան Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Այս տանն ապրել է ռուս գեղանկարիչ և թատերական նկարիչ Իվան Իվանովիչ Կռիլովը։ Թանգարանը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է։

Իվան Կռիլովի տուն-թանգարան
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրվել է1979
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Կռիլովի տուն-թանգարան

Հասցեն` Ռուսաստան, Ռոստովի մարզ, Նովոչերկասկ, Բուդյոննու փողոց, տուն 54։

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Նկարիչ Իվան Իվանովիչ Կռիլովի հուշաթանգարանը բացվել է 1979 թվականի հունիսի 1-ին Նովոչերկասկի այն տանը, որտեղ նա ապրել է 1900-1936 թվականներին։ Նկարիչը ծնվել է 1860 թվականին Դոնի կազակի ընտանիքում` Ելիզովետինսկայա գյուղում։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Ավարտելով ուսումը` ապրել է Սանկտ Պետերբուրգում, Սիվերսկայա գյուղում, Մոսկվայում։ Այդ ժամանակ նա ձեռք է բերել բնապատկերի վարպետի համբավ։ «Նևայի սառույցը», «Մոսկվայի տեսարանը Վորոբյովի լեռներից» ձմեռային բնապատկերներով «Հյուսիսային շարքը» ձեռք է բերել Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչը։ Այս աշխատանքի տարբերակը ներկայումս պահվում է թանգարանում։

Կովկասում և Ղրիմում նրա կատարած ճամփորդությունների տպավորությունները արտահայտվել են «Հարավային շարքի» նկարներում։ Կռիլովի բազմաթիվ աշխատանքներ նվիրված են Դոնի երկրամասին։ Դրանցում կարելի է տեսնել Դոնի տափաստանը, գետերի վարարումները, ծաղիկներ։ Նկարչին հաճախ անվանում են «Դոնի տափաստանների երգիչ»։ Մի քանի աշխատանք նկարիչը նվիրել է Տագանրոգ քաղաքին։ Այդ նկարներն են` «Տագանրոգի ծովափը», «Տագանրոգի ծովապատնեշը», «Փարոսը գիշերով», «Տագանրոգի սանդուղքը»։

XX դարի սկզբին նկարիչը վերադարձել է Դոն, Երրորդության տաճարի դպիրից գնել տուն։ Այստեղ նա ապրել է կնոջ` Ելիզավետա Իվանովնա Կռիլովայի (Բուրխգարդտ) և դստեր` Ելիզավետա Իվանովնայի հետ։ Այն տունը, որը ներկայումս թանգարան է, կառուցվել է մոտավորապես XIX դարի երկրորդ կեսին և հանդիսանում է տիպիկ կազակական տուն։

Ապրելով այդ տանը` նկարիչը դասախոսել է Պոլիտեխնիկական ինստիտուտում, կազմակերպել է գեղարվեստական ցուցահանդեսներ։ Իվան Իվանովիչ Կռիլովը Նովոչերկասկին է կտակել իր մոտ 900 կտավները։ Թանգարանի ցուցադրությունում պատմվում է նրա կյանքի այս շրջանի մասին[1]։

Թանգարանը ցույց է տալիս միջին խավի քաղաքացիների կենցաղը. տունը բաղկացած է ծածկապատշգամբով, նախասենյակով և բնակելի մասով փայտե կցակառույցից, որն ունի 4 սենյակ։ Տանը պահվում է նկարչի կյանքի հետ կապված իրերի ավելի քան 70 տոկոսը։ Պատերին նրա նկարներն են, ինքնանկարը։

Սրահում են գտնվում նրա շախմատային սեղանը, ճոճաթոռը, պատեֆոնը, մանդոլինը։ Ճաշասենակում կարելի է տեսնել ինքնաեռը, մուրաբա պատրաստելու համար պղնձե թասը, պուլիկները և այլն։

Տնակը եղել է Նովոչերկասկի մշակութային կյանքի կենտրոնակետը։ Այստեղ եղել են գրողներ Ալեքսանդր Իվանովիչ Կուպրինը, Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչը, Կոնստանտին Անդրեևիչ Տրենյովը և այլք։ Տան հարևանությամբ կառուցված է ցուցասրահ, որտեղ վերաստեղծված է նկարչի արվեստանոցը։ Ցուցասրահում անցկացվում են Նովոչերկասկի նկարիչների քաղաքային գեղարվեստական ցուցահանդեսներ։

Նկարիչ Իվան Իվանովիչ Կռիլովի հուշաթանգարանը դաշնային նշանակության մշակութային հուշարձան է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կռիլովի տուն-թանգարան» հոդվածին։